«Ինչի՞ էիր հանձնել, որ հիմա էլ, իբրեւ թե ուզում ես ազատագրես: Նրանք ոչ թե զավթել են, այլ իրենք՝ ինքն ու իր գլխավոր հրամանատարը, հանձնել են. այնպես, որ՝ դատարկ խոսակցություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Միասին» շարժման անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այսօր Եռաբլուրում արած այն հայտարարությանը, որ Շուշին եւ Հադրութը ազատագրելու ենք:
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն այսօր քննարկում էր հրավիրել Նեմեսիսի ասպետների հուշարձանի մոտ՝ արժեւորելու «Նեմեսիս» գործողության պատմական, քաղաքական, իրավական հիմքերը, ոգեկոչելու մայիսյան Եռատոնը:
Արամ Սարգսյանի կարծիքով, ՀՀ այսօրվա իշխանությունները փաստացի բանակցում են նեոերիտթուրքերի հետ:
Հակադարձելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ հայ վրիժառուները եղել են ահաբեկիչներ, որոնք թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին են սպանել, նրան խորհուրդ է տալիս դիտել՝ «Մայրիկ» ֆիլմը՝ հասկանալու համար, թե ի՞նչ եւ ինչո՞ւ է արել Սողոմոն Թեյլերյանը ու ինչպե՞ս է Գերմանիայի դատարանն արդարացրել նրան, իսկ Գերմանիան հայոց ցեղասպանության կազմակերպիչ պետություններից էր:
Կարդացեք նաև
ՀՀ իշխանությանն էլ Արամ Սարգսյանը հարցնում է՝ ու՞մ հետ եք բանակցում, ովքեր շարունակում են սպառնալիքներով ներկայացնել իրենց քաղաքականությո՞ւնը:
Նա կոչ է անում համախմբվել՝ հանուն ազգային արժեհամակարգի պաշտպանության եւ պահպանման ու համոզված է, որ Հայաստանի վերածննդին այլընտրանք չկա. «Միասինի» պայքարը չի կանգնելու, մինչեւ հաղթանակը կտոնվի»:
«Միասինի» անդամները շարժվեցին դեպի դատարան, որտեղ տեղի էր ունենում Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը՝ իրենց սատարումը հայտնելու կալանքի տակ գտնվող գեներալին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ