Լրահոս
Օրվա լրահոսը

Մահապարտների ջոկատի հրամանատարի տեղակալ․ «Հինգ պատերազմի եմ մասնակցել, բայց այսպիսի բան չեմ տեսել, որովհետեւ ունեինք Վազգեն Սարգսյան»

Մայիս 08,2023 20:00

«Եղնիկների» արծիվներ ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար Արման Ստեփանյանը «Փաստարկ» մամուլի ակումբում իր համաձայնությունը հայտնեց «Սեւքարեցի Սաքո» մահապարտների ջոկատի գաղափարախոսությանը եւ կոչ արեց հանրությանը՝ միանալ մեր երկրի անվտանգությունը եւ ընդհանրապես, երկիրը փրկելու գործին։ «Ես երկու պատերազմներով անցած ուղի ունեմ, մասնակցել եմ ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներին ու շատ բան եմ տեսել։ Բայց որ իմ ընկերները արյուն են թափել, ընկեր են կորցրել ու այսօր արտահայտություն է արվում, որ թշնամին կարող է մեր երկրի տարածքում «կոլչկա» խփել, դա մենք թույլ չենք տալու»,-ասաց նա։

«Սեւքարեցի Սաքո» մահապարտների ջոկատի հրամանատարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը հավելեց․ «1990 թվականից սկսած արդեն հինգերորդ պատերազմն է, որին մասնակցել եմ։ Կռվել եմ անգամ Լեոնիդ Ազգալդյանի կողքին ու ասում եմ՝ մենք բոլորս, եթե ֆիդայիներ ենք, ազգը սիրող մարդիկ ենք, չենք կարող թույլ տալ, որ իրենց ուզածով անեն։ Ես հինգ երեխա ունեմ ու մեր բոլոր զինակից ընկերների անունից էլ կարող եմ ասել, որ այդպես չի լինելու։ Մենք այսպիսի բան չենք տեսել, որովհետեւ ունեինք Վազգեն Սարգսյան»։

Ջոկատի հրամանատարը՝ Ռաֆայել Քոչարյանը, հավելեց․ «Մինչեւ հրամանատար դառնալը եղել եմ զինվոր, ծառայել եմ Հայաստանում, մարտական առաջնագծում պահել եմ դիրքեր։ Եվ ծառայության երկու տարվա մեջ երբեւէ չեմ լսել հրաման, որ հակառակորդի ոտնձգության դեպքում պատասխան կրակ չի կարելի արձակել։ Այն ժամանակ ադրբեջանցիները վախեցել են մեր վրա անգամ ատրճանակով կրակել»,-ասաց նա ու մեջբերեց կանոնադրությամբ մարտական հենակետի դիտորդին ներկայացվող  պարտականությունները, որտեղ հստակ նշված է, թե նա կոնկրետ ինչ գործողություններ է պարտավոր անել։ «Այն ժամանակ երբ որեւէ զինվոր այդ սկզբունքին դեմ էր լինում զիվորական տրիբունալով դատում էին։ Այնպես որ, ես այսպիսի բան, երբ զինվորին ասում են չկրակել կամ երբ զինվորը խախտում անի, ամբողջ ջոկատն են իջեցնում դիրքերից, չեմ լսել ու չեմ տեսել, ինչպես արել են «Խաչակիրներ» ջոկատի հետ։ Մեր պետության ղեկավարները չեն էլ թաքցնում, որ իրենց բանակ պետք չի ու արդեն այդ մասին խոսում են ԱԺ-ից։

Բայց ուզում եմ հայտարարել, որ մենք ունենք շատ հզոր բանակ,շատ հզոր զինվորներ, շատ հզոր սպաներ։ Ուղղակի իրենց պետք է մի ղեկավար, որը ճիշտ հրաման կտա, այլ ոչ թե անընդհատ հետ նահանջի։ Նահանջելով երկիր չեն պահում։ Արցախում 120 հազար մարդու թողել են գերի ու դեռ անընդհատ ասում են՝ պիտի տանք։ Մենք նման հրամանատար չենք  ուզում ունենալ։ Նրա տված հրամանները ոչ մի կերպ մեր վրա չեն ազդելու։ Ու մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականը»,-ասաց մահապարտների ջոկատի հրամանատարը՝ հայտարարելով, որ իրենք մահապարտ են ու մահից վաղուց արդեն չեն վախենում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031