Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես սկզբունքայնությունը միշտ բարձր եմ դասել բիզնեսից»․ Արսեն Գրիգորյան

Մայիս 08,2023 21:44

Ռոմանսի Արսենը՝ այսպես են նրան տարբերակում հինգ Արսեն Գրիգորյաններից։ Նրա երգերից շատերը բոլոր ժամանակներում հիթեր են դառնում ու հեռուստատեսային երաժշտական նախագծերում բարձր հորիզոնականներ զբաղեցնում։ Սակայն Արսենը միայն երգարվեստով չի սահմանափակվում ու, իր փորձն ու գիտելիքները արդեն տարիներ շարունակ կիսում է նոր սերնդի հետ։

2018-ին հիմնադրեց «Արսեն Գրիգորյան» երգարվեստի դպրոց-ստուդիան, որը հետագայում կոչվեց «Arsen Grigoryan’s Studio»: Այս տարի Արսեն Գրիգորյանի ստուդիայի ավելի քան 9 աշակերտ մասնակցել է «Art Music Fest» երաժշտական փառատոնին ու այսպես ասած «տիրացել» գլխավոր մրցանակներին։

Երգչի հետ զրուցել ենք նրա ծրագրերի, նոր երգերի ու սաների մասին։

-Այս հինգ տարիների ընթացքում թողարկել ենք արդեն երեք տեսահոլովակ, 4-րդը ընթացքի մեջ է։ Ունեցել ենք երկու մենահամերգ, պատրաստվում ենք արդեն 3-րդին, որը տեղի կունենա հունիսի 14–ին։ Բայց իմ դպրոցի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ վերջին շրջանում մրցույթների մասնակցելը։

Դեռ անցյալ տարի մեր դպրոց–ստուդիան հրավեր ստացավ մասնակցելու միջազգային մրցույթ փառատոնի,որն անցկացվում էր Վրաստանի Բաթումի քաղաքում։ Այդ մրցույթի ամենագլխավոր մրցանակը՝ «Գրան պրի»-ն բերեցինք մենք։ Իսկ արդեն այս տարի «Art Music Fest» փառատոնին իմ սաներից Տիգրան Հունանյանը միակն էր, որ արժանացավ «Գրան պրի» մրցանակի: Անգամ այլ տարիքային խմբում «Գրան պրի» մրցանակ չեղավ։ Իսկ Տիգրանը ընդամենը 10 տարեկան պատանի է` տաղանդավոր ու արտիստիկ: Իմ դպրոցի համար նման սան ունենալը մեծ ձեռքբերում է: Այլ հրաշալի սաներ ևս ունեմ` Սամուել Եղիազարյանն ու Անուշ Խոշորյանը, ովքեր էլ զբաղեցրին պատվավոր առաջին հորիզոնականը՝ մրցելով իրենցից ավելի մեծ երգիչների հետ: Ունենք նաեւ երրորդ հորիզոնականը զբաղեցրած սաներ`Օհանյան Մարիան, Ավագյան Հայկը, Արզումանյան Արփին, Բաբայան Աննան եւ Լեւոնը՝ Միքայելյան:

Նշեմ, որ այս մրցույթին մասնակցում էին 100 և ավելի երեխաներ, ու տաղանդավորները մեծ թիվ էին կազմում։ Ես այդ փառատոնում ժյուրի անդամ էի, բայց իմ սաներին գնահատելու իրավասություն չեմ ունեցել։ Իմ երեխաներին ժյուրիի մնացյալ անդամները բավականին բարձր գնահատականների են արժանացրել, բայց նրանք չգիտեին ովքեր են իմ աշակերտները։

-Արսե’ն, կարծես այսօր առաջին պլան է եկել մանկավարժ Արսեն Գրիգորյանը՝ երգիչ Արսեն Գրիգորյանը զիջու՞մ է մանկավարժին։

-Իրականում, ոչ թե զիջում է, այլ իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ դպրոցին։ Ու ինչ որ տեղ երգիչ Արսենը տուժում է, բայց երգիչ, կոմպոզիտոր, երբեմն պոետ Արսենը բոլորովին այլ հասկացություն է, իսկ մանկավարժը` այլ։ Բայց ուզում եմ շեշտել` թեև իմ դպրոցը բացվել է 2018 թ–ին, էնպես չի որ մինչ այդ ոչինչ չեմ արել։ Երբ բացվեց Երգի պետական թատրոնի դպրոց –ստուդիան՝ ես առաջիններից էի, որ դասավանդում էի այնտեղ։

-Ի՞նչ զգացողություն ես ունենում, երբ բեմում քո աշակերտներն են։

-Ես սիրում եմ մանկավարժությունը։ Երեխաների հետ աշխատելը մի այլ հաճույք է ։ Հատկապես, երբ դիմացինդ տաղանդավոր է, ու ձեր միասին կատարած աշխատանքը կոնկրետ պտուղներ է տալիս։

– Վերջին շրջանում քո երգերը լսում ենք տարբեր մրցույթային նախագծերի ժամանակ։ Թերևս վերջինը՝ «Ազգային երգիչ» նախագծի անդամներից Սամվել Մալոյանը կատարեց այցեքարտդ դարձած երգերից մեկը՝ «Սերն է դա»։ «Խանդո՞վ» չես վերաբերվում։

– Բացարձակ, ինձ համար շատ հետաքրքիր է լսել այն։ Մարդիկ սովոր են այդ երգը լսել իմ գործիքավորմամբ, իմ ձայնով, իմ կատարմամբ։ Բայց երբ երգում է մեկը գործիքավորումը փոխած, մատուցում է նորովի , առաջին հերթին հետաքրքիր է ինձ։

Ի դեպ, այդ նախագծում նաև ժյուրի կազմում էիր ընդգրկվել։ Ու կարծես թե առաջին անգամ չէ, որ հանդես ես գալիս որպես ժյուրի։

-Այո, առաջին անգամ չէ։ Ես շատ վաղուց ու պարբերաբար եմ ընդգրկվում լավագույն, մեծ մասսայականություն վայելող նախագծերի ժյուրիի կազմում։ Դեռ 2012 թ–ից «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագիծն էր, հետո միջազգային «Դուետ», նախագիծը, հետո «Արմենիա» հեռուստաընկերության նախագծերին ու ինչպես ասում են` շարքը շարունակելի։

Եվ վերջինը, բավականին լուրջ ու բարդ աշխատանք տարվեց «Art Music Fest» մրցութային փառատոնին։ Ասեմ, որ ժյուրի լինելը բավականին լարված աշխատանք է: Իսկ երբ մասնակիցները տաղանդավոր են լինում, աշխատանքն ավելի բարդանում է։ Ճիշտ է, դժվար աշխատանք է, բայց և հաճելի։

-Երբեմն ժյուրիի գնահատականից է կախված տվյալ կատարողի ապագան ։ Դժվար չէ՞ ստանձնել նման պատասխանատվություն։

-Անշուշտ դժվար է, բայց անհամեստ չհնչի, եթե պրոֆեսիոնալ ես, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Օրինակ, այս վերջին մրցույթին, երբ երգում էին տարիքով ավելի փոքրերը՝ մենք ավելի մեղմ էինք մոտենում, բայց երբ բեմում արդեն քիչ թե շատ փորձ ունեցողն է, գնահատականը լինում է ավելի խիստ։ Ես մի սկզբունք ունեմ՝ չխաղալ այդ մարդկանց ճակատագրի հետ։ Չէ՞ որ մի օր ես եմ եղել մասնակից։

Իմ դեպքում եղել է պահ, որ ինձ կոտրել են, իմ կարծիքով սխալ գնահատելով ելույթս։ Բայց երգարվեստը այնպիսի աշխարհ է, որ եթե թույլ եղար կոտրվեցիր, ապա չես կարող կայանալ որպես արտիստ։ Իսկ կոտրվելու շատ առիթներ կան, պարզապես պետք է ուժեղ լինել։ Դու պետք է սիրով անես գործդ ու ամեն օր նոր քայլեր, նոր գործեր ձեռնարկես։

-Ովքե՞ր կարող են դառնալ քո դպրոցի սան, մրցույթով են ընտրվո՞ւմ։

-Եթե ես սկզբունքայնությունը չդասեի առաջին տեղում, այլ դասեի բիզնեսը, ապա իմ դպրոցի սաները հիմա 100-ից անց կլինեին ։ Հազվադեպ է լինում, որ ես միանգամից ընդունում եմ երեխաներին։ Պետք է լինի տաղանդավոր երեխա։ Հաճախ գալիս են երեխաներ, որոնց ձայնային ունակությունները այդքան էլ հստակ չեն , ու ես կասկածում եմ իրենց հետ կաշխատեմ, թե՞ ոչ ,ապա փոքրիկ փորձաշրջան են անցնում։ Բայց ամենակարևորը` երեխան պետք է լսողություն ունենա, ձայն ու իր բնությունը։

– Նշեցիր սաներիդ անունները, որոնք արդեն մրցանակակիրներ են, նրանց հետո այլ ծրագրեր ունե՞ս։

-Ուզում եմ դպրոցի լավագույն աշակերտներից խումբ ստեղծել, որտեղ սկսելու են բոլորովին այլ ճանապարհ։ Մեծ ցանկություն ունեմ, որ իմ դպրոցը մասնաճյուղեր ունենա հայաշատ վայրերում՝ սփյուռքում, որտեղ շատ տաղանդավոր երեխաներ կան։

Արսեն, ժամանակին քո երգերը հիթեր էին դառնում, հիմա կարծես առաջ ես մղել մանկավարժությունը ու երգիչը մնացել է «ստվերում»։

–Ինչ խոսք, երգիչ Արսենը մի փոքր տուժել է, բայց ժամանակավոր։ Այս պահին ես գտնվում եմ բուռն ստեղծագործական փուլում։ Հինգ նոր երգերի վրա եմ աշխատում, որոնք ոճային առումով միանգամայն տարբերվում են միմյանցից։

-Իսկ համերգների սպասե՞նք։

-Հիմա շատ մոդայիկ են դարձել ակումբային համերգները։ Ես մեր լավագույն ակումբներում անցկացրեցի մենահամերգների շարք՝ «Ես ու իմ դաշնամուրը» խորագրով։ Նման համերգները կլինեն շարունակական։Ես ստեղծագործական բուռն կյանքով եմ ապրում։ Ու ինչպես ինձ ճանաչում են, «Ռոմանսի Արսեն»-ի սիրուն ու հիթային երգերը հանդիսատեսը կլսի շուտով։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031