Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պաթոս է եւ ճոռոմաբանություն»

Մայիս 10,2023 10:00

Որեւէ բան կասկածի տակ դնելը, ընդհանուր առմամբ, առողջ մտածելակերպի նշան է: Առանց քննադատական մտածողության՝ առաջընթացն անհնարին է: Բայց, ինչպես ցանկացած այլ երեւույթ, իր ծայրահեղ դրսեւորումներում «կասկածամտությունը» կորցնում է իր հիմնական առողջ միջուկը եւ դառնում է համատարած մերժողականություն: Եվ այդ դեպքում ստացվում է, որ ամեն ինչ սուտ է, չկան գաղափարներ, չկան իդեալներ, ամեն ինչ անիմաստ պաթոս է ու ճոռոմաբանություն:

«Եկեք չխոսենք Արցախը կորցնելու, Սյունիքը կորցնելու վտանգի մասին՝ այդ ամենը դատարկ խոսակցություններ են, լիրիկա է: Եկեք կենտրոնանանք երկիրը զորացնելու վրա»: (Բնականաբար, այդ երկիրը «զորացրած» առաջնորդի հմուտ ղեկավարությամբ): Շատ «ադեկվատ եւ խորը» մոտեցում է: Ըստ այդ մոտեցման, այն ամենն, ինչ գոյություն ունի հայկական հասարակական եւ քաղաքական մտքում, ընդ որում՝ ոչ միայն 35, այլեւ 150 տարի, այդ ամենը «ազգային-ազատագրական նեյնիմներ» էին, որի շղարշի տակ թալանչիները կեղեքում էին ժողովրդին:

Հետեւաբար, «ադեկվատ վերլուծությունների» համաձայն, հիմա մենք ամեն ինչ պետք է սկսենք մաքուր էջից՝ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ կառուցելով այնպիսի հարաբերություններ, որոնք այժմ ունեն, ասենք, գերմանացիներն ու ֆրանսիացիները: Ըստ այդմ, «պաթոսախեղդ անող սուտ հայրենասերները» դեմոնացնում են մեր «ազնիվ հարեւաններին»՝ պնդելով, թե նրանք ցանկանում են վերացնել հայկական պետականությունը՝ իրականում նրանց մտադրությունները իբր շատ մաքուր են՝ «պրագմատիկների» կարծիքով, Թուրքիան եւ Ադրբեջանն ուզում են մեզ հետ նորմալ հարեւանություն անել: Սա է, ահա, «ադեկվատ վերլուծությունը»: Ինչ խոսք, շատ «իրատեսական» մոտեցում է:

Դա ոչ միայն «տեսակետներից մեկն» է, դա նպատակաուղղված քարոզչություն է, որն, ի վերջո ուղղված է մեր ազգային ինքնության դեմ: Եթե հետեւողական լինենք այդ մերժողականության մեջ, ապա, թերեւս, չարժեր սկսել 1988 թվականի Շարժումը: Գուցե մեր «իրատեսները» գան եզրակացության, որ 1915 թվականին ցեղասպանություն չի եղել, որ Դադիվանքը «աղվանա-ուդիական» հուշարձան է կամ՝ որ Մեսրոպ Մաշտոցը սխալ էր գործել՝ հայոց գրերը ստեղծելով, պետք էր բավարարվել հունարենով:

…Այս տարի լրանում է իմ բուհի՝ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 100-ամյակը: Վախենամ, այդ հոբելյանը չնշվի, քանի որ կպարզվի, որ մինչեւ 2018 թվականը հայկական երաժշտություն գոյություն չուներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nimar says:

    Եթե ​​սպառնացող վտանգի մասին խոսելը կարող է վերացնել վտանգը, ապա պետք է հնարավորինս շատ խոսել։)
    Ես կասկածում եմ, որ խոսակցությունները, հայտարարություններն ու քննարկումները կօգնեն: Այն միտքը, որ մեր հարեւանների քաղաքականությունը պայմանավորված է ՀՀ ղեկավարի անձով և գործողություններով, ինձ չափազանց միամիտ և իրականությունից կտրված է թվում։
    Անցյալը տանում է դեպի ներկա, ներկան պատահական չէ։ 1988-ին ամեն ինչ այդքան լավ էր, ճիշտ և խելացի, իսկ 2020-ին «հանկարծ» վատացա՞վ:
    1988-ին մեզ օգտագործեցին, և ամենավատն այն է, որ մենք ինքներս էինք դա ուզում։ Սովետական ​​միամիտ քաղաքացիներ…
    Կեղծ զգացում ունեինք, որ թշնամիների հետ դեմ առ դեմ չենք մնա, ինչ-որ մեկը մեզ կփրկի։ Ի վերջո, մենք այնքան լավն ենք, արդար և պայքարում ենք հանուն բացարձակ և պայծառ գաղափարի։
    Այս գաղափարը, մեղմ ասած, մահացու վտանգ է մեր հարեւանների համար: Եվ սա այն դեպքը չէ, երբ մենք կարող ենք ստիպել նրանց ընդունել մեզ ձեռնտու որոշումները։ Եվ այս իրավիճակը կշարունակվի երկար տասնամյակներ, եթե հրաշք տեղի չունենա, որի վրա հույս դնելն ուղղակի հիմարություն է։ Զինված որոշակի լավատեսությամբ՝ մենք կարող ենք ընտրություն
    կատարել վատի և ավելի վատի միջև: Դա այնքան դժվար չէ, որքան թվում է: Ավելին, առկա լուծումների միջանցքը մեր կողմից ​​չէ որոշված:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Իզուր եք թերագնահատում անհատի գործոնը: 1992-ին պատերազմում բեկումը մեծապես պայմանավորված էր հենց անհատի՝ Էլչիբեյի գործոնով: Հիմա մենք ունենք մեր Էլչիբեյը: Սակայն սրան ես կանվանեի «հաջողված Էլչիբեյ»: Համաձայն եմ, ինքն իրեն չհաջողեց. Դուք ու Ձեզ պես հարյուր հազարավոր «միամիտ քաղաքացիներն» իրենց լուման ունեցան: Սակայն իրականում ի՞նչի համար էիք պայքարում. մի անձին մյուսով փոխարինելու: Այսինքն, նույնիսկ 2018-ի ձեր տխմար շարժումն էր անհատների շուրջը: Հիմա դրա հետևանքների պատճառները բարդում եք 1988-ի վրա:
      Կարդացեք Արամ Աբրահամյանի այսօրվա Առավոտում տպագրված հոդվածը՝ «Ինչու՞ է հնարավոր ժողովրդին խաբել»: Ես չեմ կարծում, թե Դուք խաբվածներից եք: Ինձ թվում է, Դուք խաբողներից եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031