Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հասարակությունը ծերացող հասարակություն է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Մայիս 08,2023 18:23

Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերին անցկացված մարդահամարի ցուցանիշները մտահոգիչ են, հատկապես առկա բնակչության մասով, որը 2011 թվականի համեմատ նվազել է ավելի քան 232 հազարով` կազմելով 2,6 մլն մարդ: Սակայն մշտական բնակչության թիվը նվազել է 90 հազարով։ 2022-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 928 914 մարդ: 2011-ին անցկացված մարդահամարի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով։ 2011-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001-ին՝ 3 213 011 մարդ: Այս մտահոգությամբ այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպվել էր քննարկում «Հայաստանի նվազող բնակչությունը, ինչպես լուծել սրվող ժողովրդագրական խնդիրները» թեմայով:

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի հանձնարարականով, մարդահամարները յուրաքանչյուր տասնամյակը մեկ են անցկացվում, Հայաստանում վերջին մարդահամարն անցկացվել է անցած տարվա հոկտեմբերի 1-ին, որը նախորդներից տարբերվում էր անցկացման եղանակով: Հայաստանի անկախությունից ի վեր՝ անցկացվել են ավանդական եղանակով, իսկ այս անգամ համակցված եղանակով։ Ի տարբերություն 2001-ի և 2011-ի, այս անգամ մարդահամարն անցկացվել է ընտրանքային հետազոտության միջոցով` համակցելով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից հավաքված տվյալները: «Բուն գործընթացը տևել է 10 օր, 2022թ. հոկտեմբերի 13-22-ը՝ ներառյալ, որից հետո ունեցել ենք մոտ 5 օրվա վերահսկիչ շրջագայություն, որպեսզի կարողանանք ամփոփել, բացթողումները շտկել: Ընդ որում` այս անգամ նորարարություն էր նաև ոչ թե թղթային տարբերակով, այլ էլեկտրոնային տարբերակով՝ պլանշետների միջոցով տվյալների հավաքագրումը»,-նշեց Կույումջյանը՝ հավելելով, քանի որ առաջին անգամ էին այս եղանակով մարդահամար անցկացնում՝ որոշակի դժվարությունների են հանդիպել:

«Մեծ հաշվով՝ տվյալները շատ չեն տարբերվում և այն դինամիկան, որ մենք տեսնում էինք մարդահամարը ցույց է տալիս, պարզապես միգրացիայի մասով էական հանգամանքն այն է, որ միգրացիոն դինամիկան Հայաստանում փոխվել է և կարևոր է հասկանալ բազայի տրենդները, որոնք փոխվել են: Անցած տարվա միգրացիայի մնացորդի ցուցանիշը եղել է դրական՝ 5900, 2021թ. բացասական դինամիկա ունեինք, սակայն 2020թ ևս ունեինք +3400 և վերջին 30 ամյակի ընթացքում սրանք 2 եզակի դեպքեր են , երբ Հայաստանի միգրացիայի մնացորդը դրական է արձանագրվել»,-նշեց ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով, վերջին 5 տարիների ընթացքում, բացառությամբ՝ 2021թ, որն իր վրա կրում է հետքովիդյան և հետպատերազմյան ազդեցությունը, որոշակի դրական դինամիկա արձանագրվել է սահմանահատումների մասով: «Իմ կարծիքով, մեր բազային միգրացիոն տենդենցն առնվազն վերջին տասնամյակին, դա օտարերկրացիների քանակի ավելացումն է Հայաստանում, որն արդեն վիզուալ կերպով շատերը սկսել են արձանագրել: Հայաստանում որոշակի ժամանակով հաստատվող օտարերկրացիների մասին է խոսքը, այլ ոչ թե՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ներհոսքով»,-ընդգծեց Ղազարյանը և հավելեց,- «Մեր հասարակությունը ծերացող հասարակություն է: Միգրացիոն փոփոխվող դինամիկան և ծերացումը մեր ժողովրդագրական բազայի տենդենցներն են»:

Անդրադառնալով հասարակության ծերացման միտումներին՝ մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նկատեց, որ հատկապես այն երիտասարդները, ովքեր ունեն մշակութային կապիտալ, ձգտում ունեն ավելի զարգացած երկրներ տեղափոխվել:

Քննարկումը վարողի այն հարցին, թե որոշ մասնագետների կարծիքով, տարօրինակ է, որ առկա բնակչության և մշտական բնակչության միջև տարբերությունն այսքան մեծ թիվ է՝ մոտ 300 հազար, ինչո՞վ է դա պայմանավորված՝ Վիճակագրական կոմիտեի պաշտոնյան ասաց․ «Այո, մենք ևս մասնագետների կարծիքը լսել ենք, ես արդեն ասացի, որ այս թվերը դեռևս առաջին ստուգաճշտումն են անցել՝ հաշվի առնելով համակցված մեթոդի բարդությունը և այդ աշխատանքները դեռևս շարունակվում են և բացառված չէ, որ այդ ցուցանիշներում որոշակի ճշգրտումներ արվեն»:

Հիշեցնենք, որ կառավարության ռազմավարական նպատակներում ամրագրված է, որ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը առնվազն 5 միլիոնի են հասցնելու:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031