Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ Երեւանի ընտրություններում բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները եւ հանդես գան միասնական ճակատով․ «Հրապարակ»

Մայիս 10,2023 10:20

Մեր զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

– Հայտարարեցիք, որ Երեւանի ընտրություններին պատրաստվելն այնքան էլ տեղին չէ, երբ Հայաստանի պետականությունը նման վիճակում է։ Բայց շատերն ասում են՝ ով հաղթի Երեւանի քաղաքապետի ընտրություններում, նա էլ կհաղթի հաջորդ խորհրդարանական ընտրություններում։

– Երեւանի քաղաքապետի ընտրությունները մենք պետք է դիտարկենք որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ։ Երեւանի ընտրություններում մասնակցության հետ կապված՝ պետք է լինի խոր քննարկում քաղաքական հիմնական ուժերի շրջանում, եւ իմ անձնական կարծիքն է, որ պետք է հանդես գալ միասնական ճակատով, միասնական թեկնածուով։ Ընդ որում, որեւէ մեկը չպետք է ասի` այդ թեկնածուն ես եմ, եւ վերջ․ պետք է լինեն քննարկումներ, սեղանին դրվեն բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, թե ինչի պիտի լինի այս կամ այն թեկնածուն: Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները եւ հանդես գան միասնական ճակատով։ Եթե միասնական ճակատով հանդես չգանք, ուրեմն, ես վստահաբար ասում եմ, իշխանությունները հաղթելու են։ Հենց հայտարարվեն ընտրությունները, եւ մենք տեսնենք՝ չկա միասնություն, այդ օրը մենք կարող ենք չակերտների մեջ շնորհավորել իշխանության թեկնածուին՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ թեկնածուն՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։

– Այդ քննարկումներն ընդդիմության շրջանում եղե՞լ են, թե՞ ամեն մեկն իր տարբերակն է առաջ քաշում։

– Ես քիչ առաջ ասացի, որ այսօր խոսել Երեւանի ընտրությունների մասին՝ տեղին չէ, որովհետեւ Նիկոլի Հայաստանում որեւէ մեկը վստահ չէ՝  կլինի՞ ընտրություն, թե՞ չի լինի, ե՞րբ կլինի այդ ընտրությունը։ Հենց հիմա օրենքի կոպիտ խախտմամբ Երեւանը չունի քաղաքապետ, եւ չեն հայտարարում արտահերթ ընտրություններ, բայց չենք բացառում, չէ՞, որ կարող է որոշում կայացվել, հայտարարվեն ընտրություններ, եւ բոլորիս կանգնեցնեն փաստի առջեւ, ասեն` 28 օրից ընտրություններ են։ Կարո՞ղ է նման բան լինել՝ կարող է: Մենք տեսել ենք, որ ամեն ինչ այս իշխանություններն անում են ու օրենքը մեկնաբանում են յուրովի՝ ոնց ուզում են՝ այդպես։ Բացի այդ, երկար պրոցես են քաղաքական կոնսուլտացիաները, որը պետք է արդեն սկսել։ Բայց հանրության մի մասն էլ չի հասկանում` հիմնական ընդդիմադիր ուժերը խոսում են Երեւանի ընտրությունների մասին, բայց Հայաստանը վտանգված է, Արցախը վտանգված է, Նիկոլ Փաշինյանն ուղիղ խոսում է պետականության կորստի մասին, ասում է` գիտեք, կարող է այնպես լինի, որ երկու-երեք տարի հետո պետություն չլինի, ինչ-որ անհասկանալի բաներ է խոսում։ Դրա համար պետք է հասկանալ` ե՞րբ է այդ ժամանակահատվածը, ու սկսել այդ քաղաքական կոնսուլտացիաները։

– Նիկոլ Փաշինյանն անհասկանալի բանե՞ր է խոսում, թե՞ ապագայում մեզ սպասվող սցենարներն է բացահայտում։

– Ցավոք սրտի, ինքն ինչ խոսում է, որը մենք համարում ենք անխելքության, անտրամաբանության դրսեւորում, վերջում մեկ էլ տեսնում ենք, որ դա իրողություն դարձավ, ինքն էլ ասում է՝ ես ձեզ զգուշացրել էի՝ դուք ոչ մի բան չարեցիք։ Այս մարդկանց մեկնաբանելն անհնարին է, որովհետեւ սրանք անտրամաբանական քայլեր են անում, եւ չես կարծում, որ հնարավոր է նման քայլեր իրականացնի մարդ, ով ազգությամբ հայ է, եւ ում երակներով հոսում է հայի արյուն։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031