Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ փաստաթուղթ կարող է ստորագրվել առաջիկայում։ «Մենք անցած տարի այս օրերին էինք այդ մասին խոսում, որ եթե օրվա իշխանությունը տեսնի, որ չկա դիմադրություն եւ հասկանա, որ կարող է ստորագրել նոր կապիտուլյացիա եւ մարսել, ինքը ստորագրելու է։ Ակնհայտ է, որ թշնամական պետությունները շտապում են, որպեսզի իրենց ձեռքին ունենան մի փաստաթուղթ, որտեղ հայկական կորուստներն այլեւս կլինեն անդառնալի։ Սա է թշնամու շտապողականությունը։ Եվ ակնհայտ է, որ իշխանությունը տուրք է տալիս այդ ամեն ինչին։ Խնդիրը շատ հստակ է՝ խաղաղության հասնելու միակ ձեւը եւ ճանապարհը նոր պատերազմին պատրաստ լինելն է։ Շարունակ զիջումներով մենք երբեք խաղաղություն չենք ունենալու։ Այս իշխանության պարագայում մենք ունենալու ենք նոր կապիտուլյացիա եւ նոր պատերազմ։ Կունենա՞նք այս գիտակցությունը, կկարողանա՞նք մեր ժողովրդին համախմբել եւ բացատրել, թե ինչ խնդրի առջեւ ենք կանգնած, օրվա ընդդիմությունը կգտնի՞ իր մեջ այդ պատասխանատվությունը, կհամախմբվի՞ այդ օրակարգի շուրջը, դուրս կգանք այս իրավիճակից, չէ, կկորցնենք ամեն ինչ»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության անելիքների մասին հարցին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների պաշտպանությունը։ Գլխավոր խնդիրն է նաեւ Արցախը՝ 120 հազար հայերով։ «Մենք առաջին օրից ասել ենք եւ շարունակում ենք պնդել, որ միայն խորհրդարանական ընթացիկ աշխատանքներով չենք բավարարվելու, որովհետեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դա բավարար չէ։ Հետեւաբար, մեր ժողովրդին պետք է պատրաստենք համաժողովրդական մեծ անհնազանդության, ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա։ Հարցին, թե երբ պետք է ժողովրդին պատրաստեն անհնազանդության, Սաղաթելյանը պատասխանեց․ «Երբ որ պատրաստ կլինենք, առնվազն անցնող երեք տարվա մեջ ձեռքներս ծալած չենք նստել։ Երկու փորձ արել ենք։ Պետք է փորձենք մինչեւ ստացվի, ուրիշ տարբերակ չունենք։ Հակառակ պարագան համակերպվելն է, զիջելն է, նահանջելն է ու հետքայլը»։
Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ մեր խնդիրն է համախմբվել, դուրս գալ պայքարի եւ վռնդել ներքին ու արտաքին թշնամուն երկրի սահմաններից։ «Ինձ մոտ հատկապես այս վերջին օրերին տպավորություն է, որ Նիկոլն արդեն ինչ որ ավերելու էր, վերջնականացրել է, հանձնել է, եւ Հայաստանի ընդդիմադիր դաշտի ինչ-որ ուժեր պատրաստվում են առաջիկա ընտրությունների։ Մեր խնդիրը դա չէ, մենք Հայաստանի ներքաղաքական ընդդիմադիր կյանքում հակառակորդներ եւ մրցակիցներ չունենք»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ խորհրդարանական ընդդիմությունը կառուցողական դաշտ է եկել, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Եթե իր գլխին մի բանով չես խփում, ինքը դա համարում է կառուցողականություն։ Բայց ես չեմ ուզում, որ մեր ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը, մեր աջակիցները Նիկոլի այդ կուտը ուտեն։ Ի՞նչ է նշանակում կառուցողական։ Ես եւս մեկ անգամ այս սրբազան վայրից ասում եմ՝ Նիկոլի հետ կառուցողական համագործակցություն բացառվում է։ Մեզ հաճախ մեղադրում են՝ երկիրը պատերազմի մեջ է, նստեք սեղանի շուրջ եւ ելքեր գտեք։ Այդ բոլոր փորձերն ավարտվել են, այդ փուլը մենք վաղուց անցել ենք, ջրբաժանը շատ հստակ է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ