Այս օրերին ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացին զուգահեռ տարբեր ֆակուլտետներում կազմակերպվում են ուսանողների կողմից սիրված «Ուսանողական գարուն» միջոցառումները։
«Ուսանողական գարուն»-ը այսօր ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում էր։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։
Ուսանողները հանդես եկան ասմունքով, ազգագրական, երաժշտական, պարային կատարումներով, ներկայացրին ուսանողական կյանքն արտացոլող տեսանյութեր, բեմականացում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։
Ուսանողական խորհրդի նախագահ Անի Աբրահամյանի խոսքով՝ «Ուսանողական գարունը» ԱրՊՀ-ի գեղեցիկ ավանդույթներից է, որը պատերազմից հետո արդեն մի քանի տարի է՝ ինչ ընդհատվել էր։
Կարդացեք նաև
«Այս ուստարում վերջապես կարողացանք իրագործել «Ուսանողական գարուն» միջոցառումների շարքը՝ ըստ ֆակուլտետների։
Մեր ֆակուլտետում, վստահ եմ՝ ամբողջ բուհում բազմաթիվ տաղանդավոր ուսանողներ կան, որոնց մասին չենք էլ լսել։ Եվ ահա ուսանողական գարունը հիանալի հնարավորություն է՝ շնորհաշատ ուսանողներին բացահայտելու, երկրում ու բոլորիս սրտերում տիրող լարվածությունը մի փոքր ցրելու և միմյանց լավ տրամադրություն հաղորդելու», – ասում է Անին՝ հավաստիացնելով, որ ուսանողների համար կարևոր նշանակություն ունեն նման մշակութային միջոցառումները։
Ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը, գոհունակություն հայտնելով միջոցառումից,
շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակից ուսանողներին և կազմակերպիչներին՝ ներկաներին շնորհավորելով Մայիսյան եռատոնի առթիվ. «Դժվար օրեր ենք ապրում, բայց չպիտի ընկճվենք։ Պետք է շարունակենք ապրել և ապրեցնել։ Ապրել՝ նաև կազմակերպելով նման միջոցառումներ՝ ամուր պահելով մեր ազգային ինքնությունը»։
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ