Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հարցին, թե Շուշին ազատագրելու հնարավորություններ կա՞ն։ «Նախ ուզում եմ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, եւ կարեւոր են այն անցած ճանապարհը եւ այն հերոսությունները, որոնցից տոգորված մենք շարունակել ենք պայքարը։ Ես նկատի ունեմ՝ մեր հայրերի, պապերի սխրանքները, որոնք արտացոլվել են նաեւ մեր գործողություններում 1992 թվականին։ Եվ այս օրը մենք մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք Հայրենական պատերազմի մեր բոլոր մասնակիցներին։ Այս օրը մեր մեծերը մեզ նվիրել են հաղթանակի տոն, մենք նրանց վերադարձրել ենք եռատոն՝ եւ Շուշիի ազատագրման, եւ Արցախի Պաշտպանության բանակի օրն է եղել այս օրը։ Նաեւ եռամիասնության՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք ամուր համաձուլվածքի արդյունքում ենք մենք դա ունեցել։ Եռաբլուրում են հանգչած մեր հերոսները, ովքեր կերտել են այդ եռատոնը։ Իհարկե, այլ իրավիճակում ենք այսօր տոնում այս տոնը, որովհետեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի կրած պարտությունից հետո Շուշին չկա, Հադրութը չկա, Արցախի մի մասը օկուպացված է ադրբեջանցիների կողմից։ Այս օրը մեզ համար պետք է լինի պատասխանատվության օր, այսինքն՝ մենք նորից պետք է բարձրացնենք մեր պայքարի ոգին։ Մեր ամենակարեւոր նպատակներից մեկը պետք է լինի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ադրբեջանցիներին դուրս շպրտելը մեր տարածքներից, եւ Արցախի ինքնորոշման գաղափարը։ Ամբողջ ճանապարհը հաշվի առնելով՝ պետք է ազատագրել Արցախի օկուպացված տարածքները եւ նաեւ Շուշին՝ որպես հայոց հնագույն բերդաքաղաք եւ նաեւ մշակութային կենտրոն։ Մեր բոլորիս նպատակը պետք է դա լինի»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետության ռազմական հզորության չափման միավորներ են հանդիսանում տարածքը, բնակչությունը, տնտեսությունը։ Դա նշանակում է, որ պետք է վերականգնել մեր տարածքը, բնակչության ոգին բարձրացնել, հոգեբանական այս թմբիրից դուրս բերել մարդկանց ու զարգացնել տնտեսությունը։ Դա հիմք է հանդիսանալու ռազմական ներուժի մեծացման, բանակի զարգացման համար։
Անդրադառնալով հարցին, որ պատերազմից հետո իշխանությունները պարտվողական թեզեր են ներարկում հանրությանը, ներուժ ունե՞նք, Սեյրան Օհանյանն ասաց․ «Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը, խելացի գործողությունների արդյունքում մենք կարող ենք արագ վերականգնել այդ ներուժը, համախմբվել, վերականգնել մեր բանակը, բարձրացնել նրա մարտունակությունը եւ պայքարել մեր ինքնության համար։ Այս իշխանություններն ինչի՞ համար են ասում, որ մենք թույլ ենք, որովհետև իրենք չեն կարողանում ճիշտ գնահատել այսօր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին ու արտաքին սպառնալիքները։ Առանց այդ ճիշտ գնահատականի, մենք երբեւիցե չենք կարող ճիշտ որոշումներ ընդունել։ Դրա համար է, որ ՀՀ իշխանություններն իրավիճակից կտրված որոշումներ են ընդունում։ Նրանք չեն հասկանում, թե որոնք են այն գերակայությունները, որոնք այսօր անհրաժեշտություն են։ Դա մեր անվտանգությունն է, Արցախն է, մեր համախմբվածությունն է։ Ես համոզված եմ եւ ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդն իմանա՝ խելացի կառավարման արդյունքում շատ արագ մենք կարող ենք վերականգնել եւ կազմակերպել մեր անվտանգության բոլոր տարրերը»։
Կարդացեք նաև
Ըստ Սեյրան Օհանյանի՝ այս իշխանությունների օրոք բարոյազրկվում, որակազրկվում են բոլոր այն արժեքները, որոնք ձեռք ենք բերվել։ «Նկատի ունեմ եւ պետականությունը, եւ ինքնիշխանությունը, եւ բանակը, եւ եկեղեցին, եւ նաեւ հաղթանակներն ու հաղթանակներ կերտած այն մարդիկ, որոնցով մենք կարող ենք մեր ազգը դաստիրակել»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ