«Անկախ այն բանից, որ ապրում ենք դառն ու արնածոր օրեր եւ 2020 թվականին մեր ճակատին դաջված ամոթի խարանը դեռ չենք մաքրել, պետք է հաղթանակի, նվաճումների միտքը մենք վառ պահենք։ Անկախ ամեն ինչից, մայիսի 9-ը մեր համար նվիրական օր է, ու այն իրականություն դարձնելու համար այն պետք է պահել-փայփայել մյուս համանման օրերի պես»,-ասաց «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը՝ խոսելով մեր անհեթեթ ու ամոթալի իրականության եւ անհասկանալի վաղվա օրվա մասին։
«Իրականում շատ տխուր է, որ պարտությունից հետո էլ շարունակում ենք դեգերել այս խայտառակ անորոշության, անապագա իրավիճակում։ Ժողովուրդը այս ամենն զգալով պետք է իմաստանա։ Ուրիշ տարբերակ չունենք։ Մեր օրերում Հայաստանի իշխանությունը խոսում է խաղաղության մասին, բայց փաստացի անընդհատ ունենում ենք կորուստներ, պարտություններ, հայրենիքը գնալով փոքրանում է։ Այստեղ է, որ պետք է տարբերակենք տրաֆարետային հայտարարությունների եւ իրականության ակնհայտ խզումը։ Որեւէ հարեւան խաղաղությունը հենց այնպես չի նվիրելու։ Ու որ պահին ինչ հնարավորություն ունենա, խլելու եւ տանելու է։
Այսօր ցավալիորեն մենք ունենք մի իշխանություն, որն ամեն օր Աստծո լույսը բացվելիս հիշեցնում է մեզ, որ հույսն իր վրա չդնենք, որ ինքը ոչ մի հարց չի կարողանում լուծել, որ Ադրբեջանը մաքսիմալիստ է, որ մեր դաշնակիցները մեզ զենք չեն տալիս, չեն օգնում, որ ամբողջ աշխարհը վատն է, որ բոլորն այս ամենի համար պատասխանատու են բացի իրենցից։ Ու դրան սփյուռքն էլ ավելացավ։ Ամենօրյա ես մեռնում եմ, հետո հարություն եմ առնում ու այդ կարգի բաները լսելիս, մտածում ես՝ սա վերջինն էր, այսքան անհեթեթ բան էլ հնարավոր չէ ասել։ Բայց ինքը ամեն անգամ մեր բոլորի «ակնկալիքները» գերազանցում է ինքն իրեն գերեզանցելով։ Ու մեր ժողովուրդը փոխանակ օրհասական պայմաններում բուն մարտահրավերների մասին մտածի, սկսում է քննարկել այդ արտահայտությունները, համացանցում հումորներ անել։
Ըստ էության, «կիսաբաց լուսամուտները», որ միշտ քննադատում են, մեր ամենօրյա կյանքն է դարձել։ Օրը մի հիմար բան է ասվում, բոլորն սկսում են ծամել, իսկ ռեալ հողի վրա մեր հայրենիքը գնալով փոքրանում է։
Կարդացեք նաև
Մարդն ասում է՝ սա է իմ առաջարկած տարբերակը։ Եթե դեմ եք, եթե կարողանում եք, պահեք։ Իսկ եթե չեք կարողանում, ես առավելագույնս անում եմ այն, ինչ դրված է բանակցային սեղանին։ Իսկ թե բանակցային սեղանին ինչ է դրված, մի օր առավոտյան կարթնանանք ու կտեսնենք, որ դրված է մի հերթական խայտառակ փաստաթուղթ։ Այնպես որ, յուրաքանչյուրը թող որոշի․ ինքն ուզում է այդ փաստաթուղթը ծնվի, հետո ինչ-որ մի բան անի՞, թե՞ դա կանխի»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ