Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ուզում է ժողովրդին, բոլորիս համոզել, որ ՀՀ-ն դաշնակից չունի, դե, ինչ արած, պիտի թուրքերի հետ բարեկամանանք»․ Քրիստինե Նազարյան

Մայիս 08,2023 21:21

«Չեխիայում Նիկոլ Փաշինյանը հեգնեց ու ասաց, որ հիմա էլ, պարզվում է, սփյուռքն է մեղավոր, որ մենք Արցախ ենք կորցնում, ՀՀ-ից տարածքներ ենք կորցնում»,- անդրադառնալով Չեխիայում հայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հանդիպումներին՝ «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Սթափ զրույց» հարթակի հիմնադիր, «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Նազարյանը։

Այս թեման շարունակելով նա ասաց․ «Պարզվում է՝ սփյուռքն է մեղավոր այս ամենում, հանձնել է Արցախը և ՀՀ-ից տարածքներ։ Ուզում եմ հասկանալ՝ Արսինե Խանջյանը տեղյա՞կ է, որ Գորիս- Կապան ճանապարհն ինքն է անձամբ հանձնել, կամ Սերժ Թանկյանը ինքը հասկանո՞ւմ է, որ  կիլոմետրով Ջերմուկի հատվածն ինքն է անձամբ հանձնել։

Եթե չի հասկանում՝ Նիկոլն ուղիղ տեքստով ասաց՝ դուք եք այդ բոլորն արել։ Բոլորի մեղավորության չափաբաժինն այդ ամենում է, որ ինքը մինչև այսօր աջակցություն է վայելում։ Ներկաները, որ գնացել, հանդիպել էին ազգակործանի հետ, ոչ մեկ չասա՞ց՝ մենք 200 միլիոն փող ենք ուղարկել հիմնադրամին, դա ավելի քան բավական էր, որ Արցախի օդը փակվեր։ Բայց մենք գիտենք, չէ՞, որ դրանից հարյուր միլիոնը դուրս է եկել, մտել է ՀՀ կառավարություն և անհայտ ուղղությամբ մսխվել։ Սփյուռքը պարտավոր էր այդ հարցը տալ»։

Քրիստինե Նազարյանն ասաց՝ ակնկալում է Արսինե Խանջյանի պատասխանը․ «Այն մեղադրանքը, որը հնչեց, վերաբերում է ցանկացած հայի, որը երկրի կողքին է կամ նաև այլոց շահերը սպասարկող սփյուռքահայությանը։ Բոլորը դրա պատասխանը պետք է տան, այդ թվում Արսինե Խանջյանը»։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ Շուշին ազատագրելու մասին հայտարարություններին, ասաց․ «Սասունն ասել է այն արտահայտությունը, որը մոռացության մատնել, անտեսել հնարավոր չէ։ Դա այն արտահայտությունն էր, որ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատագրումը։ Այդ խոսքերի պատասխանը տալու է ժողովրդին։ Նիկոլից հետո եկած իշխանությունը պարտավոր է պատասխանի կանչել Սասուն Միքայելյանին»։

Խոսելով Արամ Սարգսյանի հայտարարությունների մասին՝ նա ասաց․ «Նրանից հետո, երբ մենք տեսանք Վազգեն Սարգսյանի պղծված հուշարձանը Շուշիում, Արամ Սարգսյանի կողմից դրանից հետո որևէ տառ ընդհանրապես հայրենասիրությունից, Արցախից կամ Հայաստանից խոսել, նշանակում է թքել այդ հուշարձանի վրա, անել այն, ինչ արեցին թուրքերը, երբ այդ հուշարձանը թողնվեց այնտեղ։ Եթե այդքան բարդ էր հուշարձանը հանել, կարելի էր այն պայթեցնել»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Թուրքիայում հնչեցրած հայտարարությունների առիթով էլ ասաց․ «Երբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ կոչեցյալը Թուրքիայում հայտարարում է այն մասին, որ «Նեմեսիս» արձանի տեղադրումը ոչ մի կապ չունի ՀՀ արտաքին քաղաքականության հետ, այդ քաղաքականությունը, պարզվում է, ՀՀ-ում արտացոլում են երկու հոգի՝ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարը՝ փաստացի ընդունելով, որ ՀՀ-ն խորհրդարանական երկիր չէ, ինքն էլ այդ խորհրդարանի նախագահը չէ»։

Որպես հակադրություն Քրիստինե Նազարյանն ասաց, որ բոլոր հարցումների համաձայն՝ ժողովուրդն իր կարծիքը միանշանակ է արտահայտում, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ Քրիստինե Նազարյանն ասաց․ «Հիմա հստակ անում է մեկ բան՝ մեզ ու աշխարհին ցույց է տալիս, որ հայ ազգը չունի դաշնակից։ Նա ասում է՝ ՌԴ-ի ռազմաբազայի ներկայությունը կարող է վտանգ ստեղծել մեր երկրի համար։ Անցնում է մեկ տարի, ասում է՝ ԵՄ դիտորդները մեր երկրի համար կարող են վտանգ ներկայացնել։ Ե′վ ԵՄ-ն, և′ ՌԴ-ն՝ բոլորը, Նիկոլի համար վտանգ են ներկայացնում՝ Իրանի մասին էլ չեմ խոսում։ Նիկոլ Փաշինյանն ուզում է ժողովրդին, բոլորիս համոզել, որ ՀՀ-ն դաշնակից չունի, դե, ինչ արած, պիտի թուրքերի հետ բարեկամանանք, իսկ դա այդպես չէ, ՀՀ-ն ունի դաշնակիցներ, Նիկոլ Փաշինյանը չունի դաշնակիցներ նշված ցանկում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031