Լրահոս
Օրվա լրահոսը

20 զինվորի զոհվելու, 1 զինվորի անհետ կորելու գործով դատական նիստում վկայի ցուցմունքը հակասում էր նախաքննական ցուցմունքին

Մայիս 08,2023 17:49

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ցորի զորամասի» գործով նիստում Արցախի ՊԲ ստորաբաժանումներից մեկի հրամանատար Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Վարանդայի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զինվորական մեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, ինչի հետեւանքով առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել․ զոհվել են մարտկոցի 20 զինծառայողներ, իսկ մեկն անհետ կորած է։

Դատարանում այսօր հարցաքննվեց գործով վկա նշված դիվիզիոնի նախկին զինվոր Արգիշտի Բիչախչյանը։ Նրա պատմելով՝ դեպքի օրը ժամը 5-6-ի շրջանում հրաման է տրվել անցնել շրջանաձեւ պաշտպանության․ «Սկսեցինք դիրքավորվել, մեզ կանչեցին էնտեղ, որտեղ սատկոն (զինվորներին տեղափոխող մեքենա, Ն․Բ․) կանգնում էր, դեպի շենքերի մոտ։ Ես ու Խաչիկը Քոչարյան եւ Ազատյան Դավիթը գնացինք շենքի մոտ, հետո թողնել հրաման են տվել, հետո նորից ասել են՝ անցեք շրջանաձեւ պաշտպանության ու էդտեղ սկսվել է ․․․»։

Վկայի պատմելով՝ մինչեւ հակառակորդի հարձակվելը Դավիթ Ազատյանն ասել է՝ գնում եմ «մայկայիս» հետեւից․ «Գնաց։ Ու հարձակվեցին, կրակոցների ժամանակ մեզ կանչել են դեպի սատկոն, Դավիթը հասցրել էր նստել, ես չեմ հասցրել։ Գնացի քանդված շենքի հետեւի մասը։ Գիշերն էդտեղ մնացի։ Առավոտ ժամը վեցի կողմերը էդտեղից դուրս եմ եկել, ճանապարհով քայլել եմ, մեր ավագ սպային եմ տեսել, մոբից երեք հոգի, մի հոգի էլ մեր զինվորներից էր։ Ճանապարհով ահագին գնացինք, էդ տարածքից դուրս էինք եկել, ճանապարհին մեր ավագ սպան կապ էր հաստատել մեր դիվիզիոնի հրամանատարի հետ, մեքենա ուղարկեցին, դուրս եկանք։ Գնացինք սկզբից Կարմիր շուկա, էնտեղից էլ՝ մեր զորամաս։ Մի քանի օր զորամասում մնացինք, հոկտեմբերի 18-ին դուրս ենք եկել գնացել Ասկերանի կենտրոնացման շրջան, մի քանի էդտեղ օր մնացինք ու գնացինք Բալուջա՝ մինչեւ կռվի վերջ»։

Վկան ասաց, որ չգիտի, թե կոնկրետ ով է տվել շրջանաձեւ պաշտպանության հրամանը, ինքը տղաներից է իմացել այդ մասին։

Հարցին՝ այդ ժամանակ Գեւորգ Գեւորգյանը որտեղ էր, վկան պատասխանեց․ «Մենք շենքի մոտ էինք, իրենք՝ դիմացի շենքի մոտ, քանդած շինություն էր։ Սկզբից տեսել եմ իրան, հետո՝ չէ, Գնացել եմ դեպի սատկոն, ու տեսել եմ հակառակորդին»։

Բիչախչյանն ասաց, որ ինքը վազել է դեպի սատկո ավտոմեքենան, բայց չի հասցրել նստել, ձայն է տվել, չեն լսել։

Շրջանաձեւ պաշտպանության անցնելու երկրորդ հրամանից հետո Գեւորգ Գեւորգյանն ի՞նչ գործողություն է արել, վկան չգիտի, ասաց՝ երբ սատկո ավտոմեքենան եկել է, ինքը Գեւորգյանին չի տեսել։ Ասաց նաեւ, որ տեղում Ուրալ ավտոմեքենաներն էլ կային։

Բիչախչյանի պատմելով՝ երբ կրակոցներ են սկսվել, այդ ընթացքում էլ Գեւորգ Գեւորգյանին չի տեսել։

Հարցին՝ արդյոք Գեւորգյանը գործողությունները լավ չէր կոորդինացնում, վկան պատասխանեց․ «Մեզ կանչել էին, գնացել ենք շենքի մոտ՝ երեքով, ու առաջին հրամանի ժամանակ նստած ենք եղել, իրենք էլ առաջին շենքի մոտ էին, երկրորդ հրամանից հետո կրակոցներից հետո իրանց էլ չեմ տեսել։ Պարոն Գեւորգյանը հիմնականում առաջին մարտկոցի հետ էր, ավագ սպայի մոտ»։

Փոխադարձ կրակոցներ են եղել, կա՞ր որեւէ հրամանատար, սպա, որը ղեկավարում էր պաշտպանությունը, այս հարցին ի պատասխան էլ վկան պատասխանեց․ «Ես էդ պահը չեմ տեսել, էդ պահը պուշկեքի մոտ էր, սպաների ձայները չեմ լսել»։

Թե ինչպես է եղել, որ երկրորդ մարտկոցն առանց զոհերի է դուրս եկել, ինչի՞ հաշվին, վկան ասաց․ «Երեւի մեր մարտկոցի փոխարեն էր․․․»։

Նաեւ ասաց, որ ծառայակից ընկերոջ Հայկ Մելիքյանի մասին տեղեկություն չուներ, հետո լսել է, որ հնարավոր է նրա վրայով մեքենա է անցել։

Եթե Գեւորգ Գեւորգյանը մնար էդտեղ, ինչ-որ բան կփոխվե՞ր այդ իրավիճակում, այս հարցին էլ վկան պատասխանեց․ «Հնարավոր կլիներ երեւի ինչ-որ բան․․․հրաման տալ, եսիմ, չգիտեմ»։

Պաշտպանական կողմը նշեց, որ այս հարցի վերաբերյալ հակասություն կա վկայի նախաքննական ցուցմունքում եւ այսօրվա ցուցմունքում։ Պաշտպանի ներկայացրեց նախաքննական ցուցմունքի այդ հատվածն, ըստ որի, նույն հարցին ի պատասխան Բիչախչյանն ասել է՝ կարծում եմ, որ Գեւորգյանն այնտեղ մնալով հազիվ թե կարողանար որեւէ ձեւով օգնել անձնակազմին»։

Գեւորգյանի հրաման տալու մասին էլ դատարանում վկան ասաց, որ չի հիշում, չգիտի կոնկրետ ով է հրաման տվել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում ասել է․ «Այդ ժամանակ Գեւորգյանը մյուս դասակի անձնակազմին հրաման է տվել գնալ ավտոմեքենայի մոտ, որը տեղակայված է եղել հրանոթներից մոտ երկու հարյուր մետր հեռավորության վրա, քանդված տան մոտ»։

Մեկ այլ հակասություն էր ներկայացրեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը, մեջբերելով նախաքննական ցուցմունքից հատված․ «Այդ ընթացքում վարորդները գնացել են մեքենաները մոտեցնելու, մեր դասակի մեքենան Արման Օհանյանը մոտեցրել է քանդված շինության մոտ, որտեղ հավաքված է եղել մեր դասակի անձնակազմը, սակայն չենք նստել, քանի որ տրվել էր թողնել հրամանը։ Շենքի մոտ եղել ենք ես, Դավիթ Ազատյանը, Խաչիկ Քոչարյանը, այդ ընթացքում մեքենայի թափք էին բարձրացել Գրիգոր Վարդանյանը, Սամվել Ամիրյանը, Յուրա Դավթյանը։ Մեր մեքենան չի վերադարձել իր նախկին դիրք, այլ մնացել է երկու քանդված շինություններից առաջինի մոտ, որն ավելի մոտ էր երկրորդ մարտկոցին։ Մենք եղել ենք մյուս շենքի մոտ, որը հեռու է եղել առաջին շենքից մոտ հիսուն մետր, վարորդը մնացել է մեքենայի մոտ։ Չեմ տեսել՝ Գեւորգյանն իջե՞լ է մեքենայից, թե՝ ոչ։ Մենք բավականին հեռու ենք եղել, կրակային դիրքը թողնելու հրամանը չեղարկվել է իմ հիշելով՝ մոտ տասը-տասնհինգ րոպե հետո»։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն այս առնչությամբ ընդգծեց՝ իսկ այսօր ցուցմունք տալիս վկան ասաց, որ մեքենայի գալ- գնալու մասը չի հիշում։

Բիչախչյանի հարցաքննությունն այսօրվա դատական նիստում ավարտվեց, մյուս վկան չէր ներկայացել, ուստի նիստը հետաձգվեց մայիսի 29-ին, ժամը 12:30-ին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031