«Շուշին ընկել է եւ դա մեր բոլորի պարտությունն է. ոչ իշխանության, ոչ կոնկրետ ինչ-որ անհատի: Դա հայ ժողովրդի եւ ազգի պարտությունն է»,- այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Այսօր, արցախյան առաջին պատերազմում Շուշիի ազատագրման օրը, լրագրողներն իշխանության ներկայացուցչից հետաքրքրվում էին իրենց իշխանության օրոք՝ 44-օրյա պատերազմում, Շուշին հանձնելու մեղավորների մասին: Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում, տարբեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ ուղղեց մեղադրանքի սլաքը Շուշիի անկման համար՝ Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, Արթուր Վանեցյան:
«Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա: Իհարկե, նախաքննություն է իրականացվել, ամբողջությամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այդ մասով գործը գտնվում է դատաքննության փուլում»,- պատասխանեց Արգիշտի Քյարամյանը հարցին, որ Շուշին ընկել է իրենց իշխանության օրոք:
Հարցին՝ ի՞նչ էր անում ինքը պատերազմի օրերին, Շուշիի անկումից մի քանի օր առաջ, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ ինքը պատերազմի օրերին, որպես կամավոր է եղել Արցախում եւ ուրախ կլիներ, որ շատ-շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին. «Միգուցե այդ պարագայում Շուշին չկորցնեինք»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հայտարարություններ է արել եւ կոնկրետ ակնարկներ հնչեցրել Շուշիի անկման մեղավորների մասին եւ հարցրեց՝ ինքը վարչապետին խորհուրդ չի՞ տալիս չխոսել, քանի որ շատ գործեր գտնվում են ԱԿ-ի վարույթում եւ նախաքննական գաղտնիքներ կան: Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Ես պարոն վարչապետին խորհուրդներ տալու կամ, ընդհանրապես, այդ հարցերով շփվելու իրավասություն չունեմ: Մեր գործունեությանը պարոն վարչապետը երբեք չի խանգարել ես էլ որեւէ մեկին չեմ զեկուցում»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ 11 հազար դասալիքներին վերաբերվող Աննա Հակոբյանի հայտարարության մասին: «Հայաստանում կան բազմաթիվ քրգործեր հարուցված դասալքության, տարբեր թեմաներով, ես չէի ուզենա դրան անդրադառնալ: Թվեր չեմ ասի»,- պատասխանեց Արգիշտի Քյարամյանը:
«Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում. Ժամանակը կգա, կերեւա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, գումարով կամ այլ շահերով տոգորված հարցեր տվող»,- սա էլ Արգիշտի Քյարամյանի պատասխանն էր հարցին՝ Նիկոլ Փաշինյանի նման չի՞ վախենում, որ իրեն դավաճան կասեն:
Պատասխանելով հայկական բանակում 5-րդ շարասյան առկայության Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերվող հարցին էլ, Արգիշտի Քյարամյանն ասաց. «5-րդ շարասյուն կար, ենթադրում եմ, նաեւ հիմա կա: 5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, դրանց մի մասն արդեն լուծվել է: Մի մասը հանրայնացվել է, մի մասը նախաքննական շահից ելնելով դեռեւս չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը. հստակ կիմանա՝ ովքե՞ր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ո՞ւմ պատճառով, ինչի՞ պատճառով մենք պարտվեցինք եւ այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեց եւ ոնց ավարտվեց: Ես դա ձեզ խոստանում եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ