Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցեր. Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը

Մայիս 08,2023 17:37

Լոնդոնում մեկնարկել է կրթության համաշխարհային համաժողովը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Համաժողովն անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո և համախմբում է ոլորտի ղեկավարներին:

Կրթության համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են «Educational Testing Service» (ETS) ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանրակրթական դպրոցների կրթական մակարդակների անցումների գնահատման, մասնավորապես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչին համահունչ տարրական դպրոցից միջին, միջինից ավագ և ավարտական քննությունների կազմակերպման ու գնահատման ուղղություններով համագործակցության վերաբերյալ հարցեր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի ուսանողների գնահատման ուղղությամբ համագործակության հնարավորությանը, հատկապես ընդունելության, ուսումնառության ընթացքում առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների մասնագիտական զարգացման և ուսումնառության վերջին տարում կարիերայի նախապատրաստման գնահատման ուղղություններով: Միջազգային գործընկերների կողմից ներկայացվել է նաև «PIAAC» համակարգի միջոցով կազմակերպվող մեծահասակների գրագիտության գնահատման համակարգը:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով՝  «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում:

Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցում են ավելի քան 118 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1000 պատվիրակ ամբողջ աշխարհից:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031