Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սեղանին կա փաստաթուղթ, եւ ցանկության դեպքում ընդդիմադիրները կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը։
«Նախկինում էլ եղել են դեպքեր, որ եթե պատգամավորները ցանկություն ունեն, գնան ծանոթանան։ Բայց մի մարդ, որն ամեն ինչ անում է թաքուն․․․ Ես վստահ չեմ, որ այն թուղթը, որը ցույց է տալու, դրանից բացի այլ թղթեր չկան։ Ինքը նաեւ ասում է՝ եկեք հանդիպենք, խոսենք։ Ինչի՞ց խոսենք, ես պատերազմի ժամանակ 5 անգամ խոսել եմ իր հետ։ Իր հետ ցանկացած հանդիպում ինքը մանիպուլացնում է, եւ այդ մանիպուլյացիան չի ծառայում երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն, այլ դա օգտագործելու է ընդամենն իր անձնական PR-ի համար։ Եվ իր տերերին փորձելու է զեկուցել, որ, տեսեք, մենք ընդդիմության հետ ձեր ասած կառուցողական շփումներն ունենք։ Չի կարող նման բան լինել, որովհետեւ ինքն այլ ճանապարհով է գնում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ