Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է ՀՀ կառավարության ղեկավարը եւ նա կարող է ասել, թե ինչ պայմաններում է այն խախտվել»․ Սեյրան Օհանյան

Մայիս 09,2023 15:57

Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ իշխանությունների այն հայտարարություններին, թե նախկին իշխանությունների օրոք ազատագրված տարածքները չեն բնակեցվել։ «Նախկին ժամանակահատվածում, հայ ժողովրդի այս նորագույն պատմության ընթացքում մենք ձեռք ենք բերել անկախություն եւ նաեւ ձեռք ենք բերել Արցախի անկախությունը, պատերազմում տարել ենք հաղթանակ, եւ Հայաստանն ու Արցախը կուռ ինտեգրված, միասնական ապահովել են իրենց զարգացումը։ Իհարկե, նաեւ եղել են թերություններ, այդ թվում՝ ձեր ասած բոլոր հարցերը։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք պայքարել եւ Հայաստանի, եւ Արցախի անկախության համար։ Դա չի նշանակում, որ ամեն ինչ չի արվել, որպեսզի բանակցային գործընթացն առաջ մղվի։ Այդ 27 տարիների ընթացքում բանակցային մի ամբողջ ներուժ է ձեռք բերվել, որը որքան էլ այսօրվա իշխանությունները կամ նրանց կողմնակիցները փորձեն քննադատել, այնուամենայնիվ բանակցային գործընթացն ընթացել է, եւ դրա կենտրոնում Արցախի անկախությունն է եղել։ Իսկ զարգացնել, ինտեգրված կառույց ստեղծել, ամբողջությամբ բնակեցնել այն տարածքները, որոնք բնակեցված են եղել, գիտեք, որ մեկ օրվա պատմություն չէ եւ այնքան էլ դյուրին հարց չէ»,- ասաց նա։

Ըստ Օհանյանի՝ այս պատերազմում կրած պարտության հիմնական պատճառն այն է եղել, որ բանակցային գործընթացը տապալվեց, երկիրը մտավ պատերազմի մեջ, պատերազմի ընթացքում ոչ մի բան չարվեց՝ պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու, բանակին աջակցելու ու բանակի թիկունքն ապահովելու համար։

Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե ինչո՞ւ այս 4 ամիսներին ընդդիմությունը քայլեր չի ձեռնարկում Արցախի ապաշրջափակման համար, ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է ՀՀ կառավարության ղեկավարը։ «Եվ նա կարող է ասել, թե ինչ պայմաններում են խախտվել այդ հայտարարության տարբեր կետերը։ Եթե կան տարբեր բանավոր պայմանավորվածություններ, օրինակ, ճանապարհների կառուցման հարցով, եթե եղել է բանավոր պայմանավորվածություն, թող այսօրվա իշխանությունները պատասխանեն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայաստանյան եւ արցախյան հատվածում այդ ճանապարհը չի կառուցվել։ Ինչո՞ւ 2023 թվականի ապրիլի 1-ին, երբ միջանցքի հատվածում պետք է փոփոխություններ լինեին, ՀՀ իշխանությունները գործողություն կամ օպերացիա չեն պլանավորել, որպեսզի մենք առաջինը պաշտպանենք մեր սահմանները եւ այդտեղ պաշտպանական կառույցներ կառուցենք, ոչ թե ադրբեջանցիները գան, նորից ներխուժեն մեր տարածքներ։ Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ուշացած՝ չգիտակցելով, որ անվտանգությունն ու պաշտպանությունը շատ կարեւոր հարցեր են։ Կարող եմ ասել, որ ժողովրդական լեզվով ասած, այս իշխանություններն ուղտի ականջում քնած են։ Ուղտից երեւի երկու բան են սովորել՝ մեկը ուղտի ականջում քնել, մյուսն էլ դուք գիտեք, թե ուղտն ինչով է զբաղված լինում։ Դրա համար մեղադրել ընդդիմությանը, որ աշխատանք չի կատարում, տեղին չէ։ Իհարկե, ընդդիմությունն էլ ունի իր թերությունները, բայց ռեալ աշխատանք Արցախի դեօկուպացիայի ուղղությամբ կարող են իրականացնել մարդիկ, որոնք ունեն լծակներ։ Եթե իշխանությունները խելոք լինեն, դրա համար կարող են եւ պետք է օգտագործեն նաեւ ընդդիմության ամբողջ ներուժը»,- ասաց նա։

Օհանյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ պետք է պահել Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Հարցին, թե այսինքն՝ Արցախը հանձնելով՝ կարողանալո՞ւ են պահել 29 800 ք/կմ-ն, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Այդ հիմարություններին ես չեմ պատասխանում։ Ովքեր երբեւիցե ունեցել են հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, գիտեն, որ երբեւիցե խաղաղության իրավիճակ այս պայմաններում չի լինելու, երբ հայկական կողմը պարտվել է։ Ադրբեջանն անընդհատ շարունակելու է ճնշումները ոչ միայն Արցախում, ՀՀ տարածքներում, այլ նրանք փորձելու են սեղմել օղակը Հայաստանի եւ Արցախի շուրջը։ Չի լինում հենց այնպես խաղաղություն։ Այս իշխանությունները 2021 թվականին նշել էին, որ ՀՀ կառավարության համար անվտանգության կարեւոր երաշխիք է խաղաղությունը։ Խաղաղությունը երաշխիք չի կարող լինել, խաղաղությունն ազգային անվտանգության հիմնարար արժեք է։ Իսկ երաշխիքներն ազգային երաշխիքներն են՝ դա բանակն է, համախմբվածությունն է, տնտեսությունն է։ Եվ միջազգային երաշխիքները՝ լայն ընդգրկվածությունը ունեցող արտաքին քաղաքականությունը եւ խելացի բանակցային մարտավարական քայլերը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031