Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

44-օրյայում զոհվածների ծնողները Շուշիի ազատագրման օրը հայտարարեցին պետականության գահավիժումը կասեցնելու ակտիվ պայքարի անցնելու մասին

Մայիս 08,2023 18:35

44-օրյա պատերազմում անմահացրած մեր հերոս զինվորների ծնողները, որոնք տեւական ժամանակ պայքարում են իրենց որդիների զոհվելու, անհետ կորելու կամ գերեվարվելու հանգամանքները պարզելու համար, «Փաստարկ» մամուլի ակումբում հիշեցրին, որ 1992 թվականի այս օրը սկսվեց Շուշիի ազատագրման օպերացիան, որից հետո մենք ունեցանք փայլուն հաղթանակ։ «Երկար ժամանակ մենք նշում էինք այդ հաղթանակի օրը։ Բայց ցավոք, վերջին երեք տարում այս իշխանության գործողությունների հետեւանքով մենք չենք կարողանում նշել այդ գեղեցիկ հաղթանակը։ Ես ուզում եմ հիմա մեկ րոպե լռությամբ հարգել ոչ միայն Շուշիում իրենց կյանքը զոհած մեր հերոսների, այլեւ Արցախյան ամբողջ գոյամարտում հերոսացած մեր հայրենակիցների հիշատակը»,-ասաց զոհվածի հայր Արամ Ռոստոմյանը եւ ընթերցեց իրենց հիմնադրած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության հայտարարությունը։

«Սիրելի հայրենակիցներ, հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգված քույրեր եւ եղբայրներ։ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական եւ իրավական փակուղին, անպատժելիության եւ երկակի ստանդարտների մթնոլորտը շարունակում է իր ձախավեր ընթացքը։ Այս իրավիճակում մենք հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին, նվիրած ծնողներս, բախվելով անելանելի վիճակների, քաղաքական անելանելիության, բարոյական վարքականոնների փլուզմանը եւ պայքարելով այս ամենի դեմ իրավական մեթոդներով, հանգել ենք այն գիտակցման, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով։

Ուստի մենք՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որոշում ենք ընդունել՝ սկսել ակտիվ պայքար՝ դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ, շարժիչ ուժ։ Եվ հետապնդելով բացառապես ոչ անձնական նպատակ՝ համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին, ում համար թանկ է պետականությունը, հայրենի հողը, որը բառիս բուն եւ փոխաբերական իմաստով ներծծված է մեր որդիների արյամբ։

Այս խորհրդանշական եւ նախկինում հաղթական օրը մենք հայտարարում ենք, որ սկսում ենք նախաձեռնողական պայքար՝ հանուն մեկ նպատակի․ կասեցնել պետականության գահավիժումը եւ Հայաստանը դարձնել զարգացած ու անվտանգ պետություն։ Համադրելով անվիճելի իրողությունները, ինչպես նաեւ մեր անձնական պայքարի դառը փորձը՝ մենք արձանագրում ենք, որ այդ նպատակին հասնելու արդյունավետ եւ իրատեսական բոլոր ծրագրերի գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է։ Ուստի մեր առաջիկա քայլերն են լինելու՝ հասնել կառավարության հրաժարականին, ձեւավորել ազգային կառավարություն, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առկա ռեսուրսների եւ իրական շահակիցների, մեր դարավոր հարեւանների, բարեկամների, դաշնակիցների հետ միասին կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն ՝ այսպիսով ապահովելով մեր պետության շարունակական զարգացումը եւ հասարակական խաղաղ գործունեությունը, կասեցնել համատարած բարոյալքումն ու արժեզրկումը, իսկ հերոսաբար նահատակված զինվորների ծնողների հանդեպ ամրագրել հասարակական ընդգծված հարգանքի եւ պետական երախտիքի ինստիտուտը։ Դա դիտարկում ենք որպես մեր պետության եւ հասարակության գաղափարական եւ քաղաքացիական բարոյական ամենակարեւոր արժեհամակարգի հիմնասյուն։ Այս քայլերին հասնելու համար մենք ավելի քան վճռական ենք, համոզված, որ հենց այդ վճռականության շնորհիվ է հնարավոր հասնել բեկման ու փոփոխությունների։

Մենք բարձր ենք գնահատում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների կատարած այն ահռելի աշխատանքը, որ արվել է 2020  թվականի աղետալի պատերազմից հետո։ Միաժամանակ փաստում ենք, որ այդ պայքարին ինչ-որ բան պակասում էր․ միգուցե՝ վճռականությունը։ Այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր հասարակական, քաղաքական ուժերին՝ միանալ մեր սկսած պայքարին։

Միասին կասեցնենք պետականության անկումը, ապահովենք Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու հաջորդական զարգացումը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « Շուշիի ազատագրումը »՝
    https://haytougchamlian.blog/շուշիի-ազատագրումը/

    . Այս բանախօսական յօդուածին տարածումը՝ այժմու իրականութեան մէջ, կը միտի նաեւ բացատրելու մեր կրած կորուստի բնոյթն ու չափը, տեղի ունեցած Հայոց Աղէտին՝ անասելի տարողութիւնը: Տուեալներ, զորս փաստօրէն շատ մը հայեր տակաւին չեն հասկցած:
    * * *
    Հատուած ՝

    « Շուշիի ազատագրումը, որպէս չափանիշը Արցախի ազատագրական շարժումին, ի միջի այլոց, կ’առնչուի երէք հիմնական տուեալներու` հայ ազգայնականութիւն; հայոց եւ թուրքերու հակամարտութեան պատմութեան մէջ դերերու եւ դիրքերու նոր բաշխում; եւ յետին վերլուծումով՝ հայութեան տիեզերական ճակատագրի հերքում եւ վերաճշդում։

    . Շուշիի ազատագրումով խորհրդանշուող Արցախեան շարժումը արդի յաղթանակն է հայոց ազգային ինքնութեան եւ էութեան, ի դէմ յատկապէս այդ մարզին մէջ դասալքութեան եւ հրաժարումի լայնածաւալ եւ բազմատեսակ հոսանքներուն։

    . Շուշիի ազատագրումը, որպէս էական պատկերացում Արցախի ազատագրական շարժումին, կը բնորոշէ նաեւ նոր դասաւորում մը, սրբագրութիւն մը, հայերու եւ թուրքերու միջեւ պատմական ճակատումին մէջ։

    . Շուշիի ազատագրումը յատկանշող երրորդ յայտնաբերում մը, նախապէս յիշուած տուեալներու լոյսին տակ եւ անոնց հետ առնչաբար, այն հաստատումն է թէ հայը, վերջապէս, յաջողած է ժխտել, եւ վերաճշդումի ենթարկել իր ազգի ճակատագիրը, իր ազգին վիճակուած տիեզերական նախասահմանումը։ »

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031