Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բնակչության անունից պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները

Մայիս 09,2023 15:07

Ձեր առջև կանգնած են Արցախի երիտասարդները, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ՝ Հայրենիքի հանդեպ մեր սերը, Արցախի Հանրապետության հանդեպ մեր պատասխանատվությունը: Արցախը մեր հայրենի հողն է, այս հողում մենք ապրել ենք հազարամյակներ և ապրելու ենք հավերժ: Այսօր մենք չենք կարող անտարբեր մնալ, լուռ հետևել, թե ինչպես են մեր Հայրենիքը խլում մեր ձեռքից: Մենք պատրաստ են յուրաքանչյուրս կանգնել թշնամու առաջ. հայտարարեց «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի երիտասարդներից մեկը, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նույն խմբի նախաձեռնությամբ ընթացող հանրահավաքի ժամանակ:

«Մենք նույնիսկ աջակցություն ստացանք այն մարդկանցից, ովքեր բնակվում են հեռավոր վայրերում և որտեղ հասնելը մեզ համար դժվար էր: Մարդիկ իրենք էին գտնում մեզ և ցանկություն հայտնում աջակցելու: Այս ստորագրահավաքի միջոցով մենք դրսևորեցինք մեր միասնական կամքը ներկայի և մեր ապագայի նկատմամբ: Ստորագրահավաքին միացել են հազարավոր մեր հայրենակիցներ և Արցախի բարեկամներ Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում: Այս մի քանի օրվա ընթացքում մենք հասցրել ենք հավաքել ավելի քան 120 հազար ստորագրություն ինչպես թղթային, այնպես էլ առցանց տարբերակով: Այս ստորագրությունները մեր համախոհների խումբը Երևանում կփոխանցի ՀՀ կառավարությանը, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին: Միասին մենք Արցախ ենք, միասին մենք անպարտ են»,-տեղեկացրեց նա:

Նրանք տեղեկացրեցին, որ ստորագրահավաքը շարունակվում է, որին կարելի է միանալ նաև առցանց եղանակով:

Այնուհետև, հրապարակվեցին հանրահավաքի պահանջները. «ՄԱԿ-ի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի ղեկավարներին, ՌԴ նախագահին, որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին, որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության իրավական և քաղաքական պատասխանատու պետության ղեկավարի, մենք Արցախի Հանրապետության քաղաքացիներս, ձեր և ողջ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի կնքված եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Արցախում ներկայումս ոչ միայն հումանիտար ճգնաժամ է, այլև Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր Հայրենիքից զրկելու ցեղասպանական քաղաքականություն՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախի 120 000 բնակչությանը՝ այդ թվում նաև 30 հազար երեխաների, իսկ ապրիլի 23-ին հսկիչ-անցակետ տեղադրելով Բերձորի միջանցքում ամբողջությամբ կտրելով Արցախի կապն արտաքին աշխարհի հետ: Մենք՝ Արցախի բնակչության անունից պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-22թթ որոշումների կատարումը» :

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության երիտասարդները իրենց պահանջները հնչեցրեցին 4 լեզվով:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031