«Խաղաղության օրակարգ բառակապակցությունը մոլորեցնող է, որովհետեւ այն, ինչ իշխանություններն առաջարկում են, դա գերեզմանային խաղաղություն է, այսինքն՝ հայեր չլինեն, թուրքերի համար լինի խաղաղություն»,- այս մասին այսօր լրագրողներին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որը եկել էր Հակակոռուպցիոն դատարան՝ սատարելու 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Խաչատուրովի գործով նախնական դատական նիստը։
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ անգամ իշխանական քարոզիչները վերջերս «խաղաղության օրակարգ» ձեւակերպումն այլեւս չեն օգտագործում, որովհետև արդեն դրանով մարդկանց խաբել չի լինում։ «Ինչ վերաբերում է Գրիգորի Խաչատուրովի ու ընդհանրապես բանակի գեներալիտետի, ավագ սպայակազմի նկատմամբ հետապնդումներին, սրանք հետեւողական, դիտավորյալ, մտածված, նպատակաուղղված գործողություններ են՝ բանակը թուլացնելու ու քանդելու։ Մտացածին գործերով մարդկանց պահում են ամիսներով, ըստ էության՝ բանակը գլխատված է, որովհետեւ այդ գեներալն այնպիսի մարդ չէ, որ կարող ես հանել, եւ իր տեղը միանգամից նոր գեներալ կհայտնվի՝ նույն փորձառությամբ ու գիտելիքներով։ Մի գեներալ պատրաստելը 15-25 տարի է տեւում, եւ քչերն են հասնում այդպիսի մակարդակի։ Մարդիկ շատ են խոսում թանկարժեք զենքերից, բայց այդպիսի մի շատ թանկարժեք, տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող զենք էլ ամեն մի գեներալն է։ Եթե գեներալին բանակից հանում են, քրեական գործերով ձեռքերը կապում են, հետեւանքն այն է լինում, որ ինչ-որ պահի մենք ուղղակի գեներալ չենք ունենալ բանակում։ Ընդ որում, այն գեներալներն էլ, որոնք համաձայնում են այս իշխանության հետ համագործակցել, ըստ էության իրենց 1-2 տարի առավելագույնը պահում են, հետո ինչ-որ քրեական գործ իրենց վրա են կարում։ Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ համագործակցելով Նիկոլի հետ՝ կարողանալու է այս ժամանակաշրջանը վերապրել, այդպես չէ։ Բոլորի վրա մի քանի հատ քրեական գործ կարելու են, ցուցադրական նստեցնելու են»,- ասաց Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետը հավելեց․ «Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը շատ է շտապում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար հնարավորությունների պատուհան է։ Ընդ որում, ունիկալ, երեւի թե 100 տարի այդպիսի հնարավորություն ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն ունեցել։ Եվ պարզ է, որ հնարավորինս արագ փորձում են դա օգտագործել։ Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, դա ուղղակի բանակի կազմաքանդում է, բանակի փոխարեն նա ստեղծում է իր անձնական անվտանգությունը պահող զուգահեռ բանակ»։
Անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում բանակի փոխարեն սահմանապահ ուժերի տեղակայման որոշմանը՝ Վրթանեսյանն ասաց, որ դա Հայաստանի շահերից չբխող եւ Ադրբեջանի շահերից բխող որոշում է։ «Ադրբեջանցի սահմանապահները դա Ադրբեջանի այլընտրանքային բանակն է՝ 15 հազարանոց ուժ է, որն ունի ծանր տեխնիկա, մարտական փորձ։ Մեր սահմանապահները լրիվ այլ տիպի են։ Ադրբեջանական այսպես կոչված սահմանապահ ծառայությունը, կարելի է ասել, Ադրբեջանի երկրորդ բանակն է։ Եվ այդ ծանր տեխնիկայի դիմաց տանում են մեր շատ թեթեւ սպառազինությամբ, ծանր մարտեր մղելուն ոչ պատրաստ ուժեր»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ