Այսօր Ազատության հրապարակում հրավիրվել էր հանրահավաք՝ Արցախի ինքնորոշման պահանջով։
Հանրահավաքը բազմամարդ չէր։
Ելույթներ եղան, կոչ արվեց հասարակությանը միավորվել եւ թույլ չտալ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Պահեստազորի սպա Աշոտ Սարգսյանն իր ելույթում ասաց՝ պիտի վառ պահենք մեր հայրենիքի համար զոհվածների կերպարները եւ պիտի պատժենք դավաճաններին։ «Արցախը պայմանավորված խեղդում են, եւ աշխարհը տեսնում ու լռում է։ Ինչ կատարվում է Հայաստանի սահմաններին, Լաչինի միջանցքում, կազմակերպված է արվում՝ հայերին վախեցնելու եւ Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու համար, չթողնելու, այլ՝ մտցնելու, քանի որ բոլոր իրավական նորմերով Արցախը Ադրբեջանի մաս չի կազմել։ Չպիտի վախենանք, պիտի դիմանանք»,-ասաց Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ եթե ցանկություն լինի՝ միասնություն էլ կլինի․«Այս հարթակի շուրջ պիտի համահայկական դաշինք ծնվի, չգիտեմ՝ ինչ կլինի վերջնական, ես հավատում եմ այդ միասնությանը՝ եթե քաղաքական ուժերը վերջ դնեն ժողովրդին խաբելուն, եւ վերջ դնեն իրենց չցանկանալը գցել ժողովրդի վրա»։
Մանրամասները` տեսանյութում
Սարգսյանի դիտարկմամբ՝ հայրենիքի ճակատագրով մտահոգվածները դուրս չեն գալիս փողոց, քանի որ նրանց խաբել են․«Ազատամարտիկները բաժանված են խմբերի, ինչ հարցեր են լուծում, որ չեն կարում միանան, տարբեր խմբակներ, կուսակցություններ՝ нарочно ծնած, շատացրած, բազմացրած, ժողովրդին պառակտած։ Ազգովի չպիտի թույլ տանք ոչ մի պայմանագրի ստորագրում այս դավաճանների կողմից, դա խաղաղություն չի բերելու»։
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է անձամբ կամ միջնորդների միջոցով հայտարարեն, որ իրենք անձամբ չեն ձգտում եւ չեն ձգտելու իշխանության․«Սա կնպաստի ժողովրդի միասնությանը, քանի նրանք են հավակնում են ընդդիմության լիդերությանը, Նիկոլը պինդ նստած է լինելու գահին։ Նոր լիդերի հարցը կլուծվի նոր թիմի կողմից, որը կղեկավարի անցումային կառավարությունը, հետո կլինեն ընտրություններ՝ նոր օրենքների հիման վրա։ Ընդդիմությունը պիտի վայր դնի մանդատները, որպեսզի ճգնաժամ ստեղծեն եւ հնարավոր չլինի ինչ-որ թուղթ վավերացնել»։
Մանրամասները` տեսանյութում
Ելույթ ունեցավ նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որն իր ելույթում նշեց, որ մայիսի 9-ը նշում էինք որպես եռատոն․ «Իսկ այսօր Շուշին թշնամին բռնազավթել է, բայց մենք համախմբելու ենք ժողովրդին, առողջ ուժերին, վերածնելու ենք մեր հայրենասիրական ոգին, հզորացնելու ենք բանակը եւ ազատագրելու ենք Շուշին, Հադրութը եւ մեր հայրենիքի բռնազավթած մյուս տարածքները։ Այսօրվանից սկսելու ենք մեր հայրենասիրական ոգու վերելքը, համախմբելու ենք ողջ հայ ժողովրդին, առողջ ուժերին, քաղաքական, հասարակական կառույցներին, հիմնադրամներին, հայրենակցական միություններին եւ ձեւավորելու ենք մեկ համահայկական միացյալ դաշինք։ Ժամանակավոր կառավարությունը ձեւավորելու է ազգային կառավարություն, որը կնախապատրաստի արտահերթ ընտրություններ»։
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ