Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ որ դատավորը կքննի Փաշինյանին «դավաճան» ասած քաղաքացու ձերբակալման որոշման դեմ բողոքը

Մայիս 08,2023 23:30

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին հայտնի է դատավորի անունը, որը կքննի Նիկոլ Փաշինյանին ՔՊ գրասենյակի դիմաց «դավաճան» անվանելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը:

«Մեր տեղեկությամբ՝ մեր բողոքը մակագրվել է դատավորներից մեկին եւ շուտով նիստի օրվա մասին կիմանանք» ,- մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Վարդանյանի՝ աշխատանքից ազատման լուրը համացանցում ակտիվ քաղաքացիների էր համախմբել, քննարկումներ կային, որ «դավաճան» պաստառներով պետք է ցույց անել վերջինիս աշխատանքի վայրի մոտ: Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ ի պաշտպանություն Վարդանյանի ինչ գործողություններ արվեցին, ի պատասխան ասաց. «Մի քանի քաղաքացի նաեւ առաջարկել են քննարկել աշխատանքի տեղավորման հարցը, բայց քանի որ Սամվելը այնքան էլ չի սիրում այդ հարցի շուրջ խոսել, որովհետեւ վերականգնվելը մի աշխատանքում, որտեղ հնարավոր չէ այդ մարդկանց հետ աշխատել, այս պարագայում վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Սամվելն ինձ էլ է փոխանցել, որ սա այն հարցը չէ, որ իրեն ինչ-որ առումով անհանգստացնի, ինքը լավ մասնագետ է, իր աշխատանքն անպայման կգտնի»:

Եթե Նիկոլ Փաշինյանը չի վախենում, որ իրեն դավաճան կասեն, ինչու են այդ բառն օգտագործելու համար քաղաքացուն ձերբակալում, ըստ Ռուբեն Մելիքյանի. «Ես այն համոզմանն եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը այդ պահին չցանկանար, որ սառը զենք կրելու անհեթեթ պատճառով Սամվել Վարդանյանին ազատությունից զրկեն, ապա նրան ազատությունից չէին զրկի:

Ինչպես Սամվելն է ասում՝ այդ պահին չի նկատել, որ եղել է հրահանգ,բայց այստեղ կարծում եմ՝ արդեն իսկ այնպիսի աշխատանքային հարաբերություններ են, որ հրահանգի կարիք չկա: Հիշենք Եռաբլուրը, ամենադասական օրինակը, երբ արեցին մի բան, որ իր անբարոյականությամբ շատ դժվար է գերազանցող մի բան մտաբերել. խոսքը վերաբերում է զոհվածների հարազատների նկատմամբ ուժ կիրառելուն: Այս տեսանկյունից հերթական երկդիմի վարքագիծն է, որ դրսեւորվում է այդ անձի կողմից»:

Ավելի վաղ Վարդանյանը հայտնել էր, որ Փաշինյանի այդ հայտարարությունը, թե ինքը չի վախենում, որ իրեն «դավաճան» կասեն ծիծաղելի է. «Եթե չի վախենում, իր համար սովորական է, ինչո՞ւ են սովորական քաղաքացու հետ նման կերպ վարվում, միանգամից մոտենում թիկնազորից, ոստիկաններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031