Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անում են, որ բանակի հեղինակությունը որքան հնարավոր է հավասարեցնեն պլինտուզի մակարդակի»․ Հրանտ Թոխատյան

Մայիս 08,2023 20:45

Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մենք չունենանք այն հերոսներին, որոնցով սերունդ կմեծացնենք։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց դերասան Հրանտ Թոխատյանը, ով Հակակոռուպցիոն դատարանի մոտ մասնակցում էր ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի  բողոքի ակցիային։

«Որ կողմ նայում ես, կամ դատի մեջ են, կամ դատվում են, կամ խոսք է գնում, որ կդատվեն։ Ու սա ուղղակի խայտառակություն է, այսպիսի բան անել չի կարելի։ Եթե ասելիք ունեին, կարող էին առանձին հանդիպել զինվորականների հետ, փորձել շատ ներքին կարգով այդ հարցը լուծել։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է փակ այս դատավարությունը։ Անկախությունից ի վեր միշտ մեր երկրում եղել է երկու ինստիտուտ, որոնք համարվել են կայացած։ Դա եղել են եկեղեցին եւ բանակը։ Վերջին տարիներին երկու ինստիտուտն էլ ամեն կերպ քարկոծվում են։ Սա արվում է նրա համար, որպեսզի բանակի հեղինակությունը որքան հնարավոր է հավասարեցնեն համարյա պլինտուզի մակարդակի։ Բանակը երկրի այն ինստիտուտն է, որը մեր այսօրն է, վաղն է, որովհետեւ ամեն ինչ մեր բանակի ձեռքին է, մեր զինվորականների։ Մանավանդ Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի պես գեներալները»,- ասաց Թոխատյանը։

Ըստ Հրանտ Թոխատյանի՝ այսօր հայ հասարակության բավական մեծ հատված պատրաստ չէ երկրում փոփոխություն անել։ Մարդիկ տանը կամ խոհանոցում միգուցե դժգոհում են, բայց երբ բանը հասնում է որեւէ գործողություն անելուն, հետ են կանգնում իրենց անելիքից։ Նրա խոսքով՝ գործողություններ արվում են որոշ խմբերի կողմի, բայց կա հիասթափություն ու անվստահություն կուսակցական ընդդիմության հանդեպ։ Եվ դրա մեղքը ընդդիմության վրա է, ոչ թե ժողովրդի։ «Հիմա անընդհատ ստեղծվում են խմբեր, այդ խմբերն սկսում են իրար հետ համագործակցել, տա Աստված, որ լինի հաջողություն»,- ասաց նա։

Հրանտ Թոխատյանն անդրադարձավ նաեւ գերեվարված հայ զինծառայողներին։ «Դա ոչ միայն մեր երկրի դժբախտությունն է, այլ խայտառակությունն է, երբ համարյա մատը մատին չեն տալիս։ Ասում են՝ մենք ամեն ինչ անում ենք, բայց ամեն ինչ անելու դեպքում ինչ-որ բան կստացվեր։ Տեսնում ենք՝ մեզանից մի քիչ այն կողմ ռուս-ուկրաինական պատերազմն է, անընդհատ գերիներ են փոխանակում, կարողանում են պայմանավորվել։ Լավ, մենք չենք կարողանում մեր տղաներին վերադարձնենք, բայց մինչեւ հիմա անհետ կորածներ էլ կան, բա դա խայտառակություն չէ՞»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031