Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքվել է 150 հազարից ավելի ստորագրություն»․ Թագուհի Թովմասյանը՝ հանուն Արցախի ստորագրահավաքի մասին

Մայիս 09,2023 18:01

«Երեկ երեկոյի դրությամբ հավաքվել է 150 հազար ավելի ստորագրություն օնլայն և օֆլայն տարբերակով ՀՀ-ից և Արցախից»,- Մոսկվա կինոթատրոնի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հանուն Արցախի ստորագրահավաքի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա հայտնեց՝ ստորագրահավաքը շարունակվում է։ Ասաց, որ իրենք իրականացնում են յուրօրինակ հանրաքվե, և քաղաքացիներն իրենց կամքն են արտահայտում՝ կոնկրետ Արցախին աջակցություն հայտնելով։ Նա ասաց․ «Եթե մինչև հիմա մտայնություն կար, որ Արցախի հարցով ոչ մեկը չի հետաքրքրվում, և կարող է Արցախի ճակատագիրը տնօրինել ով ասես, քաղաքացիներն իրենց ստորագրություններով ապացուցում են, որ միայն հանրահավաքի եկող քաղաքացիները չեն, որ մտածում են Արցախի մասին։ Մարդիկ սիրով գալիս, ստորագրում են»։

Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ ինչքան շատ ստորագրություն հավաքենք, այնքան միջազգային ատյաններում մեր դիրքերը կամրանան և կապացուցեն, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ամենևին ընդունելի չէ հայ ժողովրդի համար։

Հարցին՝ իսկ բանակցողը հաշվի առնո՞ւմ է այս ստորագրությունները, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Մենք բանակցողի հետ բանակցությունների նստած ուժերին, երկրներին պիտի տեղեկացնենք, և ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ուղարկելու եմ աշխարհի բոլոր կենտրոններին այս ստորագրությունները և իրազեկելու, որ ՀՀ քաղաքացիների կարծիքը սա է, ոչ թե այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, որը ոչ մի պահանջ չի ներկայացնում Արցախի մասով»։

Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին, երբ Թագուհի Թովմասյանը իշխանության կազմում էր, ի՞նչ է տեսել պատերազմի օրերին, քանի որ Նիկոլ Փաշինյանը խոսում է 5-րդ շարասյան մասին, նա պատասխանեց․ «Դա կազմակերպված քաոս էր, ուրիշ կերպ բնութագրել չեմ կարող, քան այն, որ շատ լավ իմանալով, որ անօդաչուները լավ գործում են, երեխաներին լցնում էին մեքենաներ և ուղղորդում ռազմաճակատ, և նրանք դառնում էին ԱԹՍ-ների զոհ։ Սա ի՞նչ է, եթե ոչ քաոս։ Ի՞նչ է նշանակում երեխաներին թողնել առանց փամփուշտի։ Հանդիպում եմ զոհվածների ծնողներին, և այնպիսի պատմություններ են պատմում, այնպիսի սխրանքներ են գործել իրենց որդիները։ Չի կարող այդքան հզոր զինվորներ ունեցող ազգը պարտվել։ Սա նշանակում է, որ եղել է ապիկար կառավարում»։

Հարցին՝ իսկ դավաճանության մասի՞ն ինչ կասեք, Թագուհի Թովմասյանը պատասխանեց․ «Կան հարուցված քրեական գործեր։ Ցավոք, դրանք հարուցված են մի ուղղությամբ, բայց երկրորդ ուղղությամբ որևէ գործ չեմ տեսնում։ Ինչպե՞ս եղավ, որ մարդիկ հերթագրվում էին, որ իրենց տանեն ռազմաճակատ, բայց չտարան։ Նաև պետք է քրեական գործեր հարուցվեն այն գործերով, թե ինչպես էին մեր զինծառայողները տարբեր եթերներում ասում էին՝ այստեղ ենք, հրամանատար չունենք, բայց արձագանք չէին ունենում։ Սրա թիվ մեկ պատասխանատուն երկրի գլխավոր, գերագույն հրամանատարն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031