Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ չմշակված օրենքներ կան, որ պետք է պարզեցնել: Կարեւորը`քաշքշուկից ազատել, որովհետեւ այն, ինչի միջով ես անցա… վերջը ինձ տուգանեցին Օհան Դուրյանի արձանի համար. Գետիկ Բաղդասարյան. «Հրապարակ»

Մայիս 09,2023 11:08

Օրերս, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսեց հայրենասիրության մոդելի մասին, այն ուղղակիորեն կապելով մեր երկրում տեղադրված արձանների հետ. «Մենք մեզ հարց տվե՞լ ենք՝ ինչու՞ մեր երկրում նույնիսկ 30 տարվա ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց է, չէ՞, ինչո՞ւ չկան, որովհետեւ հայրենասիրության մեր մոդելը պետական չէ»,- մասնավորապես նշել էր Փաշինյանը։

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը կարծում է, որ նախ` պատվեր պետք է լինի պետության կողմից, իսկ էսքիզներ` կարող է բոլորն անեն եւ ունենան. «Հետո քիչ չեն արձանները` Տիգրան Մեծի, Արգիշտի արքայի արձանը` Էրեբունու թանգարանի առաջ…»: Ինչո՞վ է բացատրում, որ թագավորների արձաններ շատ չունենք`պատվե՞ր չի եղել, թե՞ ավելի շատ սիրում ենք զորավարների արձաններ դնել. «Քանի՞ զորավարի արձան ենք դրել` Անդրանիկն է, Վարդան Մամիկոնյանը…մի հանրապետության համար քիչ են…հետո այս դաշտը ուղղորդված, կարգավորված չի, նպատակասլաց բան չունի, եւ արձաններ դնելու կարգ չկա, բայց սովետի ժամանակ կար, պատվերներ էին իջեցնում, գործեր էին ընտրում, հիմա դա չկա ու շատ դժվարանում է մի քանդակ անելը: Ավելի տաժանակիր աշխատանք է այդ թղթաբանությունը, քան քանդակ անելը»:

Գ. Բաղդասարյանն ասում է` Օհան Դուրյանի քանդակն անելու ժամանակ այնքան թղթաբանությամբ զբաղվեց, որ այդ ընթացքում 2-3 քանդակ կաներ. «Արդեն մտածում էի հրաժարվեմ, բայց արդեն ահագին գործ էի արել, ի վերջո, քանդակագործը, նկարիչը ի՞նչ կապ ունեն այդ թղթաբանության, տեխնիկական գործերի հետ, դրանք ավելորդ, չմշակված գործընթացներ են: Շատ չմշակված օրենքներ, ընթացակարգեր ու թղթաբանություն կա, որ պետք է մշակել, պարզեցնել ու այդպես մատուցել, կարեւորը` հասանելի դարձնել, քաշքշուկից ազատել, որովհետեւ այն, ինչի միջով ես անցա…, երդվել եմ, որ այլեւս պետական պատվեր չանեմ` սարսափելի մեծ ու ծանր գործ է այդ թղթաբանությունը անելը, նախ ՍՊԸ բացես, հետո ԱՁ… այ մարդ, ես անհատ մարդ եմ, արել եմ քանդակ, ուզում եք` վերցրեք, չեք ուզում` մի վերցրեք, բայց ինձ այդ բաներից ազատեք, ես ձեզ ասո՞ւմ եմ` եկեք քանդակ արեք, կամ` իմ կարկասը կապեք, կավս բերեք: Այդքան գործը անելուց հետո, վերջը ինձ տուգանեցին Օհան Դուրյանի արձանի համար, պատճառ բերելով, որ ուշացրել եմ, բայց ես չէի ուշացրել, շուտ էի արել, ուղղակի, երբ ձուլում են բրոնզից, պետք է նախօրոք գումար տաս, որ այդ մարդիկ բրոնզ, նյութեր առնեն ձուլեն, վերջում էլ մնացած գումարը տաս, որ նոր քեզ տան քանդակը: Ինձ տուգանեցին նրա համար, որ ուշացրել եմ, բայց ես չէի ուշացրել, իրենք փողը ուշ տվեցին ու մի բան էլ ինձ տուգանեցին 150 հազար դրամով, իսկ ինչո՞ւ նախ ձեզ չեք տուգանում, չէ որ առաջինը դուք եք ուշացրել, դա արդա՞ր է»:

Ճի՞շտ է թագավորների արձաններ չունենալու հանգամանքը կապել մեր հայրենասիրության մոդելի հետ. «Դա այդպես չի…օրինակ, ես Տիգրան Մեծին, Արշակ 2-րդին շատ եմ սիրում, բայց առիթ չի եղել, որ քանդակ անեմ, չնայած Տրդատ թագավոր եմ արել ռելիեֆի տեսքով` քրիստոնեության հետ կապված եւ Կանադայում կա, եւ Գյումրիում` եկեղեցու ներսում: Անդրանիկ եմ արել` եզդիների պատվերով, տեղադրված է Ակնա լճում (Այղր լիճ), իրենք էլ հերոս ունեն Ուսուբ Բեկ, որ Անդրանիկի հետ թուրքերի դեմ կռվել է, բայց ավելորդ թղթաբանություն չի եղել, նորմալ գումարը տվել են` արել եմ: Հիմա թող վարչապետը մի հատ թագավորի քանդակ պատվիրեր ու տար մի լավ, հետաքրքիր քանդակագործի` մենք դեմ կլինեի՞նք, իհարկե` ոչ»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031