Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով մոտ օրերս Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին՝ ասաց, որ թեեւ բուն Թուրքիայում եւ արտասահմանում վերլուծաբանների մի մասը կարծիք է հայտնում, որ այս անգամ Էրդողանը ընտրություններում չի հաջողելու, սակայն ինքը միշտ ասել ու այսօր նորից ասում է, որ Էրդողանը այս խաղի մեջ գլխավոր ֆավորիտն է, քանի որ եթե ինքն իրեն չտեսներ կամ կասկած ունենար, ինչ-որ բան կաներ ու այս ընտրությունները կհետաձգեր։ Այսինքն, նա վստահ է, որ կհաղթի։
Թուրքագետի կարծիքով՝ Էրդողանին կարող էր խանգարել դժգոհությունը երկրաշարժի հետեւանքներից, սակայն դա էլ աստիճանաբար հանդարտվել է։ Իսկ երկրաշարժի զոհ դարձել են առավելապես ոչ թե թուրքերը, այլ քրդեր, արաբներ եւ հատկապես հույներ։ «Այնպես որ, եթե դրան նայենք Էրդողանի շահի տեսանկյունից, դա նրան առանձնապես մեծ վտանգ չպատճառեց, եթե չասենք՝ ավելի շատ օգուտ տվեց, որովհետեւ այդ տարածաշրջանների ժողովուրդը իր հակառակորդն է։
Սակայն հիմնական խնդիրը, որ երկրաշարժը Թուրքիայում առաջացրեց Էրդողանի համար, այն է, որ Թուրքիան ունեցավ տնտեսական խնդիր։ Այսինքն, գոյություն ունեցող տնտեսական ոչ բարենպաստ վիճակը ավելի վատթարացավ։ Եվ դրանից հետո նրա հակահայ ծրագրերը խափանվեցին։ Դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն։ Եթե մենք մեզ չենք օգնում, Աստված նորից մեզ օգնեց։ Սակայն դա չի նշանակում, թե Էրդողանը հրաժարվել է իր ծրագրերից։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Ադրբեջանն է շատ ակտիվացած Արցախի հարցում եւ Արցախի շուրջ ինչ-որ բաներ են կատարվում։ Այդ բաները մինչեւ ընտրությունների այս ժամանակաշրջանը գնալով ավելանում են։ Եվ ես դա կապում եմ Թուրքիայում ընտրությունների հետ, որովհետեւ, այնուամենայնիվ, Ալիեւին պետք է Էրդողանը, քանի որ նրանք շատ լավ համագործակցում են։ Իսկ նոր մարդու հետ լեզու գտնել, նոր տակտիկա մշակել, այնքան էլ ձեռնտու չէ»,-ասաց պարոն Լոքմագյոզյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ