Լրահոս
Օրվա լրահոսը

«Քերում են մեր հիշողությունից մեր կյանքը, մեր ազգային դիմագիծը». Սերժ Սրապիոնյան

Մայիս 08,2023 17:27

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն այսօր քննարկում էր հրավիրել Նեմեսիսի ասպետների հուշարձանի մոտ՝ արժեւորելու «Նեմեսիս» գործողության պատմական, քաղաքական, իրավական հիմքերը, ոգեկոչելու մայիսյան Եռատոնը:

Շարժման անդամ, դոցենտ Սերժ Սրապիոնյանը համարում է, թե հատուկ ծրագրված է, երբ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հողերը տալու մեջ մեղադրում է սփյուռքահայերին: Նման թեզ նա հնչեցրեց Չեխիայում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Ես սպասում եմ, մինչեւ կհասնի Տիգրան Մեծին»,- հեգնեց Սերժ Սրապիոնյանը:

Նա նկատում է. «Եթե թուրք պաշտոնյան մտահոգություն էր հայտնում՝ Հայաստանում նման հուշարձանի կառուցման համար, Հայաստանի «ոչ բարով» պաշտոնյան պետք է թալեաթների, էնվերների եւ մյուս մարդասպանների անուններով փողոցները մատնանշեր, որոնք 1,5 միլիոն մարդու են հոշոտել: Բայց մտահոգություն արտահայտում է Հայաստանը ոչ բարով ներկայացնող պաշտոնյան: Սա նշանակում է՝ արդեն ակնարկն արված է այս հուշարձանի, վաղը ակնարկը կարվի եւ նրանք արդեն իսկ բզբզում են՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քանդելու վերաբերյալ. պատճառներ են բերում…1965-67 թվականից երկրաբանները, ճարտարապետները մտահոգություն չեն հայտնել, թե այդ հուշարձանի տակ խոնավություն կա, որը սպառնում է հուշարձանին: Հիմա, այդ պատճառաբանությունը բերել են, որն ապացուցելի չի եւ որոշել են վերանորոգեն: Իսկ սրանց վերանորոգումը պետք է հասկանալ, որպես քանդում, որովհետեւ քերում են մեր հիշողությունից մեր կյանքը, մեր ազգային դիմագիծը»:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ ասաց՝ որքան էլ փորձում են խլել մեր տոները, սգով պատել Հայոց աշխարհը՝ մենք գտնում ենք միաբանվելու եւ ազգ դառնալու ճանապարհը, ուղենիշ ընտրելով ազգային գաղափարները, որպես ուղղորդիչ ուժ. «Մենք հիմա մի հուշարձանի մոտ ենք, որտեղ հայոց արժանապատվությունն է վեր խոյանում, որտեղ այն հերոսներն են, որոնք եկան ասելու՝ ովքեր կփորձեն հայի հետ վարվել անիրավ կերպով՝ շանսատակ են լինելու: Պատահական չէ, որ հայ դավաճանները նույնպես խառնվել են իրար, հուշարձանը նաեւ իրենց է վտանգում: Հուշարձանը սթափության է մղում ողջ հայությանը՝ մի սպասեք, որ լինեն նոր ցեղասպանություններ, որ միաբանվեք ու որոշենք՝ դրա պարագլուխներին շանսատակ անենք: Մենք պետք է կարողանանք մեր ազգային դիմագիծը պահել: Այն ժամանակ, երբ տրոհված չէինք սեւերի եւ սպիտակների, գնդակահարված Ջեմալի թոռը եկավ Հայաստան, մոտեցավ գնդակահարողի թոռին՝ Արմենին եւ միասին համերաշխության ձեռք սեղմեցին. իր պապն էր շանսատակ եղել, բայց նա հասկացել էր ճշմարտությունը: Այս հուշարձանը նաեւ ճշմարտությունը վերականգնող հուշարձանն է, թող որեւէ մեկը չփորձի այստեղ նսեմացումներ փնտրել: Սա ոճրագործների դեմ հուշարձան է եւ եթե աշխարհը պաշտպանում է ոճրագործներին, ուրեմն, այո, նա չի կարող ընդունել նման հուշարձաններ, որտեղ մարդու կերպարներ են. նրանք միջազգային դատարաններում անգամ չդատապարտվեցին, որովհետեւ կատարել էին համամարդկային գործ՝ ոճրագործին էին շանսատակ արել»:

Խաչիկ Մանուկյանը նաեւ զգուշացնում է՝ թող որեւէ մեկը չփորձի այս հուշարձանի արժեքը հավասարեցնել ինչ-որ «ողորմելի քաղաքական գործիչների» հայտարարությունների հետ:

«Մենք պիտի վերականգնենք մեր տոները, զարթոնքը լինելու է հայոց Եռաբլուրի քաջերի ոգու վերածնունդով»,- վստահ է Խաչիկ Մանուկյանը, որի որդին՝ Վաչագանը, զոհվեց 44-օրյա պատերազմում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում ասել էր, որ Հայաստանի համար օդային տարածքը փակել են՝ ի պատասխան «Նեմեսիսի» հուշարձանի բացման:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031