Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն։
Միջոցառմանը ներկա էին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Միխայիլ Գալուզինը և Ալեքսանդր Պանկինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ և ռազմական կցորդներ, պատերազմի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի ականավոր հայ զորահրամանատարների հետնորդները։
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Դեսպանն իր խոսքում ընդգծեց երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը։
Կարդացեք նաև
Նա իր խոսքում դիմեց Հայրենական մեծ պատերազմի՝ ներկա գտնվող վետերաններին՝ նշելով, որ հենց նրանց սխրանքն էր, որ փոխեց համաշխարհային պատմության ընթացքն ու կանխորոշեց արժանապատիվ կյանք՝ բազմաթիվ սերունդների համար։ Նա նաև առանձին ընդգծեց հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ Հաղթանակի գործում։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Լիտկինը։
Մ.Գալուզինը նշել է Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի հիշատակի պահպանման կարևորությունը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ա.Ֆոմինն իր խոսքում ընդգծեց մարտական եղբայրության ավանդույթների պահպանման արդիականությունը։
Միջոցառման շրջանակներում Վ.Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։
Իր հերթին Վ.Վոլկովը Հայրենական մեծ պատերազմի վետերան Իրինա Մխիթարյանին շնորհել է «ԽՍՀՄ 100 տարի» հուշամեդալը, իսկ ՀՀ դեսպան Վ.Հարությունյանը պարգևատրվել է «Անկախ պետությունների վետերանների համագործակցություն» մեդալով։
Ընդունելությունն ուղեկցվել է դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից պատրաստած ծրագրով՝ նվիրված Մեծ հաղթանակին։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն