«Գրիգորի Խաչատուրովը ոչ միայն իր անձով է հետաքրքիր այս իշխանությունների համար, այլ չմոռանանք նաեւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական հետապնդումը։ Եվ չմոռանանք այն հայտնի ձայնագրությունը, որում Վանեցյանը խոսում էր Սասունի հետ։ Ասում էր՝ պետք է մեծ գրավ կիրառենք, Վանեցյանն էլ ասում էր՝ բա էդքան փող չունի Խաչատուրովը, խայտառակ կլինենք, եթե մեծ գրավ կիրառենք, փողը չի կարող տալ»,- այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Հակակոռուպցիոն դատարանի մոտ մասնակցում էր ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի բողոքի ակցիային։
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ իշխանությունները, նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեն, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ունեն այն տեղեկատվությունը, որ այս մարդիկ կոռումպացված չեն, այդքան գումար չունեն։ «Բայց դրա հետ մեկտեղ, հիշո՞ւմ եք, որ 2016 թվականին լուրեր էին տարածում, թե 800 հեկտարի մեր պարտությունը կապված էր նրա հետ, թե Խաչատուրովն իբրեւ թե չէր ղեկավարել մարտերը, այլ բիլիարդ էր խաղում, վիսկի էր խմում։ Այս կեղծ լուրերի շարունակությունն ու տրամաբանություն այսօր այս կեղծիքն է այս դատարանում։ Կան գեներալներ, որ, այո, հողը չէին հանձնելու, դիրքերը չէին հանձնելու, դեմ էին գնալու, չէին հանդուրժելու։ Եվ այդ գեներալներից է Գրիգորի Խաչատուրովը, որն այս պահին հանիրավի հետապնդվում է։ Հետեւելով քրեական գործի նյութերին՝ կարող եմ ասել, որ այնքան փնթի եւ անգրագետ են կազմել, բայց քանի որ պատվերը կա, այդ փնթի եւ անգրագետ գործը բերել են դատարան։ Եվ այստեղի կամակատար դատավորներն էլ այդ պատվերը կատարում են։ Դատական նիստն սկսվելուց 10 րոպե անց Խաչատուրովը պետք է այստեղից գնար, ազատ արձակվեր։ Եթե շարունակվում է, դա նշանակում է, որ պատվեր կա»,- ասաց Փոստանջյանը։
Ըստ նրա՝ այս գործը քննող դատավորը չի ազատվելու անօրինական դատական ակտ կայացնելու պատասխանատվությունից։ «Պատիժն իրեն հետապնդելու է, վրեժն անարդար դատական ակտի համար գալու է։ Այնպես չէ, որ հավաքվեցին, պատվերը կատարեցին, գնալու են իրենց տուն՝ վայելելու կյանքը։ Վերջիվերջո մենք վերականգնելու ենք մեր պետական ինստիտուտները, եւ բանակը պետք է ծառայի նպատակին։ Գեներալը բանակում այսօր սովորական մի անձ չէ, մեծ գիտելիքների տեր է այդ մարդը։ Մենք հասկանում ենք, որ նաեւ պրոֆեսիոնալիզմից են զրկում մեր բանակը»,- հավելեց Փոստանջյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ