Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ Շուշին ընկնելու եւ 5-րդ շարասյան մասին հայտարարությանը։
«Մեր հանրությունը երեւի հոգնել է՝ լսելով 5-րդ շարասյուն բառակապակցությունը։ Եթե կա 5-րդ շարասյուն, եթե կան դավաճաններ, ապա թող ասեն եւ ներկայացնեն մեր հանրությանը»,- ասաց նա։
Ըստ Օհանյանի՝ խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ նրանց աշխատանքի արդյունքում այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ «Բայց այն, որ այս պարտությունը տեղի է ունեցել այս իշխանությունների օրոք, այն, որ այս իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ իշխանության բոլոր թեւերը, դա փաստ է։ Ընդ որում՝ եւ նախկին գումարման, եւ այսօրվա գումարման օրենսդիր մարմինները պատասխանատու են, որովհետեւ նրանք էլ պետք է ժողովրդին համախմբեին եւ գործադիրի հետ միասին մեր պետությունը տանեին, դնեին ռազմական ռելսերի վրա։ Այն, որ իրենք պետք է բանակին թիկունք կանգնեին, շարունակական դարձնեին բանակի համալրումը, միանշանակ է։ Եվ այն, որ ՀՀ դատաիրավական համակարգը, իրավական ամբողջ ոլորտը պատերազմի ժամանակ մատը մատին չի խփել՝ օրինականություն հաստատելու մարտական գործողությունների թատերաբեմում ու երկրում, դա միանշանակ է։ Տեսեք՝ ովքեր են 2021-2022 թվականներին կոչումներ ստացել՝ գեներալական եւ դասային տարբեր աստիճաններ։ Դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նույնիսկ բանակում միակ գեներալական կոչումը, որը տվել են, դա տվել են Ռազմական ոստիկանության պետին։ Ինչի՞ համար, օրինականություն հաստատելու, թե՞ մեծ խուճապի, փախուստի, այն դասալքության համար, որը կանգնեցնելու համար իրենք ոչինչ չեն արել»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ