Մայիսի 6-ին Տավուշի մարզի Դիլիջանի արվեստի պետական քոլեջում կայացավ համերգ` նվիրված երգահան, երաժշտագետ, խմբավար եւ մանկավարժ, հայ դասական ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի 140-ամյակին և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի հիմնադրման 100-ամյակին: Համերգին ներկա էր նաև հայտնի կոմպոզիտոր, թատերագետ և բանաստեղծ Մարինե Ալեսը:
Դիլիջանի արվեստի և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջների համատեղ համերգը նախաձեռնել էր Դիլիջանի համայնքային կենտրոնը` (TUF) Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Իմպուլս մենեջմենթ քոմփանի»-ի աջակցությամբ: Համերգի սկզբում համագործակցության հուշագիր ստորագրվեց 2 պետական քոլեջների միջև:
Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործություններին զուգահեռ համերգի ընթացքում հնչեցին նաև կոմպոզիտոր Մարինե Ալեսի երգերը: Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց նախաձեռնության դերը Դիլիջանի մշակութային կյանքում:
Կարդացեք նաև
«Մենք` մեր գործընկեր «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ»-ի և «Իմպուլս» կառավարման ընկերության հետ համատեղ, կամուրջ ենք հանդիսացել այս երկու կրթօջախների միջև և կարողացել կազմակերպել այս հրաշալի համերգը: Այն ոչ միայն մեծ հնարավորություն է փորձի փոխանակման, տաղանդավոր երիտասարդներին ճանաչելու, համագործակցություններ հիմնելու տեսանկյունից, այլ նաև բացառիկ հնարավորություն երիտասարդների համար` կատարելու կենդանի լեգենդ, Մարինե Ալեսի ստեղծագործությունները` իր իսկ ներկայությամբ»,-հավելեց Արմինե Հովհաննիսյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` Դիլիջանի համայնքային կենտրոնի