Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին». «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 09,2023 11:32

Այսօր էլ Թուրքիայում իշխանության են հավակնում նեոօսմանական Էրդողանն ու քեմալական Քըլըչդարօղլուն: Ըստ սոցիոլոգիական հարցումների մեծ մասի՝ գործող նախագահն առաջին փուլում չի հաղթի: Այս մասին հայտարարել է «Թուրքիայի օրակարգը» տելեգրամյան ալիքի հեղինակ Յաշար Նիյազբաեւը: Ukraina.ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի: Խոսելով այն մասին, թե արդյոք Արեւմուտքը նախապատվությունը տալի՞ս է Քըլըչդարօղլուին, նա նշել է, որ կա երկու կարծիք: «Առաջինի համաձայն՝ Արեւմուտքն իսկապես չի ուզում, որ Էրդողանը վերընտրվի: Մյուս կարծիքն այն է, որ նա բավարարում է Արեւմուտքին իր կանխատեսելիությամբ: Սակայն դա միայն կարծիք է: Ակնհայտ է, որ Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին եւ ցանկանում է, որ Թուրքիան նոր առաջնորդ ունենա»,- շեշտել է փորձագետը:

Գիտական համագործակցության զարգացման միջազգային ինստիտուտի տնօրեն, թուրք քաղաքական գործիչ Արիֆ Ասալիօղլուն, իր հերթին, հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահը վերջին շրջանում լրջորեն հեռացել է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:

Քաղաքական տարբեր շրջանակների հետաքրքրում է այն հարցը, թե Քըլըչդարօղլուի հնարավոր ընտրությունն ինչպես կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Յաշար Նիյազբաեւը նշել է, որ ընդդիմության թեկնածուն ներկա պահին ցանկանում է հարթել անհանգստությունները: Մասնավորապես՝ նա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի առիթով հղած ուղերձում նշել է, որ հարաբերություններն ավելի կլավանան:

«Հասկանալի է, որ իրատեսությունը Թուրքիային չի թույլատրի այլ կերպ գործել, քան հիմա: Այժմ Անկարան Մոսկվայի հետ համագործակցում է այն պատճառով, որ ցանկանում է հանդես գալ որպես համաշխարհային տերություն՝ միջնորդի կարգավիճակ ունենալով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Բացի այդ, դա գումարներ կբերի: Կարծիք կա, որ Քըլըչդարօղլուն չի ցանկանա կորցնել այդ հնարավորությունը: Տուրիզմը, «Ակկույու» ատոմակայանը, «Թուրքական հոսքը», գազային հանգույցի ստեղծման առաջարկը վերաբերում են նաեւ Քըլըչդարօղլուին: Քիչ հավանական է, որ Թուրքիան կցանկանա հրաժարվել այդ ամենից»,- կարծում է փորձագետը՝ ավելացնելով, որ, չնայած դրան, Էրդողանը Ռուսաստանի համար ավելի հասկանալի է, միեւնույն ժամանակ, անկախ գոյություն ունեցող կարծիքներից, անհայտ է, թե ինչպես կվարվի Քըլըչդարօղլուն: Առավել եւս, որ վերջինիս մտերիմներից մեկը նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն է, որը լուրջ դեր է խաղացել 2015 թ. ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մեջ. նոյեմբերին Սիրիայում կործանիչը խփեց ռուսական ռազմական ինքնաթիռը, եւ Դավութօղլուն հայտարարեց, որ ինքն է այդ հրամանը տվել:

«Անկասկած, որոշ մտահոգություններ կան: Օրինակ՝ Քըլըչդարօղլուն կարող է զիջել Արեւմուտքի ճնշմանը: Ռուսաստանում ոչ ոք չի ուզում ռիսկի դիմել, քանի որ հասկանալի գործընկեր ունեն Թուրքիայում»,- ընդգծել է Յաշար Նիյազբաեւը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031