Քաջարանի մշակույթի կենտրոնում տոնական միջոցառում է ՝ նվիրված մայիսյան եռատոնին։ Դահլիճ մտնող յուրաքանչյուր ոք ցանկանում է լուսանկարվել 101-ամյա Արշալույս Թադեւոսյանի հետ։ Արշալույս տատիկը չի զլանում, նույնիսկ լուսանկարվելիս՝ համապատասխան դիրք է ընդունում։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն են շնորհավորում Հայրենական երկրորդ աշխարհամարտին մասնակցած Արշալույս Թադեւոսյանին։
Մանվել Փարամազյանը հետաքրքրվում է իր համայնքի ամենատարեց բնակչուհու առողջությամբ։ Հանկարծ այդ պահին՝ մեկդարյա կենսագրություն ունեցող տատը նկատում է Aravot.am-ի ֆոտոխցիկը։
Կարդացեք նաև
«Նկարում են, մի րոպե այն կողմ գնա»,-ասում է նա՝ Քաջարանի համայնքապետին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորում է վետերանին, առողջություն մաղթում, իհարկե նաեւ՝ ծաղիկներ ու դրամական պարգեւ։
1942 թվականին՝ 20 տարեկան Արշալույսը մեկնում է ռազմաճակատ՝ փնտրելու ժամկետային զինծառայության մեջ գտնվող եղբորը։ Հայրն արգելում է՝ ասելով, որ աղջիկ ես, ո՞ւր ես գնում։ «Ասեցի աղջիկ եմ թե տղա՝ գնում եմ։ Մայրս ուշագնաց եղավ, հորս էլ թողի Կապանի կայարանում, նստեցի գնացք ու գնացի»,-հիշում է 101-ամյա Արշալույս տատը, որն այդպես էլ չգտավ եղբորը։ Գնդացրորդ է եղել։ «Առաջին համարի գնդրացրորդ եմ եղել։ 4 փողանի գնդացրի վրա եմ եղել։ Երեք թե չորս տարի կռվել եմ»,-հիշում է Արշալույս տատը։ Մայիսի 9-ի հաղթանակից հետո մեդալների հարուստ ավարով վերադարձել է Քաջարան։
«Մայիսի 9-ը մեզ համար նոր ծնունդ է։ Պատերազմը վատ բան է, թող խաղաղություն լինի»,-ասում է 101-ամյա Արշալույս Թադեւոսյանն ու ռուսերենով ասմունքում։
Հիշեցնենք, որ անցած տարի հուլիս 3-ին․Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մեծ շուքով նշեց Արշալույս Թադեւոսյանի ծննդյան 100 ամյակը՝ խոստանալով 101 ամյակն ավելի ճոխ նշել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ