Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին Սյունիքի հատվածում առաջխաղացում ունի. հիմա ճշտումներ ենք անում». Հրանտ Բագրատյան

Մայիս 08,2023 18:29

«Թշնամին Սյունիքի հատվածում առաջխաղացում ունի. հիմա ճշտումներ ենք անում»,- այսօր հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ «Միասին» հասարակական-քաղաքական շարժման խորհրդի անդամ Հրանտ Բագրատյանը:

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն այսօր քննարկում էր հրավիրել Նեմեսիսի ասպետների հուշարձանի մոտ՝ արժեւորելու «Նեմեսիս» գործողության պատմական, քաղաքական, իրավական հիմքերը, ոգեկոչելու մայիսյան Եռատոնը:

Ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ նոր՝ վատ բան պիտի տեսնենք, ի՞նչ սպասելիքներ պետք է ունենանք. հարցերը հնչեցրեց Հրանտ Բագրատյանը՝ ինքն էլ պատասխանելով. «Դեպի Արցախ տանող ճանապարհը բացելու հույսեր՝ Ադրբեջանի կամ ռուսների կողմից՝ չկա, Ադրբեջանն ասում է՝ միջանցք ես խոսք տվել դեպի Նախիջեւան՝ տուր՝ բացեմ: Իրականում, ստացվում է, որ Արցախի ճանապարհը փակողը Նիկոլ Փաշինյանն է. խոստումներ է տալիս՝ չի հասկանում, մտածում է՝ ոնց ֆռռցնի, սրան քցի, նրան քցի: Հա, ի դեպ, գնաց Ֆրանսիա, ԱՄՆ, նրանք էլ ասացին՝ միջանցքը պիտի տաս՝ առանց ռուսների հերթապահության, ռուսներն ել ասացին՝ կերա՞ր՝ քո հակառուսական ալիքներով. մի 10-15 ստահակ էլ կա, ամբողջ օրն իր մոտ են հավաքվում, ամբողջ օրը խոսում են հակառուսական. արա ի՞նչ գործ ունեք՝ հակառուսական, հակաամերիկյան, վեր ընկեք տեղներդ մնացեք, տեսնենք էս երկիրը ոնց ենք կարողանում փրկել: Դուք ո ՞վ եք»:

Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաեւ վաշինգթոնյան բանակցություններին՝ նկատելով, որ ԱՄՆ-ում պայմանագիր ստորագրել չստացվեց, քանի որ ադրբեջանական կողմը կտրուկ մերժել է ԼՂ կամ Արցախ արտահայտությունն ամրագրել փաստաթղթում, հետո, առաջարկել է գրել՝ «էթնիկ փոքրամասնություններ». «Երբ հայկական կողմն ասել է՝ մենք Արցախը նկատի ունենք, դու՞ք ինչ նկատի ունեք, ասել են՝ այն ադրբեջանցիները, որոնք Ադրբեջան են եկել Հայաստանից. 247 բնակավայր եւ հայկական կողմը չի ասել՝ ձեզ մոտից էլ 400 բնակավայրից ու եթե ձեր մոտից Հայաստան է եկել 450 հազար մարդ, 550 հազար էր ապրում, որից 130 հազարն Արցախում, ապա, մեր մոտից եկել է ընդամենը 155 հազար մարդ»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, Ադրբեջանի նախագահը, մինչեւ մեծ պատերազմով գալ գրավելը, որպեսզի միջազգային հանրությունն իր վրա քիչ «մռթմռթա», ադրբեջանական «դեսանտ» է գալու Հայաստան. «Թե՝ եկել ենք՝ մեր հողերում ապրենք. սա է մեզ սպասվում՝ իմացեք եւ շտապեք սրանց հեռացնելու իշխանությունից, որ ասի՝ բա մեր 450 հազարը, բա Արմենիքենդը, բա Շուշին, Հադրութը, Չարդախլուն, Գետաշենը, Մարտունաշենը… Մեկը պիտի՞ ասի սա, եթե չես ասում, ուրեմն՝ դու կախված ես նրանից, չես կարում իր թանին թթու ասես»:

Հաջորդ տհաճ անակնկալը, որը մեզ սպասվում է, ըստ բանախոսի, այն է, որ Ադրբեջանը մտածում է՝ կամաց-կամաց վերցնել Արցախը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031