Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռամրգին՝ միզուղիների վարակները կանխարգելող միջոց

Մայիս 10,2023 09:30

Միզուղիների ինֆեկցիաները կարող են ախտահարել ցանկացած մարդուն, սակայն դրանք ավելի տարածված են կանանց շրջանում՝ նրանց անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով պայմանավորված։ Միզուղիների ինֆեկցիաներ առաջացնող մանրէները հիմնականում միզուկի մեջ են ներթափանցում հաստ աղիքից կամ սեռական հարաբերության ժամանակ՝ հաճախ ախտահարելով միզուղիների տարբեր հատվածները, միզապարկը, երբեմն անգամ երիկամները։

18 տարեկանից բարձր կանանց մոտ 60 տոկոսն իր կյանքի ընթացքում ունենում է միզուղիների մեկ կամ մի քանի ինֆեկցիաներ, իսկ 30 % -ի դեպքում դրանք կրկնվում են տարեկան միջինը 2-3 անգամ։

Կանայք տասնամյակներ շարունակ լսել են, որ լոռամրգին ու դրանից ստացված մթերքներն օգնում են կանխարգելել միզուղիների ինֆեկցիաները։

Նոր՝ ընդլայնված հետազոտությունը, որը տպագրվել է Cochrane Reviews-ում, հաստատել է այդ վաղեմի խորհուրդը։
50 հետազոտություններ ամփոփող զեկույցում նշվել է, որ լոռամրգիի հավելումների կամ խտահյութի օգտագործումն ավելի քան 25%-ով նվազեցնում է միզուղիների ինֆեկցիաների ախտանշանների կրկնության հավանականությունը։ Երեխաների դեպքում լոռամրգին նվազեցնում է միզուղիների ինֆեկցիաների վտանգը 50%-ով։

«Առաջին անգամ մենք համակարծիք ենք, որ լոռամրգից ստացված մթերքները (խտահյութը, պատիճներն ու հաբերը) օգնում են որոշ խմբերի մարդկանց, մասնավորապես երեխաներին, մարդկանց, որոնք ունենում են միզուղիների կրկնվող ինֆեկցիաներ և բժշկական միջամտությունների պատճառով այդ ինֆեկցիաների նկատմամբ հակում ունեցող մարդկանց», – ասել է հետազոտության հեղինակ, Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի ավագ դասախոս Ժակլին Ստիվենսը։

Հետազոտությունների այս զեկույցը մոտ 9000 մարդ է ներառել։ «Գլոբալ տվյալների ու մանրակրկիտ ստուգման համադրությամբ մենք վստահ ենք արդյուքների վրա, անգամ եթե դրանք փոփոխվել են նախորդ տարբերակների համեմատությամբ», -ասել է Ստիվենսը։

Ինչո՞ւ հենց լոռամրգին

Հետազոտության համաձայն՝ լոռամրգին պարունակում է պրոանտոցիանիդիններ կոչվող քիմիական միացություններ, որոնք, լինելով բնական հակաբիոտիկներ, խոչընդոտում են մանրեների՝ միզուղիների պատերին կպչելը։ Լոռամրգու ընդունման առավել տարածված կողմնակի ազդեցությունը, հետազոտության համաձայն, եղել է ստամոքսի խանգարումը։

Միզուղիների վարակները կանխարգելելուց զատ լոռամրգին ունի առողջության համար մի շարք առավելություններ։

Օգտակար է սրտի առողջության համար

Մարդկանց մասնակցությամբ անցկացված մի շարք հետազոտություններ հաստատել են, որ այս հատապտուղների հյութի կամ խտահյութի կանոնավոր օգտագործումն օգտակար է սրտի առոջության համար, քանի որ նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկի մի շարք գործոնները՝ բարելավելով խոլեսթերինի մակարդակն արյան մեջ, նվազեցնելով զարկերակային ճնշումն ու հոմոցիստեին կոչվող միացության քանակը, որը վնասում է արյունատար անոթների լորձաթաղանթները։

Կարող է պաշտպանել ստամոքսի խոցից, ստամոքսի քաղցկեղից և քաղցկեղի որոշ տեսակներից ևս

Լոռամրգին բուսական միացություններ է պարունակում, որոնք կարող են նվազեցնել ստամոքսի խոցի ու քաղցկեղի զարգացման վտանգը՝ ճնշելով
Հելիկոբակտեր պիլորի կոչվող բակտերիաների աճը։
Լոռամրգին հակաօքսիդանտային, հակաբորբոքային ու հակաքաղցկեղային բուսական միացություն համարվող ուրսոլաթթվի լավագույն աղբյուրներից մեկն է, որի արդյունավետությունը նկատվել է հատկապես շագանակագեղձի քաղցկեղի դեպքում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1,2,3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031