Aravot.am-ը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին խնդրեց մանրամասնել, թե ի՞նչ ներդրումներ են սպասվում Շիրակի մարզում․ օրերս կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը հայտարարել էր, որ այս տարի սպասվում է 1 միլիարդ դրամի ներդրում։
Շիրակի մարզպետը որպես թարմ օրինակ մեջբերեց շվեյցարահայ գործարար, «Franck Muller» թանկարժեք ժամացույցների ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշի ներկայացուցիչների հետ հանդիպումը, որը վերաբերել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի հետնամասում ծննդատան նոր շենք կառուցելուն:
Դեռ հինգ տարի առաջ մեկնարկած ծննդատան շենքի շինարարական աշխատանքները դադարեցված են, Շիրակի մարզպետի տեղեկացմամբ՝ 10 օրից կվերսկսվեն։
Մուշեղ Մուրադյանը փոխանցեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն, գործարարը շենքի կտուրը պիտի կառուցի, սալիկապատի, 60-70 տոկոսը ինքը կկառուցի, մնացածը՝ պետությունը։ Թեև չի բացառվում՝ շինարարն այնպիսի որակ ցույց տա, որ պարոն Սրմաքեշը որոշի 70 տոկոսից ավելի ներդրում կատարել ու աշխատանքն ամբողջապես ավարտին հասցնել։
Կարդացեք նաև
«Մենք պատրաստ ենք շարունակել և մինչև տարեվերջ ունենալ ծննդատան շենք»,- ասաց մարզպետը։
Aravot.am-ը մարզպետին հարցրեց՝ չե՞ք պատրաստվում այդ նույն պարոն Սրմաքեշից հետ վերցնել Գյումրու «երկաթգծի հիվանդանոց»-ի (առավել հայտնի է «սև շենք» անվամբ) պատմամշակութային շենքը։
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունն է այդ շենքն ու հարակից տարածքները նվիրաբերել գործարարին այն պայմանով, որ վերջինս կարի գործարան հիմներ ու առաջին փուլում առնվազն 400 աշխատատեղ ստեղծեր՝ իհարկե, հետագայում աշխատատեղեր ավելացնելու պայմանով։
Շենքն, իհարկե, վերանորոգվեց, Վարդան Սրմաքեշի ներկայացուցիչը՝ սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին էլ այնտեղ կառուցեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկա՝ 12 մլն․դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում։
2018 թվականի դեկտեմբերի 7-ին պաշտոնապես բացելուց հետո, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարճ ժամանակ անց սկսվեցին բողոքի ցույցեր՝ կապված աշխատավարձի ու աշխատանքային պայմանների հետ, ու գործարանը փակվեց՝ ծրագիրը մնալով անկատար։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց․ «Ասեմ, որ խոսակցություն ունեցել ենք, բայց մանրամասներ չեմ ուզում ներկայացնել։
Վստահ եմ, որ պարոն Սրմաքեշը կայցելի ծննդատան շենքի շինարարությունն ավարտին հասցնելու ժամանակ, բոլորս միասին այս հարցը կբարձրաձայնենք անձամբ իրեն»։
Նշենք, որ պարոն Սրմաքեշն առանձնակի հետաքրքրություն ունի Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հուշարձան շենքերի հանդեպ։ Այս քաղաքում նրան բավականաչափ շենքեր են վաճառվել։ Այս մասին մեզ տեղեկացրել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Նախկին քաղաքագլուխը թվարկել էր, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը տեղի մի քանի գործարարների հետ քաղաքի պատմական հատվածում՝ «Կումայրի արգելոց-թանգարան»-ի տարածքում մի քանի կառույցներ է ձեռք բերել՝ հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու նպատակով։ Դրանցից մեկը Ռուսթավելի փողոցում է, երկուսը՝ Աբովյան ճեմափողոցում, որտեղ ձեռք է բերել հին ԿԳԲ-ի ու հին բաղնիքի շենքերը։
Դրանցից մի քանիսն այս պահին վերանորոգվում են։
Aravot.am-ը վերջերս էր անդրադարձել, որ բաղնիքի շենքը, որը պատկանել է Տեր-Մարտիրոսովներին ու հայտնի է եղել որպես «Ցենտրալնի բաղնիք», այս պահին վերանորոգվում է։ Ըստ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի՝ այն կծառայի որպես հանրային բաղնիք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ