Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք ենք լուծելու Արցախի անվտանգության հարցը, ապահովելու մեր ազատ հայրենիքի ապագան. շատ կարևոր է՝ մնալ արժանապատիվ. Ռուբեն Վարդանյան

Մայիս 09,2023 15:46

Առաջին հերթին ես ևս ուզում եմ շնորհավորել բոլորիս: Մայիսի 9-ը միշտ մեր տոնն է լինելու, մենք միշտ հիշելու ենք մեր հաղթանակները և կերտելու ենք նոր հաղթանակներ, ես համոզված եմ: Ես շատ շնորհակալ եմ, որ այս երիտասարդները հրավիրեցին ինձ այսօր միասին ելույթ ունենալու: Սա երևի թե այսօրվա Արցախի համար ամենակարևոր օրերից մեկն է, ես՝ մեծահասակ մարդ լինելով, ուրախ եմ, որ դուք եք այստեղ կանգնած, դուք եք սա կազմակերպել, դուք եք սկսել այդ շարժումը: Ապրեք, շնորհավորում եմ ձեզ. հայտարարեց «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

«Ես վստահ եմ, որ միայն դուք կարող եք ձեզ և ամբողջ Արցախ համար արժանապատիվ ապագա կերտել: Ես հաճախ եմ օգտագործում արժանապատվություն բառը, որովհետև վստահ եմ, որ դա մեր խորքային, արմատային առավելությունն է: Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի, և մենք պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին:

Մենք համատեղ քննարկումների ժամանակ գծել ենք այն 6 կարմիր գծերը, որոնք ցանկացած պարագայում անընդունելի են արցախցիների համար: Ապրիլի 23-ին Ադրբեջանը, տեղադրելով անցակետ, խախտեց այդ կարմիր գիծը: Ես ուզում եմ պարզ խոսել ձեզ հետ. կարմիր գիծն ինձ համար դա այն է, երբ դու այլևս չես կարող ասել՝ լավ, դա ինձ հետ չի կատարվում, ես ձեզ լավ չեմ լսել, գուցե ես ճիշտ չեմ հասկացել, երբ որ քեզ ամենավատ բառերով վիրավորում են, դու պետք է պատասխան տաս, և այդ պատասխանը միակն է՝ դու պետք է պայքարես, այլ տարբերակ չկա: Այլ տարբերակում դու դառնում ես ստրուկ, դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել և սրբել ոտքերը: Ինձ համար և բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք համակերպվել նրա հետ, որ մեր անձնագիրը ուրիշներն են ստուգելու: Ոչ ոք չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը Հայաստան:

149 օր մենք շրջափակման մեջ ենք: Մենք չունենք գազ, չունենք լույս, դուք տեղյակ եք Սարսանգի ջրամբարի վիճակից, մենք ունենք սարսափելի մեծ քանակի խնդիրներ, բայց մենք դիմանում ենք և չենք ընկճվում: Այո, վիճակը ծանր է, բայց մենք գիտենք, որ այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք գնալ չի կարող, սա ռեօկուպացիա է, իսկ մենք դա ոչ մեկին թույլ չենք տալու: Ասենք ոչ ռեօկուպացիային: Ոչ, ոչ, ոչ: Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերը, մեր գերեզմանները, մենք պաշտպանում ենք մեր հողի վրա մեր օրենքներով ապրելու մեր իրավունքը, մենք ոչ մեկի վրա հարձակվել չենք ուզում, մենք պարզապես ուզում ենք հանգիստ և երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում»-նշեց Ռուբեն Վարդանյանը:

Նա ասաց, որ պատրաստ ենք բանակցությունների, միաժամանակ ընդգծեց, որ դրանք չեն կարող ընթանալ ատրճանակը ճակատին ուղղած, բանակցությունների երկու կողմերը պետք է հարգեն միմյանց, բանակցությունները պետք է լինեն միայն այն ժամանակ, երբ իսկապես, կարողանանք աշխարհին ասել, որ մենք՝ որպես անկախ Արցախ, կարող ենք նստել և խոսել հարևանի հետ, այլ տարբերակ չկա:

«Մենք ունենք նպատակ, որը կերտվել է 88 թվականին, մինչև դա ևս եղել է երազանքը՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ: Այդ նպատակը չի փոխվել, մենք բազմիցս վերահաստատել ենք այն: Այս օրերին շատ կարևոր է, որ մենք բոլորս նորից հայտարարենք, որ այլ նպատակ չի կարող լինել:

Ես շատ ուրախ եմ, որ դուք բոլորդ միացել եք այս պահանջագրին, որովհետև այն յուրահատուկ պահանջագիր է, այն ոչ միայն դիմում և պահանջում է ուրիշներից, այս երիտասարդներն առաջին անգամ շատ կարևոր խոսք են ասում, իրենք ասում են՝ լուծեք հարցերը, այլապես մենք ենք լուծելու այնպես, ինչպես կկարողանանք, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք, մենք չենք թողնելու, որ այս հարցը չլուծվի և լղոզվի: Մենք ենք լուծելու անվտանգության հարցը, ապահովելու մեր ազատ հայրենիքի ապագան: Եվ դա շատ կարևոր է՝ մնալ արժանապատիվ: Ես կոչ եմ անում ողջ Հայկական աշխարհին՝ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք՝ որտեղ են մեկ միլիոն ստորագրությունները, ինչու է 120 հազար, ինչու ողջ Հայկական աշխարհը մեր կողքին կանգնած չէ: Արժանապատվությունը բոլորին է վերաբերվում, ոչ թե միայն արցախցիներին: Մենք բոլորս դա միասին պետք է անենք»-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս կոչ էր արել միանալ այսօր կայանալիք հանրահավաքին՝ գրելով. «Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք եւ աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031