Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը դատարկում է հանրապետությունը, շրջաններից Երեւան է բերում մարդկանց՝ ասում է, առ քեզ վարկ, տունդ կառնես»․ Հրանտ Բագրատյան

Մայիս 08,2023 21:03

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում գրանցված տնտեսական բարձր աճին:  Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ հետեւյալ գործոններն են առաջացել։ «Առաջինը՝ մենք արտահանում-ներմուծում ունենք Ռուսաստանի հետ, որը նպաստում է տնտեսական աճին, բայց բյուջե փող չի բերում։ Երկրորդ՝ Հայաստան է եկել 120 հազար ռուս, 11 հազարն արդեն հետ են գնացել, 110 հազարը մնացել են այստեղ։ Նրանք իրենց հետ ընդհանուր առմամբ բերել են 8 մլրդ դոլար փող։ Այդ 8 մլրդ բերածից մոտ կեսն արդեն դուրս է եկել, երկրից գնացել է, մյուս կեսն էլ դուրս գալու ճանապարհին է։ Բայց այնուամենայնիվ բանկերի վարկային պորտֆելը համալրվել է, որը թույլ է տալիս բանկերին վարկեր տալ եւ կառուցողներին, եւ ապագա տուն գնողներին։ Նիկոլ Փաշինյանը բռնում դատարկում է հանրապետությունը, շրջաններից մարդկանց բերում է՝ ասում է, առ քեզ վարկ, տունդ կառնես։ Բայց ժողովուրդը շարունակում է աղքատանալ»,- ասաց նա։

Ըստ Բագրատյանի՝ եթե նայում ենք տնտեսության դինամիկան վերջին 5 տարիներին, ապա պետք է խոստովանել, որ այսօր թոշակառուներն ապրում են ավելի վատ, քան 2018-ին, աղքատությունն աճել է, ծայրահեղ աղքատությունը գրեթե կրկնապատկվել է։ «Եվ սա ֆենոմեն է, երկիր, որը 7-8 մլրդ դոլար փող է ստացել, բնակչության զգալի հատվածն աղքատացել է։ Այս իրավիճակը բերել է դրամի անհարկի արժեւորմանը, իսկ մեր բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է դրսից եկող փողի հաշվին։ Բնակչության այդ հատվածը նույնպես աղքատացել է։

Այո, մենք ունենք պետական հատվածի աշխատողների աշխատավարձի բարձրացում, որը հիմնականում այն պրեմիաներն է, որ տալիս է իր մարդկանց։ Եվ բիզնեսում աշխատող մարդկանց եկամուտների որոշակի բարձրացում կա։ Բայց մենք ունենք թոշակառուների, ինչպես նաեւ տրանսֆերտների վրա նստած մարդկանց վիճակի բացարձակ վատացում։ Այս մարդկանց թիվը, որոնց վիճակը վատացել է, ավելին է, քան այն մարդկանց թիվը, որոնց վիճակը լավացել է։ Միջին հաշվով մարդիկ ապրում են ավելի վատ, քան 2018 թվականին»,- ընդգծեց Բագրատյանը։

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե հայ-թուրքական սահմանի բացման եւ տարածաշրջանում խաղաղություն ունենալու դեպքում տնտեսությունը կաճի, Հրանտ Բագրատյանն ասաց․ «Մեծ բան չենք ունենա։ Թուրքիայի հետ այսօր էլ ունենք 300-500 մլն դոլարի տարեկան առեւտուր։ Տրանսպորտային ծախսերը մի փոքր կկրճատվեն, որը 3-4 տոկոսով կավելացնի այդ առեւտուրը, այսինքն՝ 500 մլն դոլարը կարող է դառնալ 550 մլն։ Ադրբեջանի մասով ես առաջիկայում մեծ ակնկալիք չունեմ, այնպես չէ, որ մենք կսկսենք ադրբեջանական գազ ստանալ։ Եվ ընդհանրապես ես Ադրբեջանի հետ չեմ սպասում տնտեսական հարաբերություններ, որովհետեւ հայկական հողերի նկատմամբ նկրտումները, զավթումները վերջ չեն ունենալու, քանի դեռ Հայաստանում կա թույլ իշխանություն»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031