Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, պատժի մեխանիզմները պետք է լինեն ավելի խիստ, այո՛, մենք պետք է անենք ցավալի քայլեր, մենք չենք կարող հաղթել դրսի թշնամուն, եթե ներսում այդ ուժը չունենանք. Ռուբեն Վարդանյան

Մայիս 09,2023 16:57

Ճգնաժամը շատ մեծ վտանգ է, բայց ճգնաժամը նաև մեծ հնարավորություն է: Երևի այս ճգնաժամը մեզ հնարավորություն է տալիս մաքրվելու, հասկանալու մեր սխալները, փոխվելու: Այս ճգնաժամն է մեզ հնարավորություն տալու 30 տարում կուտակված մեր սխալները դնել մի կողմ, սկսել նոր կյանք՝ նոր ձևով, նոր մոտեցումով, արդար, թափանցիկ: Երբ մեր պետությունն ու ժողովուրդը զգում են իրենց հանդեպ հավատը ու միասին են կառուցում անվտանգությունը: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Ես շատ ուրախ եմ ներկայացնել ձեզ այսօր այն աշխատանքը, որ արել ենք վերջին երեք ամսում: «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպած հանրահավաքում ունեցած ելույթում հայտարարեց «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ինչպիսին ենք տեսնում ապագա Արցախը» թեմայով քննարկմանը մասնակցել են չորս կուսակցությունների ղեկավարները, մասնակցել են, և՛ երիտասարդ, և՛ տարիքով մարդիկ, և՛ սփյուռքից, և՛ այստեղի հայերը, կանայք, երիտասարդները: Սա շատ կարևոր է: Մենք ունենք այդ տեսլականը, մենք ունենք ճանապարհային քարտեզը: Մենք ունենք քայլերի, նպատակների կոնկրետ ցուցակը: Մենք այն փոխանցել ենք և նախագահին, և Ազգային ժողովի ղեկավարին, և բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստ են վերցնել ու առաջ գնալ այդ ծրագրերով: Մենք ձեր կողքին կլինենք, կարող ենք միասին իրագործել դրանք: Բայց ուզում եմ ասել, եթե անգամ դուք չանեք, մենք դա կանենք միևնույն է: Ուրիշ ճանապարհ չկա»,-շեշտեց նա:

Ռուբեն Վարդանյանը նշեց, թեպետ ճանապարհը շատ ծանր է և շատ խնդիրներ կան, բայց այսօր պետք է խոսքից անցնել գործի։

«Ի՞նչ է նշանակում Հայրենական պատերազմ։ Հայրենական պատերազմ նշանակում է՝ մենք բոլորս զինվոր ենք, ոչ թե միայն բանակը, ու այս իրողությունը պետք է ընդունենք բոլորս։ Այստեղ պետք է ստեղծվի իսկական ռազմական իրավիճակ, մենք պետք է հասկանանք, որ այլ տարբերակ չկա, մենք պետք է հասկանանք, որ մեր կենսաձևը պետք է լինի ավելի կտրուկ, ավելի խիստ։ Այո՛, պատժի մեխանիզմները պետք է լինեն ավելի խիստ, այո՛, ինչ-որ օրենքների սահմանափակումներ ունենանք, մենք պետք է անենք ցավալի քայլեր, բայց ուրիշ ճանապարհ չկա, մենք չենք կարող հաղթել դրսի թշնամուն, եթե ներսում այդ ուժը չունենանք։

Մենք պետք է անպայման շփվենք ժողովրդի հետ։ Ես չեմ ընդունում, որ մենք ուղղակի հայտարարություններ ենք անում, մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնց մասին ժողովուրդը չգիտի։ Ես գիտեմ, որ բանակում շատ գործ է արվում, գործեր արվում են նաև այլ ուղղություններով, բայց մարդիկ տեղեկացված չեն։ Երբ ես այցելում եմ համայնքներ, մարդիկ ասում են՝ ոչ մի բան չկա, ամեն ինչ շատ վատ է։ Իրականում դա այդպես չէ, պարզապես ժողովրդի հետ շփումն է քիչ։ Մենք պետք է սովորենք, որ ժողովրդին պետք է տեղեկացնել այն ամենի մասին, ինչ արվում է։ Միակ ճանապարհը համախմբվածության մեջ է»,-ասաց Ռուբեն Վարդանյանը և դիմեց երկրի ղեկավարներին,-«Այդ պատճառով, ղեկավարնե՛ր, դուք պետք է արժանապատիվ լինեք մեր ժողովրդի համար, մարդիկ պետք է ձեզ հավատան ու հարգեն։ Դա շատ կարևոր է։ Պայքարն Արցախի համար ոչ միայն մարտական քայլեր են, դա նաև մարդկային կեցվածքն է, հավատարմություն՝ սկզբունքներին, համընդհանուր նպատակն անձնականից վեր դասելու կարողությունը։ Այսօր ձեզ հետ մենք կերտում ենք պատմությունը, պատմության մեջ մենք ենք հիշվելու, մենք ենք մնալու, ոչ թե վախկոտներն ու կոռումպացվածները, անտարբերները։ Մենք ենք մնալու որպես մարդիկ, որոնք կանգնել և պաշտպանել են հայ լինելու արժանապատվությունը։ Ես վստահ եմ, որ դա լինելու է այս տարիների մեր ամենակարևոր էջը»:

Այնուհետև նա հանրահավաքի մասնակիցների հետ կիսվեց անձնական մի պատմությամբ, որն իր կյանքում մեծ դեր է խաղացել։

«Մայրիկիս հայրը՝ պապս, որը մասնակցել է պատերազմին, անցել է ամբողջ չորս տարին, պատերազմի ավարտին եղել է Վիեննայում։ Պատերազմից վերադառնալուց հետո՝ 1971թ․ մահացել է։ Ես երեք տարեկան էի, իրեն համարյա չեմ հիշում։ Պապս Թիֆլիսից էր, կիսով չափ հայ էր, կիսով չափ վրացի, Մելիք-Մինասյանների տոհմից էր: Բանակից վերադառնալուց, ես 1987թ․ Թիֆլիսում էի, հանդիպեցինք ընկերներով, մի լավ խմեցինք, հետո այնպիսի բան արեցինք, որը կարող էր շատ վատ վերջանալ։ Մեզ հետ կային նաև այլազգիներ։ Նրանցից մեկը հարցրեց՝ ովքեր են նախնիներս, ասացի պապիս անունը։ Այդ մարդը վեր կացավ և ասաց՝ դու այնպիսի պապ ես ունեցել, որ այս հարցը համարում ենք փակված։ Դեպքը տեղի էր ունեցել պապիս մահից 17 տարի անց։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ արժանապատվությունը ոչ միայն քեզ է պետք, այլ նաև զավակներիդ ու թոռներիդ։

Հաղթանակի օրը 89-րդ թամանյանական դիվիզիայի տղաները Ռեյխստագում քոչարի պարեցին։ Խնդրում եմ, կանգնե՛ք կողք-կողքի, ուս-ուսի տվե՛ք։ Եկեք զգանք, որ մենք մի պատ ենք, միասնական ենք։ Խնդրում եմ, մեկ րոպե կանգնեք այդպես, զգացեք, որ մենք ուժ ենք միասին։ Ես վստահ եմ, որ մենք այնպիսի պատ ենք, որ ոչ մեկը չի կարող մեզ հաղթահարել։ Արցախը հաղթելու է բոլոր դժվարությունները, մենք արցախցիներ ենք, մենք պատ ենք»,-եզրափակեց Ռուբեն Վարդանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031