Ձեր գործը և պատասխանատվությունը մնում է ընթացքի մեջ, որովհետև մեզ է վստահված այն հաղթանակը, որ մեր հայրերը վաստակեցին արյան գնով: Մենք հավատարիմ եղանք Տիրոջ խաչի խորհրդին, որ նշանակում է սեր առ Աստված և Հայրենիք, այն ժամանակ ունեցանք մեծ հաղթանակներ, բայց, երբ հեռացանք Տիրոջ խորհրդից՝ մեզ վրա հասավ պատուհասն ու Հայրենիքի կորուստը: Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի այս խոսքերով այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը, որ նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:
«Կարող է խիստ հնչել, բայց Աստծո օրհնությամբ մեր ազատագրած Արցախը մենք տարանք կործանման, բայց ոչինչ անհետ կորած չէ և փրկություն միշտ էլ կա: Այսօր մեր հարևանները չարիքի գործիք դարձած՝ ուզում են չարի հին գործիքներով ընկճել մեզ: Վախ, անորոշություն և հացի խնդիր և նյութական նեղություններ, որոնցով ուզում են մեզ ներքաշել քաոսի մեջ , իսկ չարի դեմ պայքարելու գործիքները միշտ էլ մեզ համար իրական են ու հասանելի՝ հույս հավատ, սեր», -ասաց քահանան՝ հավելելով, թե որքան էլ փակ լինեն բոլոր ճանապարհները՝ Աստծո դռները միշտ բաց են, իսկ բանալիները մեր ձեռքում: Նա կոչ արեց հույսով լցվել ապագայի հանդեպ և ապավինել Աստծուն:
Նախաձեռնող խմբի երիտասարդները հիշեցրեցին, որ այսօր նաև Պաշտպանության բանակի օրն է և որքան էլ այսօր անասելի ծանր լինի իրավիճակը, սակայն անհուսության և տառապանքի մեջ չեն կարող թաղվել ու մոռանալ նախկին հաղթանակները: Նրանք իրենք երախտագիտությունը հայտնեցին հաղթանակների համար մարտնչած յուրաքանչյուր զինվորի և կոչ արեցին շարունակել պայքարել Արցախի Հանրապետության պահպանության համար:
Արցախյան 3 պատերազմների մասնակից Արմեն Ավետիսյանը միասնականության կոչ արեց, նշելով, որ նախորդ հաղթանակներն ապահովել է հենց միասնականության շնորհիվ:
Կարդացեք նաև
Հանրահավաքին մասնակցում էին Արցախի Հանրապետության բոլոր երեք նախագահները:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ