Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ո՞ր երկրի քաղաքացի է մեզ ճանաչում ՀՀ իշխանությունը, եւ որպես ո՞ր երկրի քաղաքացիներ մենք պետք է վերադառնանք Հադրութ»․ Մարգարիտա Քարամյան

Մայիս 09,2023 17:31

«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

Տիկին Քարամյան, Երեւանում անցկացվեց «Ադրբեջանական ագրեսիայի հին եւ նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով։ Կուզեի անդրադառնաք փախստական դարձած արցախցիների խնդրին, ի՞նչ լուծումներ եք տեսնում այս ուղղությամբ։ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու հնարավորության մասին են խոսում իշխանությունները, դա որքանո՞վ կարող է ապահովել արցախահայերի լինելիությունը։

– Սկսեմ նրանից, որ մենք՝ Արցախից տեղահանված բնակիչներս, ի սկզբանե դեմ էինք ֆորումի նման ձեւաչափին։ Ասեմ, թե ինչու։ Ֆորումի ձեւաչափով Նախիջեւանի, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի եւ Ադրբեջանի այլ հայաբնակ շրջանների ու Հայաստանի որոշ սահմանամերձ շրջանների փախստական դարձած բնակիչներին հավաքել մեկ տեղ եւ նրանց պատմել իրենց իսկ անցած ճանապարհի մասին, անիմաստ ժամանակի, էներգիայի եւ, ինչու չէ, ֆինանսների վատնում էր։ Մարդիկ 30 տարվա ընթացքում հազիվ մոռացել էին իրենց վերքերի մասին, եւ այս ֆորումով, փաստորեն, այդ վերքերի վրա նորից աղ լցվեց՝ առանց որեւէ լուծում ներկայացնելու։

Ինչ վերաբերվում է նոր սերնդի փախստականներին՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց, ապա նրանց խնդիրների մասին խոսվեց հպանցիկ, գրեթե մեկ ելույթով, որը ներկայացրեց Հադրութի ներկայացուցիչ Լիանա Պետրոսյանը։

Բայց սկսենք հերթով եւ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում, որը 30 տարի շարունակ ընդունում է Ադրբեջանից եւ Արցախի Հանրապետությունից փախստականներ, այսինքն՝ մարդկանց, որոնք մազապուրծ լքել են իրենց տները, փրկվելով ցեղասպանությունից, չկա պետական մարմին, որը պետք է զբաղվի այդ մարդկանց իրավա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով։ Մի ժամանակ գործում էր Միգրացիայի եւ փախստականների գործերի վարչություն, որը, սակայն, դադարեց զբաղվել փախստականների խնդիրներով․ 2006 թվականից այն վերանվանվեց ուղղակի Միգրացիոն ծառայություն։

Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերից փախստական դարձած մարդիկ ժամանակին ստացել են փախստականի կարգավիճակ։ Սակայն դա ոչինչ չտվեց տուն, տեղ, բնակավայր, բնակարան, աշխատանք կորցրած մարդկանց։ Հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում՝ նրանք չստացան որեւէ փոխհատուցում, չնայած, որ ՄԱԿ-ի կոնվենցիաների համաձայն՝ փախստականներն իրենց հայտնված պետությունում ստանում են տվյալ պետության քաղաքացիների բոլոր իրավունքները, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակություն։ Անցած 30 տարիների ընթացքում միջազգային ատյաններում՝ ներառյալ ՄԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չի բարձրացվել մեր երկրի տարածքում փախստականների առկայության խնդիրը։

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի վավերացրել Հռոմի ստատուտը, փախստականները հնարավորություն չեն ունեցել իրենց խնդիրները հասցնել Միջազգային դատական ատյաններ եւ փոխհատուցում պահանջել Ադրբեջանից։

Ինչ վերաբերվում է Արցախից տեղահանված եւ փաստացի փախստականի իրավիճակում հայտնված 30 հազարից ավել քաղաքացիներին, ապա նրանք նույնիսկ կարգավիճակ չունեն։ Մենք ոչ կարողանում ենք փախստական համարվել, քանի որ ունենք ՀՀ անձնագիր, ոչ էլ ներքին տեղահանվածի կարգավիճակ ունենալ, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ չկա նման կետ։ Հայկական անձնագիրը մեզ չի տալիս ոչ քաղաքացիություն, ոչ ՀՀ քաղաքացու լիիրավ իրավունքներ։ Խոսել փոխհատուցման մասին անիմաստ է, քանի որ մենք կանգնած ենք ՀՀ կառավարության հետ կապված նույն խնդիրների առջեւ, ինչ 30 տարի առաջ փախստական դարձած ադրբեջանահայերը։ Մեր վիճակն ավելի ծանր է, քանի որ ՀՀ իշխանությունները մեզ չեն պատասխանում, թե ո՞ր երկրի քաղաքացի են մեզ համարում, երբ խոսում են մեր հայրենիք վերադարձի մասին։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց«Մեր կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել։ 2019 թվականին մենք Ադրբեջանից փախստական դարձած անձանց համար բնակարանային ծրագիր իրականացրեցինք։ Եվ գուցե ճիշտ կլինի, որ մենք առաջիկայում աշխատանքային մի հանդիպում կազմակերպենք եւ ավելի մանրամասն քննարկենք այդ հարցը, հասկանանք, թե ակնկալիքները պետությունից ինչպիսին են»։ Պետությունից ձեր ակնկալիքները որո՞նք են։

– Սկսենք նրանից, որ ՀՀ-ն որպես պետություն, չի ունեցել եւ չունի փախստականների վերաբերյալ պետական ռազմավարություն։ Այսօր խոսել 30 տարի առաջ փախստական դարձած մարդկանց բնակարանային խնդիրների լուծումից, նշանակում է, որ մեր երկրում փախստականների խնդիրը գործոն չէր եւ այսօր էլ չէ պետության արտաքին քաղաքականության մեջ։ Ես միշտ ասում եմ, հիմա նորից կկրկնեմ․ չկա մի երկիր, որը 30 տարի շարունակ ընդունում էր ազգակից-փախստականների եւ այդ փաստը չէր օգտագործում Ադրբեջանի դեմ պահանջներ ներկայացնելու համար։ Եթե փախստականների խնդիրը գործոն լիներ Հայաստանի բոլոր իշխանությունների համար, այսօր Ադրբեջան պետություն գոյություն չէր ունենա։ Այդ երկիրը վաղուց արդեն ճանաչված կլիներ ահաբեկչական, ֆաշիստական պետություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Բայց ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունն այսօր էլ չեն կարողանում այդ գերկարեւոր խնդիրը քաղաքականության առանցք դարձնել։

Էլ չեմ խոսում այն մասին, որ մենք արդեն 2,5 տարի է՝ շփվում ենք միջազգային հանրության տարբեր մակարդակի ներկայացուցիչների հետ, եւ բոլորը միաձայն ասում են․ «Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում այդ խնդիրները միջազգային կառույցներում»։

Միայն անցած տարվա դեկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ներկայացուցիչը ՄԱԿ դատարանում բարձրացրեց Բերձորի միջանցքի բլոկադայի մասին, եւ մենք տեսանք, որ դատարանը որոշում կայացրեց՝ միջանցքի անհապաղ բացելու վերաբերյալ։ Շատերը կասեն՝ բայց ի՞նչ օգուտ, որ Ադրբեջանը չի կատարում նույնիսկ նման բարձր ատյանի որոշումը։ Ես կպատասխանեմ՝ նա չի կատարում այսօր, բայց մենք պետք է պատրաստվենք վաղվան, իսկ վաղվա աշխարհը այսօրվանը չի լինելու։ Մենք պետք է քրտնաջան աշխատենք, այն, ինչը չենք արել անցած անկախության տարիներին։

Մայիսի 3-5-ին Երեւանում կայացել է ամերիկահայ իրավաբանների կողմից ստեղծված «Ճշմարտության եւ արդարության կենտրոն» կազմակերպության երկրորդ կոնֆերանսը։ Ես արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այդ կոնֆերանսին, որի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան են ժամանում աշխարհահռչակ իրավապաշտպաններ, միջազգայնագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, կոնֆլիկտաբաններ, որոնք կիսվում են մեզ հետ իրենց անգնահատելի գիտելիքներով եւ ահռելի փորձով, քանի որ ուսումնասիրել են աշխարհի բոլոր հակամարտությունները, միջազգային դատարաններում ներկայացրել են փախստականների, տուժածների, բռնության ենթարկված մարդկանց խնդիրները։ Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացմունքներ եմ ապրում արդեն երկրորդ անգամ, երբ բազմաթիվ դիպլոմներ, կոչումներ, ահռելի աշխատանքային անցյալ ունեցող մարդիկ ինչքան պարզ են մեզ հետ, ինչքան պատրաստակամ՝ օգնել մեզ, որպեսզի կարողանանք բարձրացնել մեր խնդիրները միջազգային ասպարեզում։ Եվ մեծ ցավով եմ միշտ մտածում, որ մեր սեփական երկրում 2,5 տարվա ընթացքում մենք հնարավորություն չունեցանք հանդիպել ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, այդ թվում նաեւ ընդդիմադիրների հետ (բացի մի երկու հանդիպումից, այն էլ Սոցապ նախարարության ներկայացուցիչների հետ)։

Ես ցավով եմ նշում, որ Հայաստանի շատ քիչ լրատվամիջոցներ են լուսաբանում Արցախից տեղահանված բնակիչների խնդիրները, բացառությամբ սոցիալական նյութերի, որոնք պատմում են միայն հումանիտար խնդիրների մասին։ Բայց չէ՞ որ մեր խնդիրների սպեկտրը շատ լայն է ու կարեւոր հենց պետական մակարդակում լուծելու համար, ինչը պետք է որ օգտակար լինի հենց պետությանը։ Փոխարենը մեր խնդիրներով եւ ընդհանրապես մեր հակամարտությամբ շատ են հետաքրքրվում օտարերկրյա լրագրողները։

Մենք ՀՀ եւ ԱՀ կառավարություններից ակնկալում ենք, որ պետք է ստեղծվեն պետական մարմիններ մեր երկու հայկական պետություններում, որոնք լրջորեն կզբաղվեն փախստականների խնդիրներով։ Եթե այդ մարմինը մոտակա ժամանակներում չստեղծվի, ուրեմն ցանկացած խոսք լոկ խոսք է։ Եթե ստեղծվի իմ նշած մարմինը, մենք ունենք պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք կարող են փախստականների խնդիրը դարձնել պետական ռազմավարություն եւ օգնել մեր երկրին դուրս գալ այս ծանր վիճակից։ Այլ կերպ մենք հնարավորություն չունենք մեր ձայնը հասցնել միջազգային ատյաններ, մենք կարող ենք դիմել միայն մեր պետական մարմիններին, որոնք էլ մեր անունից հանդես կգան միջազգային ասպարեզում։

-Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված է փախստականների վերադարձ, բայց հայ փախստականների վերադարձի գործընթաց տեղի չի ունեցել, ինչպե՞ս եք գնահատում սա։ Կոնկրետ հադրութցիների վերադարձի համար ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վաղուց արդեն աղբաման է նետված նույն այդ թղթի կտորն ստորագրած Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից։ Այդ պայմանավորվածության գրեթե բոլոր դրույթները խախտված են իմ նշած երկու երկրների կողմից։ Եվ այսօր խոսել այն մասին, որ սույն թղթով Հադրութի եւ Շուշիի եւ այլ շրջանների բնակիչների վերադարձը տեղի չի ունեցել, առնվազն քմծիծաղ է առաջացնում։

Ես նորից կրկնեմ իմ հարցը՝ ո՞ր երկրի քաղաքացի է մեզ ճանաչում ՀՀ իշխանությունը, եւ վերադարձի դեպքում որպես ո՞ր երկրի քաղաքացիներ մենք պետք է վերադառնանք Հադրութ։ Ըստ երեւույթին ՀՀ իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեզ համարում են մեր հարեւան երկրի փոքրամասնություն, այսինքն, ոչ թե ուզում են լուծել մեր վերադարձի խնդիրը, այլ վերադարձնել մեզ՝ լրացնելու բանտարկված արցախցիների շարքերը։ Բայց նույնիսկ այս դեպքում կառավարությունը չունի ռազմավարություն՝ ի՞նչ տարբերակով մենք պետք է վերադառնանք, ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը, ինչպե՞ս են լուծվելու մեր սոցիալական եւ հումանիտար խնդիրները։ Շատ հեշտ է օդում բառեր արձակել եւ զբաղեցնել մարդկանց անորոշ բառերով։ Կրկնում եմ՝ մեր խնդիրներով պետք է զբաղվի պետական մարմինը։

Որպես ինֆորմացիա ասեմ, որ Ադրբեջանը 10 տարվա ընթացքում ստեղծել է 3 ինստիտուտ, ամեն մեկում՝ 60 աշխատակից, որոնք զբաղվում են զուտ փախստականների խնդիրներով։ Ասեմ նաեւ, որ Ադրբեջանը չունի փախստականներ, այդ բոլոր տեղահանված մարդիկ տեղափոխվել են այլ բնակավայր պատերազմի հետեւանքով, եւ, ի տարբերություն հայերի, նրանց չեն ենթարկել ցեղասպանության ու էթնիկ զտման: Բայց այդ մարմինների աշխատանքի շնորհիվ իրենք կարողացել են միջազգային ասպարեզում ներկայացնել «Արեւմտյան Ադրբեջանի» կոնցեպտը եւ, ցավոք սրտի, հաջողությամբ իրականացնում են՝ Հայաստանին դնելով անելանելի վիճակի մեջ։

Ցավով եմ ասում, բայց մեր երկրում ամեն ինչ արվում է post factum, այսինքն, չունենալով պետական ռազմավարություն, ամեն ինչ արվում է իրավիճակային, ինչը չի կարող արդյունք բերել։ Հիմա, երբ խոսվում է տեղահանվածների վերադարձի մասին, անլուրջ է, ուղղակի հերթական պոպուլիստական հայտարարություններն են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031