Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությանը մասնակցող 13 մեղադրյալ կա։ Մեղադրյալ է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այսօրվա դռնփակ դատական նիստից հետո փաստաբան Միհրան Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց։
«Երբ Գլխավոր դատախազը եկավ Ազգային ժողով, ներկայացրեց Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք տարբեր գործերով հանգամանքներ։ Երեք տարբեր միջնորդագիր է ներկայացվել երեք տարբեր մեղադրանքների հետ կապված, որոնցից մեկը գաղտնի է ներկայացվել։ Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական երեք գործերը միացրել է իրար։
Այսինքն՝ այս երեք քրեական գործերի միակ կապող բանը դա պարոն Օհանյանն է։ Այդ իսկ պատճառով մենք բոլորս հայտնվել ենք այդ քննիչի որոշման պատանդի կարգավիճակում, որ որոշել է Սեյրան Օհանյանի բոլոր գործերը միացնել մեկ վարույթում։ Այն մարդիկ, որոնք ընդհանրապես որեւէ առնչություն չեն ունեցել այս ենթադրյալ հանցանքների հետ, հայտնվել են մեկ քրեական գործի շրջանակներում։ Դրա համար ունենք դատավարությանը մասնակցող 13 մեղադրյալ, այդքան պաշտպան։ Բայց ընդհանուր կապ գոյություն չունի այս դրվագների մեջ, այսինքն՝ Գրիգորի Խաչատուրովին մեղսագրվող արարքը բացարձակապես կապ չունի Դավիթ Գալստյանի կամ այլ անձանց մեղադրանքի հետ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ