Լրահոս
Օրվա լրահոսը

Երբվանի՞ց Ստեփանավանի դենդրոպարկում կսկսվի սոճիների փոշոտումը (ֆոտոշարք)

Մայիս 09,2023 21:40

Լոռու մարզի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում մի քանի օրից կսկսվի սոճիների փոշոտումը։ Եվ Ստեփանավանում այս տարի եւս հազարավոր հյուրեր կլինեն ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներից: Ու չնայած նրան, որ փոշոտումը դեռ չի սկսվել, Լոռիում էլ եղանակն անձրեւային է, դենդրոպարկում զբոսաշրջիկների պակաս հիմա էլ չկա:

Դենդրոպարկ տանող նախկին քարուքանդ ճանապարհը, որը իսկական գլխացավանք էր այգի այցելող վարորդների համար, արդեն ամբողջովին հիմնանորոգված ու ասֆալտապատ է:

Դենդրոպարկ չմտած՝  առաջինը դիմավորում են հյուրերին տարածքում փոքրիկ, կոկիկ տաղավարների վրա խնամքով դասավորված յուրատեսակ մուրաբաներ, Լոռվա բնաշխարհից հավաքված խոտաբույսեր ու թեյեր վաճառող կանայք են: Ժպտերես, ջերմ ու լոռեցու հյուրընկալությամբ են ամեն զբոսաշրջիկի դիմավորում այստեղ:

Ամեն մեկը հրավիրում է իր փոքրիկ տաղավարը, ջերմ ու լոռեցու քաղցր բարբառով ներկայացնում այն ամենը, ինչ պատրաստել է սեփական ձեռքերով՝ սկսած կոնի մուրաբաներից, վերջացրած մրգային օղիներից ու հավաքած դեղաբույսերից, դե իսկ հուշանվերները իրենց կարեւոր տեղում են: Այս ամենը ներկայացնելուց առաջ կանայք այցելուներին պարտադիր հյուրասիրում են կոնի մուրաբան, իսկ եթե փորձես հրաժարվել՝ կնեղսրտեն:

Տիկին Ռուսիկոն Վրաստանից է 20 տարի առաջ հարս եկել Գյուլագարակ, արդեն մի քանի տարի է, ինչ ինքն էլ է փոքրիկ տաղավարում իր եւ ամուսնու պատրաստածները վաճառում, ասում է՝ մայիսի 18-20-ից արդեն փոշոտումը կսկսվի. «Փոշոտման սեզոնին մարդկանց հոսքը շատ շատ է, գալիս են թե՛ Հայաստանի տարբեր քաղաքներից, թե՛ այլ պետություններից, այս պահին ամենաշատը ռուսներն են այցելում, ովքեր ավելի շատ դեղաբույսեր ու թեյերի համար նախատեսված խոտաբույսեր են գնում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ռուսիկոն՝ թվարկելով այն օգտակար ազդեցությունները, որ թողնում է փոշոտումը այցելուների օրգանիզմի վրա:

Մինչ կանայք իրենց ձեռքի պատրաստածն են ներկայացնում, մոտենում են ձիավորները, որոնցից շատերը հարակից գյուղերի բնակիչներն են:

Առաջարկում են վճարովի ձիավարություն, ամեն գնով «ներկայացնում», թե ինչքան լավն են իրենց ձիերը: Նրանցից մի քանիսը տեղացի ժիր ու ճարպիկ երեխաներ են, որոնք մանկական  պարզությամբ «գովազդում» են իրենց ձիերին:

Հյուրերը խոստովանում են՝ տղաների քաղցր բարբառն ու հրապուրիչ խոսքը անտարբեր մնալ չի թողնում:

Դենդրոայգում առկա հարյուրավոր հազվագյուտ  բուսատեսակների ու ծառերի վրա հատուկ ցուցանակներով գրված են անվանումները՝ եռալեզու տարբերակով:

Դենդրոպարկի մուտքը դարձել է վճարովի: Վճարումը կատարվում է անկանխիկ՝ տարածքում տեղադրված վճարային տերմինալի կամ քարտերի միջոցով:

Այգու ամբողջ տարածքում իրարից քիչ հեռավորությամբ դրված են նոր աղբամաններ, ծխելն արգելված է, տարածքում նաեւ բիոզուգարան է տեղադրվել:

Արդեն մի քանի օր անց Լոռու ամենաշատ այցելվող վայրերից մեկում՝ «Սոճուտ» դենդրոայգում կսկսվի սոճիների փոշոտումը, զբոսաշրջիկների պակաս տարածքը չի ունենա: Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ կան հյուրանոցներ ու հյուրատներ, որտեղ այլեւս ազատ տեղեր չկան, իսկ ամրագրումները սկսվել էին դեռ մի քանի ամիս առաջ:

Էդվարդ Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031