Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ասել էի, որ անդունդն ենք ընկնելու, Արցախն ենք հանձնելու. Գագիկ Ծառուկյան

Մայիս 09,2023 16:18

«Տարբեր առաջարկներ են եղել, որ էս օրով սիրտ չկա, հոգի չկա, որ մայիսյան հաղթանակի օրը նշենք, բայց մենք չենք կարող մոռանալ մեր հայրենակիցների, մեր պապերի տարած հաղթանակները, որոնք պատմական են: Եվ այդպիսի հաղթանակներ շատ կան ու կլինեն»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով. «Ցանկացած ժողովուրդ ունենում է տապալումներ, դրան էլ պետք է պատրաստ լինել, ոչ թե ձեռքերը ծալած նստել ու սգալ, որովհետեւ աշխատող, պայքարող ժողովուրդ ենք, ունենք փայլուն երիտասարդություն՝ բոլոր բնագավառներում՝ արվեստ, մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ… Մասնակցում են միջազգային մրցույթների ու միշտ հաղթող են լինում, դա նշանակում է, որ մենք հաղթող ժողովուրդ ենք, միայն պետք է կարողանանք մեր սխալներն ու բացթողումներն ուղղել եւ դա ապացուցել ամբողջ աշխարհին: Մի քսան օրվա մեջ տեղի ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի, ծանրամարտի առաջնություն, եւ մեր երիտասարդները ջանք ու եռանդ չխնայեցին ու դարձան առաջինը: 10 մեդալ էր, 10-ից 4-ը՝ ոսկի, 3-ն արծաթ, 3-ը բրոնզ, կամ բռնցքամարտը 13 մեդալ ստացան»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ժողովրդին համերաշխությունն է պակասում. «Երբ եղավ համերաշխություն, ամեն ինչ իր տեղը կընկնի, այդ ժամանակ կլինի ազգի վերելքը… Ինչ վերաբերվում է Արցախի ժողովրդին, ուզում եմ շնորհավորել իրենց: Արցախի ժողովուրդը մեզ բազմաթիվ հաղթանակներ է պարգեւել, փոքր Արցախը մասնակցություն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարին, գեներալներ, մարշալներ, հերոսներ է տվել: Շրջափակման մեջ գտնվելով իրենք այսօր իրավունք ունեն բարոյապես պահանջելու միջազգային հանրությունից իրենց աջակցել ու պաշտպանել»:

Հարցին՝ այս իշխանությունների օրոք հնարավո՞ր է մեջք ուղղել, Արցախի ժողովրդի ապաշրջափակման եւ վերածննդի ականատեսը լինել, ԲՀԿ առաջնորդն այսպես պատասխանեց. «Այս իշխանության մասին ես ասել եմ դեռ 2020 թվականի հունիսի 5-ին, ասել եմ՝ մեզ ինչ է սպասվում, ասել էի, որ անդունդն ենք ընկնելու, Արցախն ենք հանձնելու, լինելու է պահ, որ Ղարաբաղում սով է լինելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031