Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում բացվել է իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոն

Մայիս 08,2023 18:08

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել Գրանադայի համալսարանի (Իսպանիա) հետ համագործակցության շրջանակում ստեղծված իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Նորաբաց կենտրոնը նպատակ ունի ամրապնդելու ԵՊՀ-ի և Գրանադայի համալսարանի միջև գիտական և մշակութային կապերը:

Կենտրոնն իրականացնելու է հետևյալ գործունեությունը. գիտական համագործակցության կազմակերպում, համատեղ ծրագրերի իրագործում, իսպաներենին և իսպանական մշակույթին նվիրված տարբեր դասընթացների կազմակերպում, տեղեկությունների և դիդակտիկ նյութերի փոխանակում, ինչպես նաև իսպաներենով մասնագիտական գրականության պարբերական արդիականացում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով միջազգային գործընկերների հետ գործակցության շրջանակում տարբեր ծրագրերի իրականացումը, ամառային դպրոցների անցկացումը, ինչպես նաև նոր լսարանների ու կենտրոնների բացումը, նշեց, որ համալսարանի առաջնային նպատակներից մեկը եղել և մնում է բուհի միջազգայնացումը: Հ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ փոխանակման ծրագրերին ակտիվ մասնակցություն են ունենում ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները օտար լեզուների իմացության շնորհիվ: Նրա խոսքով՝ «Էրազմուս+» ծրագրի և միջազգային շարժունության առումով եվրոպական առաջատար՝ Գրանադայի համալսարանի հետ համագործակցությունը կամրապնդվի հետագայում փոխանակման ծրագրերի աճով:

ԵԼՀ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, անդրադառնալով ԵՊՀ-ի և Գրանադայի համալսարանի համագործակցությամբ ֆակուլտետում նորագույն տեխնիկայով հագեցած կենտրոնի բացմանը, ընդգծեց, որ սա ևս մեկ հնարավորություն է ուսանողների համար՝ նորովի ճանաչելու իսպանական բազմադարյան գրականությունը, լեզուն և մշակույթը:

Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը փաստեց, որ իսպաներենի՝ ԵՊՀ կրթական համակարգում ներդրվելուց հետո ռոմանական բանասիրության ամբիոնը դարձել է Հայաստանում իսպանագիտական ուսումնասիրությունների կարևոր կենտրոն:

Խոսելով նորաբաց կենտրոնի մասին՝ Հ. Բաղդասարյանը մատնանշեց. «Կարծում ենք՝ կենտրոնի ստեղծումը նոր հեռանկարներ կբացի Գրանադայի համալսարանի հետ գիտահետազոտական և ուսումնական տարբեր ծրագրեր մշակելու առումով: Այս համագործակցությունն իր ներդրումը կունենա նաև ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքների, ուսումնական գործընթացների արդիականացման և միջազգայանացման հարցում»:

Հ. Բաղդասարյանի խոսքով՝ կենտրոնի բացումը համալսարանում կարևորվում է նաև նրանով, որ բարձրագույն կրթության աճող և գլոբալացող մրցունակության համատեքստում օտար լեզուների դասավանդման մեթոդների արդիականացման խնդիրներ են առաջանում, և կրթական այս նոր մարտահրավերներին դիմակայելու համար միջազգային առաջատար բուհերի հետ համագործակցությունը դառնում է անհրաժեշտություն:

Գրանադայի համալսարանի լեզվական քաղաքականության վարչության տնօրեն Գուադալուպե Սորիանոն նշեց, որ Գրանադայի համալսարանի և ԵՊՀ-ի միջև արդեն կան համագործակցության որոշ ծրագրեր, ինչպես «Էրազմուս+» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվում է ուսանողների և դասախոսների փոխանակում, իսկ այս կենտրոնի բացումը կնպաստի երկու բուհերի միջև ակադեմիական, գիտական և մշակութային կապերի ամրապնդմանը, ԵՊՀ-ում իսպաներենի և իսպանական մշակույթի ուսումնասիրության հետագա զարգացմանը:

Միջոցառման ավարտին երաժշտական կատարումներով հանդես եկան ԵԼՀ ֆակուլտետի իսպանական բաժնի ուսանողները:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և Գրանադայի համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք:

ԵՊՀ մարքեթինգի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031