Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա մի երկրում 5-րդ շարասյուն, իրավապահ համակարգն ի՞նչ է անում»․ Արթուր Վանեցյան

Մայիս 09,2023 16:45

«Գիտեք՝ արդեն անգամ անիմաստ եմ համարում մեկնաբանել այն անհեթեթությունները, որ արտահայտում են այս իշխանությունները։ Խոսում են հինգերորդ շարասյան մասին։ Շուրջ երեք տարի անցել է պատերազմից, մինչ օրս մեղավորներ են ման գալիս»,- Մոսկվա կինոթատրոնի բակում, միանալով հանուն Արցախի ստորագրահավաքին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողների հիշեցմանը, թե ժամանակին իրեն էին մեղադրում Շուշին հանձնելու մեջ։

Մոսկվա կինոթատրոնի բակում Հանուն Արցախի ստորագրահավաքի ընթացքում ցուցադրվեցին Շուշիի գորգերի թանգարանի և Արցախկարպետի գորգերը։

Լրագրողները Արթուր Վանեցյանին հիշեցրին, որ այս իշխանությունները նաև իրեն էին մեղադրում Շուշին հանձնելու մեջ, նա արձագանքեց․ «Ինչ-որ փուլում փորձեցին նաև ասել, թե Շուշիի հանձնման մեղավորներից մեկն էլ ես եմ։ Ասում էին՝ պետք է նստի, դատվի։ Երեք տարի անցել է, տեսնում եք, որ որևէ բան չկա»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արգիշտի Քյարամյանի 5-րդ շարասյան մասին հայտարարությունների առիթով էլ նշեց․ «Եթե կա մի երկրում 5-րդ շարասյուն, իրավապահ համակարգն ի՞նչ է անում։ Երեք տարին մեծ ժամանակ է, որ այսպես կոչված հինգերորդ շարասյունը բացահայտվի։ Այդ տերմինը մտցրել են շրջանառության մեջ այն դեպքում, երբ հանրության մեծ հատված չգիտի՝ դա ի՞նչ է, ո՞վ է այդ շարասյունը։ Դա անում են հանրությանը մոլորեցնելու համար։ Այս խայտառակ պատերազմի, պարտության ամենամեծ մեղավորները գործող իշխանություններն են նրանք անպայման դրա համար պիտի պատասխան տան»։

Նա հիշեցրեց՝ պատերազմի ավարտից հետո ասել է, որ պետք է լինի քրեական գործ, որի ընթացքում պարզվեր պատերազմի սկսման, ընթացքի և արդյունքների հանգամանքները. «Բայց այս իշխանության օրոք նման քրեական գործ լինել չի կարող, չեն կարող իրենք իրենց դատել։ Կարող են մեղադրել բոլորին։ Տեսնում ենք՝ մեղավոր են բոլորը, անգամ սփյուռքում բնակվողները, բայց ոչ իրենք։ Երկրի պաշպանության պատասխանատուն իրենք են եղել, իրենք էլ պատասխանատու են»։

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը որակեց որպես կառուցողական, այս առիթով ասաց․ «Խորհրդարանն ինձ համար դադարել է լինել այն տեղը, որտեղ կարող են արդյունավետ գործել այս իշխանությունների դեմ։ 300 հազար պայմանական ընդդիմադիր քաղաքացիները մեզ ձայն չեն տվել, որ մենք գնանք ու քննարկենք իշխող ուժի հետ ինչ-որ հարցեր։ Մեզ մանդատ են տվել մի բանի համար, որ քշենք այս իշխանություններին»։

Արթուր Վանեցյանն ասաց, որ պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի այս իշխանություններին հեռացնելուն։

Նա չի հավատում, որ այս փուլում հնարավոր է որևէ փաստաթուղթ ստորագրի Նիկոլ Փաշինյանը․ «Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ իր իշխանությունը պահելու համար։ Թուղթ ստորագրելուց կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց, և իր իշխանությանը վտանգ կսպառնա։ Ուստի Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց փաստաթուղթ ստորագրելու իրականացնում է Ադրբեջանի պահանջները։ Տեղ գյուղը ձեզ օրինակ»։

Արթուր Վանեցյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմության հետ տարաձայնություններ չունի, նրանք իր ընկերներն են, բայց մանդատ դնելը ճիշտ էր։

Հարցին՝ «Հայրենիքը» ի՞նչ մտադրություն ունի Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված, նա պատասխանեց․ «Այս փուլում խոսել Երևանի ընտրության մասին տեղին չէ։ Նիկոլի Հայաստանում, երբ չգիտենք՝ ինչ վիճակ է լինելու վաղը կամ այսօր, սկսենք խոսել ՏԻՄ ընտրությունների մասին, տեղին չէ։ Մենք այսօր կանգնած ենք լրջագույն խնդրի առաջ, ամեն օր կորցնում ենք ՀՀ սուվերեն տարածքներից, հաճախ զոհեր ենք ունենում, մեր 120 հազար հայրենակիցներ գտնվում են Արցախում շրջափակման մեջ, մենք այսօր խոսենք Երևանի ավագանու ընտրությունների մասի՞ն։ Դա լուրջ չեմ համարում»։

Հարցին՝ ի վերջո ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին, ո՞վ է մեղավոր, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ես ԱԱԾ աշխատակից եմ եղել, կատարել եմ իմ գործառույթները, ես որևէ մասնակցություն այդ հեղափոխությանը, հեղաշրջմանը չեմ ունեցել։ Իսկ ով է մեղավոր, թող յուրաքանչյուրն ինքն իր մեջ ման գա։ Արդեն մոդայիկ չէ ասել, որ մենք եղել ենք փողոցում և պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, աջակցել ենք Նիկոլ Փաշինյանին։ Բա ովքե՞ր էին այդ ժամանակ փողոցում։ Հիմա ում հարցնում ես, ասում են՝ մենք չենք եղել։ Բա ո՞վ է եղել, բա ո՞ւր են այդ մարդիկ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բայց այդ մարդիկ՝ երեւնալու, իրենք զիրենք հանրային կերպով յայտնելու, կարիքը չունեն:
    Պարզապէս, կը քուէարկեն: Ըստ Օրէնքի՝ անանուն, փակ քուէարկութեամբ:

    Բայց գոնէ լաւ գիտենք որ դուն՝ ինչպէս ծառայեցիր Փաշինյանին: Ի միջի այլոց, երկու տարի բանտը նստեցնելով Քոչարյանը: Բայց անշուշտ ոչ մի օր՝ Սարգսյանը:

    Եւ դու ես դեռ «Պատիւ Ունեմ» ասողը, հա՞… Անամօթ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031