Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Մայիս 08,2023 18:40

Օրերս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն է տեղի ունեցել Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում։

Սեփական դիմումի համաձայն տնօրենի ժ/պ-ի պարտականություններից ազատվել է Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի կողմից նշանակված Հովհաննես Վարձելյանը։ Նրա փոխարեն ժ/պ է նշանակվել վնասվածքաբան Կարեն Գևորգյանը։ Նա աշխատում է Գյումրի բժշկական կենտրոնում, կարճատև գլխավորել է նաև Գյումրու Բեռլին պոլիկլինիկան։

Նա, ըստ մեր աղբյուրների, ՔՊ-ի համակիր է։

Թե ինչո՞ւ են Գյումրու մանկական հիվանդանոցում մի ժ/պ-ին փոխարինում մյուս ժ/պ-ով, այս հարցին իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ անդրադարձավ նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն՝ ասելով․ «Ավստրիական մանկական հիվանդանոցում մրցույթ էր հայտարարված։

Մրցույթի օրվանից մի քանի օր առաջ գործող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Մրցույթում էլ հաղթող չի ճանաչվել, մենք, բնականաբար, պիտի նշանակեինք նոր պաշտոնակատար։ Նշանակել ենք և նորից մրցույթ ենք հայտարարում»։

Մարզպետը միաժամանակ պարզաբանեց, թե չեն կարող թափուր պաշտոններում նախապատվությունը տալ իր թիմակիցներին սոսկ այն պատճառով, որ մրցույթ է հայտարարվում, և թեկնածուն պիտի բավարարի օրենսդրության պահանջներին։

Ժամանակավոր պաշտոնակատարները ևս սահմանված չափորոշիչներին պիտի համապատասխանեն։

«Եթե չեն համապատասխանում այդ չափորոշիչներին, նշանակություն չունի՝ թիմակից է, ոչ թիմակից է, պիտի բավարարեն օրենսդրության պահանջներին»,- ասաց Մուշեղ Մուրադյանը։

 

Նշենք, որ չնայած մանկական հիվանդանոցի տնօրենի թափուր հաստիքի համար մարզպետարանը մրցույթ է հայտարարում, նախկին տնօրեն Ժորժիկ Սերոբյանը դատական կարգով վերականգնվել է իր պաշտոնում։

Հիշեցնենք, որ այս հիվանդանոցում յուրաքանչյուր նորեկ մարզպետ իր կադրին է նշանակում․ նախկին մարզպետներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, հայտնվելով աղմուկի կիզակետում, այս պաշտոնում նշանակեց իր թիմակցին՝ մոտ ընկերոջ քեռու որդուն՝ Ժորժիկ Սերոբյանին, որին, սակայն․ պաշտոնից ազատեց Հովհաննես Հարությունյանը։

Նա որպես տնօրենի ժ/պ աշխատանքի հրավիրեց Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին։

Մարզպետ Հովհաննես Հարությունյանի պաշտոնաթող լինելուց հետո Շիրակի մարզպետ նշանակված Նազելի Բաղդասարյանը տնօրենի ժ/պ նշանակեց «Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանին։

Այժմ էլ Մուշեղ Մուրադյանը Հովհաննես Վարձելյանին փոխարինեց Կարեն Գևորգյանով։

Նշենք, որ Գյումրու մանկական հիվանդանոցը մտադիր են միավորել Գյումրի բժշկական կենտրոնին, որին սակայն դեմ է մանկական հիվանդանոցի ողջ անձնակազմը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031