Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և իրեն անհրաժեշտ նոր ԱՄՆ բարեկամները

Մայիս 08,2023 23:44

Հայաստանն Արևմուտքի տեսանկյունից ունի երկու ռազմավարական ակտիվ՝ ժողովրդավարությունն ու իր կրոնը: Ժողովրդավարական արժեքների շնորհիվ էր, որ Բայդենի վարչակազմի միջամտությամբ կանգնեցվեց Հայաստանի դեմ դիկտատոր Ալիևի ագրեսիան նախորդ տարվա սեպտեմբերին: Հանուն այդ նույն արժեքների ամերիկյան զինվորները ոչ հեռու անցյալում պատրաստ էին մարտնչելու ամբողջ աշխարհում:

Սակայն այսօրվա ամերիկացիները այլևս այդքան պատրաստակամ չեն զոհվել ազատության համար, ինչպես իրենց պապերը․ Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարական կարգերը հաստատելու համար ընթացած պատերազմները արժեցել են տրիլիոնավոր դոլարներ և հազարավոր ամերիկացիների կյանքեր՝ կորսված տակավին իզուր: Հետևաբար, Հայաստանը չպետք է հույսը դնի բացառապես ամերիկյան ժողովրդավարական իդեալիզմի վրա:

Քրիստոնեությունը Հայաստանի երկրորդ ռազմավարական ակտիվն է Արևմուտքի աչքերում: Այն քիչ արժեք ունի Արևմտյան Եվրոպայում, որի վերնախավը ավելի մեծ ոգևորությամբ է  գովաբանում Իսլամի ներդրումը եվրոպական քաղաքակրթության մեջ, քան հարգանքի տուրքը տալիս իրենց իսկ քրիստոնեական արմատներին: Այսպես, Եվրոպայի հոգևոր առաջնորդները գերադասում են խոսել հետապնդվող ոչ քրիստոնյա անձանց իրավունքների մասին, քան վհատեցնել Թուրքիային և Ադրբեջանին՝ պաշտպանելով Հայաստանին:

Այլ են Ամերիկայի ավետարանականների համայնքի անդամները: Նրանք հպարտանում են իրենց կրոնով և հետևողական են այն պաշտպանելու հարցում: Երբ Ասիայի, Աֆրիկայի կամ Միջին Արևելքի քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում, Ամերիկայի Ավետարանական քրիստոնյաները դատապարտում են մեղավորներին՝ առանց քաղաքական կոռեկտության մասին մտահոգվելու:

Ամենից շատ Ամերիկայի Ավետարանական քրիստոնյաներն օգնել են Իսրայելի ժողովրդին: Չնայած նրան, որ Իսրայելը հրեական պետություն է, Ամերիկայում և աշխարհի այլ կետերում բնակվող Ավետարանական քրիստոնյաներն Իսրայելը նույնացնում են Աստվածաշնչյան մարգարեությունների իրականացման և Հիսուսի երկրորդ գալստյան խոստման հետ:

Այսօր ավելի քան 60 մլն. անդամ ունեցող Ամերիկայի ավետարանական համայնքը Իսրայելի համար ավելի կարևոր դաշնակից է, քան Ամերիկայի հրեաները: Հարկ է նշել նաև, որ Ամերիկայի հրեաները մեծամասամբ սատարում են Դեմոկրատական կուսակցությանը, իսկ Ամերիկայի Ավետարանական քրիստոնյաները՝ Հանրապետական կուսակցությանը:

Դեմոկրատները աճող քննադատությամբ են վերաբերվում Իսրայելի վարած քաղաքականությանը: Հանրապետականները՝ ոչ: Սա է պատճառը, որ Ամերիկայի Ավետարանական քրիստոնյաների աջակցությունն առավել կարևոր է Իսրայելի համար:

Ամերիկայում բնակվող հայ քաղաքական գործիչներն ու դիվանագետները պետք է կապ հաստատեն Ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ: Նրանց պետք է տեղեկացնել այն մասին, որ իսրայելական զենքերն օգտագործվում են քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովրդի եկեղեցիներն ու խաչքարերն ոչնչացնելու համար:

Ավետարանական եկեղեցու առաջնորդների կոչն Իսրայել պետությանը չվտանգելու քրիստոնյաների կյանքեր՝ զինելով Ադրբեջանին, չի անտեսվի Երուսաղեմի կամ Թել-Ավիվի կողմից:

Իսրայելի առաջնորդները քաջ գիտակցում են, որ Ավետարանական քրիստոնյաների սերն ու աջակցությունը շատ ավելի կարևոր են, քան Ալիևի գումարներն ու իր օգնությունը ընդդեմ Իրանի Այաթոլլահների: Ավետարանական համայնքի ճնշումների և աջակցության արդյունքում է, որ Նախագահ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:

Հայաստանը պետք է շուտափույթ ստանա Ավետարանական եկեղեցու առաջնորդների աջակցությունը: Շարունակաբար աճում է մոտակա 12 ամիսների ընթացքում Իսրայելի կողմից Իրանի միջուկային կառույցների վրա հարձակման հավանականությունը: Քաոսային իրավիճակը և Իրանի թուլությունը, որոնք կհետևեն այդ հարձակմանը, բարենպաստ պայմաններ կստեղծեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար:

Նշված հանգամանքներում Ավետարանական քրիստոնյաների բարեկամությունը կարևորագույն դեր ունի՝ Ադրբեջան իսրայելական զենքի մատակարարումները կանգնեցնելու և Վաշինգտոնում երկու կուսակցությունների կողմից էլ Հայաստանը ակտիվ կերպով պաշտպանելու գործում:

Ամերիկայի Ավետարանական քրիստոնյաների հետ կառուցված կամուրջները կօգնեն հայերին ազդեցիկ դաշնակիցներ ձեռք բերել, ի շնորհիվ իրենց քրիստոնեական հավատքի և ինքնության ուժի ու խիզախության, որը երկուսի համար էլ պարծանքի գերագույն առարկա է հանդիսանում:

 

Ալեքսանդր Ստեփանյան

Քաղաքագետ, Բեռլին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031