Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ:
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, թեմալակ առաջնորդը հանդես եկավ ոգեկոչման խոսքով: Ներկաները աղոթք հնչեցրին առ Աստված՝ նահատակների հոգիների խաղաղության համար, ապա ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Շուշիի խորհրդանշական խաչքարին:
Երաժշտական կատարումներով հանդես էին գալիս Գուգարաց թեմի երգչախումբը, «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը:
Միջոցառման մասնակիցները՝ մարզպետի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոններ, ուր հանգչում են Արցախյան պատերազմներում նահատակված հերոսները:
Կարդացեք նաև
Արամ Խաչատրյանը և ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց սուրբ շիրիմներին:
Լոռու մարզպետի աշխատակազմ