Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին, որ հողեր է հանձնում, ասաց, որ պետական բյուջեն հող պահելու ընդունակությունն է, իսկ իր իշխանությունը 2 միլիարդ դոլարով ավելացրել է պետական բյուջեն, այսինքն՝ պետության` հող պահելու ընդունակությունը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեն այդքան ավելացել է, սակայն մարդկանց կյանքը` վատացել, պետության անվտանգությունը կազմաքանդվել, այսինքն՝ ո՞ւր է ուղղվել այդ 2 միլիարդ դոլարը:
«Պետության բյուջեն կարող է ավելանալ, բայց երկրի քաղաքացիների մեծ մասի բյուջեն՝ ռեալ ծախսը, նվազել` գնաճի հաշվին։
Բյուջեի այդ ավելացումը շատ թանկ է նստել մարդկանց ճնշող մեծամասնության՝ հայաստանյան ընտանիքների 60-70 տոկոսից ավելիի բյուջեների վրա։ Նախ պետք է սա ֆիքսել․ պետությունն իր բյուջեն ավելացնում է, բայց մենք տեսնում ենք, որ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, ռազմական ծախսերը համադրելի չեն մեր հիմնական թշնամի պետության ռազմական բյուջեի հետ, շարունակում է 4-5 անգամ ավելի պակաս ծախս անել։ Այդ 2 միլիարդը, որ ավելացել է, ինչո՞ւ չի դարձել պաշտպանական և հարձակողական համակարգեր։ Նման թվեր ասելը պարզապես քաղաքական հայտարարություններ են»,- ասաց Մարգարյանը՝ շարունակելով թվարկել, թե ինչի հաշվին է 2 միլիարդ ավելացել բյուջեն:
Կարդացեք նաև
«Եթե շարունակեմ թվարկել գործոնները, ապա դրանցից մեկը խաղաբիզնեսն է․ Հայաստանը վերածվել է մեծ կազինոյի, լոտո, «տոտո», տարբեր տեսակի օֆշորային գրանցում ունեցող խաղաբիզնեսներ, որոնք այլասերում են հասարակությանը։ Սրա հաշվին, իհարկե, կարելի է ոչ թե 2, այլ 12 միլիարդ ավելացնել, հետո ի՞նչ։ Եթե այդպես հայտարարում են, ապա թող ասեն, թե ինչ խոշոր բարձրտեխնոլոգիական բրենդներ են ստեղծվել, որոնք էլ ստեղծել են այդպիսի գերշահույթներ, եկամուտներ և Հայաստանի տնտեսությունը դիրքավորել են համաշխարհային շուկայում․ նման բան չկա, շարունակել է մեր տնտեսությունն ունենալ դեֆորմացված կառուցվածք՝ հիմնված հանքարդյունաբերության, վերարտահանումների վրա»,- պատասխանեց տնտեսագետը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: