Ռուս խաղաղապահ զորակազմը լուծում է այն խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ՝ չնայած բոլոր խնդիրներին. Երեւանի Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավաստիացնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում ակտիվ ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորմանն աջակցելու նպատակով, ներառյալ Լաչինի միջանցքի բացման:
Հիշեցնենք, որ Բերձորի միջանցքը արդեն մոտ վեց ամիս է՝ փակ է:
ՌԴ դեսպանը հույս ունի, որ շուտով տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Մոսկվայում, բայց հանդիպման ժամկետների հասին հստակ տեղեկություններ նա դեռ չունի:
«Ջանքերը պետք է նպաստեն այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են մեր ղեկավարների հայտնի հայտարարություններում, սա մեր սկզբունքային, հայեցակարգային դիրքորոշումն է»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ ՌԴ-ն իր ջանքերը կենտրոնացրել է դրա վրա:
Կարդացեք նաև
«Հենց սրանում ենք մենք տեսնում այն բանի երաշխիքը, որ թեժացում չի լինի, որ կողմերը համաձայնության կգան, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ ժողովուրդների շահերից»,- ասաց ռուս դիվանագետը՝ հավելելով, որ ՌԴ-ն մշտապես շփման մեջ է կողմերի հետ, ակտիվորեն առաջ է մղում խաղաղ օրակարգը. «Մենք աշխատում ենք կողմերի հետ, որպեսզի ազդակ հաղորդենք աշխատանքին կարգավորման բոլոր ձեւաչափերում՝ նկատի ունենալով տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով եռակողմ խմբին, խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանազատումը։ Ռուսաստանը բազմիցս ասել եւ նորից կրկնում է, որ մենք պատրաստ ենք ցուցաբերել խորհրդատվական աջակցություն այս հարցում։ Մենք նաեւ կողմ ենք երկխոսության ակտիվացմանը երեք երկրների հանրային շրջանակների, խորհրդարանականների միջեւ»:
Դիվանագետը հույս ունի, որ իր երկրի կողմից գործադրվող ջանքերը դրական արդյունք կտան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ